«Խոշոր բիզնեսի ներդրումը բյուջեում մեծ է, բայց փոքր է աշխատաշուկայում». Գ. Մակարյան
«Հայաստանի աշխատաշուկան բավականն տարբերվում է այլ երկրների աշխատաշուկայից և ունի որոշակի առանձնահատկություններ»,- ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, այսօր այն շունչը չկա, ինչ կար խորհրդային տարիներին՝ արդյունաբերական ձեռնարկությունների աշխատելու պայմաններում:
Նրա բնորոշմամբ՝ այս պայմաններում «քիչ աղմկոտ» աշխատաշուկա ունենք, արդյունաբերական ձեռնարկությունները գտնվում են մարզերում, դրանց աշխատողների թվաքանակը փոքր է՝ մոտ 60 հազար, շուրջ 190 հազար պետական հատվածում, 220 հազարը մասնավոր հատվածի փոքր ձեռնարկություններում է աշխատում:
«Փոքր բիզնեսը փոքր ներդրում ունի բյուջեում, բայց մեծ ներդրում աշխատաշուկայում և հակառակը՝ խոշոր բիզնեսի ներդրումը բյուջեում մեծ է, բայց փոքր է աշխատաշուկայում»,- ասաց Գ.Մակարյանը՝ կարևորելով հավասար մրցակցության ապահովումը, քանի որ եթե բիզնեսը չի կրողանում մրցակցել, փորձում է ստվերային աշխատուժի և այլ ծախսերի կրճատման արդյունքում իր բիզնեսը շահավետ դարձնել:
Թեև, նշեց Մակարյանը, ըստ որոշ հաշվարկների, ստվերային աշխատուժը ՀՀ-ում 20% է կազմում: Նրա խոսքով՝ ՀՀ-ում աշխատանքային պայմանագրեր կնքելու մշակույթը տարածում չի գտել, գործարարն ինքը չի պատկերացնում ամբողջությամբ, թե ինչու պետք է պայմանագիր կնքի, աշխատողներն էլ չեն պատկերացնում, թե ինչ սոցիալական օգուտներ կարող են ունենալ օրինական պայմանագիր ունենալու դեպքում:
Մակարյանը բերեց կենսաթոշկային համակարագի ներդրման օրինակը, որի պատճառով շատերն իրենք գերադասեցին ստվերային դաշտ անցնել, քան վճարել 5%-ը: «Գործազրկությունը մեզ մոտ պաշտոնական տվյալներով շուրջ 17% է, բայց իրականում ավելի բարձր է»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ ԱՄԿ չափանիշներով, գործազուրկ է համարվում նաև ժամանակավոր զբաղվածություն ունեցող անձը: