
Ադրբեջանում շարունակում են կալանավորել նախկին բարձրաստիճան զինվորականներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվել ապա 3 ամսով նախնական կալանքի է դատապարտվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գիտահետազոտական կենտրոնի նախկին ղեկավար Էլչին Խալիլովը:
Նրան մեղադրել են ծառայողական լիազորությունների չարաշահման ու պետական միջոցները վատնելու մեջ: Զինդատախազության իրաանացրած հետազոտության ժամանակ խախտումներ են ի հայտ եկել ՊՆ-ի Գիտահետազոտական կենտրոնի գործունեության մեջ:
Խալիլովին մեղադրանքներ են ներկայացրել 308.2 (ծանր հետևանքների հանգեցրած ծառայողական լիազորությունների չարաշահում) և 179.3.2 հոդվածով (խոշոր չափի միջոցների յուրացում կամ վատնում): Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:
Խալիլովը Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ էր տվել 2013 թվականի հոկտեմբերին՝ ռազմական գերատեսչության ղեկավարի փոփոխումից հետո: Խալիլովը ՊՆ-ի արդեն երրորդ նախկին բարձրաստիճան ներկայացուցիչն է, որին կալանքի տակ են վերցրել վերջին մեկ ամսում:
Ապրիլի 3-ին Ադրբեջանում կալանավորել էին Ադրբեջանի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, ռազմածովային ուժերի հրամանատարի նախկին պաշտոնակատար, առաջին կարգի կապիտան Յունուս Մամեդովին: Նրան մեղադրել են մեքենայությունների ու պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեջ:
Ապրիլի 24-ին ծառայողական լիազորությունների չարաշահման ու խոշոր չափի գումարներ յուրացնելու մեղադրանքներով Ադրբեջանում կալանավորել էին ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովին:
Ընդգծվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում Զաքիր Հասանովի նշանակվելուց հետո զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ է տվել մոտ 2 տասնյակ բարձրաստիճան զինվորական: Դիտորդները չեն բացառում, որ դեռ կլինեն զինվորականների նոր ձերբակալություններ: