Հայերին ցավակցություն հայտնելը չպետք է դիտարկել որպես թուլության նշան. Դավութօղլու
Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին վարչապետ Ռեջեփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձին.
«Ցավակցություն հայտնելը հանդիսանում է մեր մշակույթի մասնիկ: Ցավակցություն հայտնելը չպետք է դիտարկել որպես թուլության նշան: Մարդասիրական նկատառումներից է բխում ասելը, որ «ես հասկանում եմ ու հարգում եմ քո զգացմունքները»:
Մենք չենք ակնկալում, որ մեզ կցավակցեն՝ կապված ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, Armenian Secret Army for the Liberation of Armenia) կողմից թուրք դիվանագետների սպանության հետ»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի վերջին թուրքական Taraf թերթը գրել էր, որ 1996 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցած «Սուսուրլուքի վթարի» գործով կասկածյալ Այհան Չարքընը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ.
«Ես կոչ եմ անում բացել «ԱՍԱԼԱ»-ի գործի արխիվները: Եթե դուք դա անեք, ապա կտեսնեք, որ մեր դեսպանների մի մասին սպանել է ոչ թե «ԱՍԱԼԱ»-ն, այլ` Թուրքիայի «խորքային պետությունը»»: