«Չի բացառվում, որ ՌԴ-ն հայ-ադրբեջանական լայնածավալ բախում հրահրի, որը թույլ կտա ավելացնել նավթային եկամուտները». Արմեն Գրիգորյան. «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը։
– Պարոն Գրիգորյան, Ժնևում օրեր առաջ ավարտվեցին Ուկրաինայի շուրջ քառակողմ բանակցությունները, որոնց արդյունքներով Ուկրաինայում լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մի շարք միջազգայնագետներ ասացին, որ նման պայմանավորվածությամբ Արևմուտքը Ուկրաինան հանձնեց Ռուսաստանին։Ուկրաինայի շուրջ նման պայմանավորվածություններն ինչպե՞ս կանդրադառնան ավելի պակաս ազդեցություն ունեցող ԱլԳ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա։
– Ինչ վերաբերում է Ուկրաինան Ռուսաստանին հանձնելուն՝ ես այդքան հոռետես չեմ։ Իհարկե, Ռուսաստանը պայմանավորվածությունները հարգելու ցանկություն չունի, ինչպես նաև կաշկանդված չէ ժողովրդավարական պրոցեդուրաներով՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի անդամ երկրների, այսինքն՝ կարող է արագ գործել միանձնյա ընդունվող որոշումների հիման վրա։ Սակայն պատժամիջոցների մեխանիզմը գործում է՝ թեկուզ առայժմ դանդաղորեն։ Խիստ կարևոր է նաև Ուկրաինայի դիրքորոշումը և ինքնապաշտպանության դիմելու պատրաստակամությունը։ Յանուկովիչի կառավարման շըջանում եղած թալանի հետևանքով փաստորեն կազմալուծված բանակն այժմ վերակազմավորման փուլում է՝ աշխարհազորի կազմավորման հետմեկտեղ։ Առայժմ լրջագույն խնդիր է մնում բանակում և իրավապահ մարմիններում ռուսական գործակալների առկայությունը, այդ ուղղությամբ էլ բարդ աշխատանք պահանջվում։
Մոլդովայի վիճակը Ռուսաստանի հետ անմիջական սահմանի բացակայության շնորհիվ համեմատաբար բարվոք է՝ չնայած տեղի ունեցող սադրանքներին, քանի որ Ուկրաինայի տարածքում լայնածավալ առաջխաղացման դեպքում Ռուսաստանն արդեն իրական պատժամիջոցների կենթարկվի։ Վրաստանն ավելի բարդ վիճակում է, քանի որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածք ներխուժելը և խողովակաշարերի նկատմամբ վերահսկողություն հաստատելը բավականաչափ հնարավոր սցենար է։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին՝ ինքնամեկուսացվել է կոռումպացված իշխանության կողմից, որի համար ավելի նախընտրելի է Ռուսաստանի վասալի կարգավիճակը, քան ժողովրդավարացումը և օլիգարխիկ համակարգը թուլացնող բարեփոխումները։ Դրա հետևանքով Հայաստանն օբյեկտի է վերածվել, և եթե ընդունենք, որ հնարավոր է Հայաստանի հաշվին գործարք՝ այն կարող է լինել ոչ թե Արևմուտքի և Ռուսաստանի, այլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
– Արևմուտք-ՌԴ– ընդհատակյա հակամարտության ընթացքում ՌԴ-ն տաքացնում է տարածաշր ջանային տարածքային հակամարտությունները, ինչպիսին Մերձդնեստրն է, կան խոսակցություններ նաև Լեռնային Ղարաբաղի մասին։ Բացառո՞ւմ եք, որ ռուսական էքսպանսիայի հաջորդ ուղղությունը կլինի Անդրկովկասը, և Ղարաբաղի շուրջ նման կանխատեսումները որքանո՞վ են իրատեսական։
– Հնարավոր չէ դա բացառել, քանի որ Հարավային Կովկասն առհասարակ միակ տարածաշրջանն է, որտեղ Ռուսաստանը բավականաչափ լծակներ ունի ապակայունացման և նավթի գնի աճ ապահովելու համար։ Արդեն նշել եմ Վրաստան ներխուժելու հնարավորության մասին, իսկ մյուս տարբերակը հայ-ադրբեջանական լայնածավալ բախում հրահրելն է, որի ընթացքում պետք է վնասվեն խողովակաշարերը և այլ ենթակաոուցվածքներ, ինչից հետո Ռուսաստանը որպես «խաղաղարար» հանդես գալու հնարավորություն կստանա։ Այդ երկու սցենարներից յուրաքանչյուրը Ռուսաստանին թույլ է տալիս ավելացնել կենսական անհրաժեշտություն ունեցող նավթային եկամուտները և ամբողջ Հարավային Կովկասի, նաև Աֆղանստանից տարանցիկ ուղու նկատմամբ վերահսկողություն հաստատել՝ միաժամանակ ՆԱՏՕ-ին զրվելով դեպի Կենտրոնական Ասիա ճանապարհից։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։