Լավագույն հուշարձանը զարգացող ու բարեկեցիկ Հայաստանը կլիներ. «Առավոտ»

Երևի արդեն պարզ է, որ խոսքս այսօր չէր կարող չվերաբերել ապրիլի 24-ին և ցեղասպանությանը։

Այսուհանդերձ, հարկ եմ համարում ասել, որ ինձ համար վաղուց արդեն անընդունելի են ամեն տարի այս օրը հնչող լալահառաչ ու սրտաճմլիկ նախադասությունները, որոնցով, կարծես իրար հետ մրցակցելով, հատկապես աչքի են ընկնում երկրիս պաշտոնյաները՝ Բաղրամյան 26-ից մինչև կառավարության շենքերում նստողները։

Պեղում ու գտնում են, իրենց կարծիքով, զգայացունց արտահայտություններ, և իրենց թվում է, թե ղրանով ազդում են աշխարհի ու մարդկանց զգացմունքների վրա, դրանով աոավելագույնս են հարգում Ցեղասպանության զոհերի հիշատակը կամ մղում աշխարհին՝ հարգելու ձեզ։

Այդ ճառերից, Եղեռնի զոհերի հուշարձանին հավուր պատշաճի կատարած այցից ու ծաղկեպսակ դնելուց մեկ օր անց նրանք շարունակում են իրենց բուռն գործունեության պատրանքը, որի արդյունքը ոչ թե դրական է, այլ, համենայնդեպս՝ վերջին տարիներին, ավելի շատ՝ բացասական։

Բացասական՝ Հայաստանի համար, իհարկե։ Դրական է միայն իրենց համար, բավական է նայել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը, և կտեսնեք, որ համատարած աղքատացման ֆոնին նրանց բոլորի ունեցվածքն ու եկամուտները աճում են եթե ոչ աստղաբաշխական թվերով, ապա առնվազն թվաբանական պրոգրեսիայով։ Դե, ղա բնական է. հայտնի է, որ աշխարհում ոչինչ չի կորչում՝ եթե մի տեղ պակասում է, մի այլ տեղ ավելանում է։ Այսինքն՝ բնակչության մեծամասնությունն աղքատանում է, իսկ նրա կորցրածը հայտնվում է մի քանի տոկոս կազմող պաշտոնյաների և օլիգարխների բանկային հաշիվներում։

Իրենք հարստանում են՝ բնակչությանը «կերակրելով» հույսով։ Ասում են՝ մի քիչ սպասեք, բարեփոխումների արդյունքի շուտով կզգաք։ Այ, կառավարությունում կան լիքը եվրոպական կրթություն ստացած երիտասարդներ, նրանք կապահովեն…

Գուցե և այդպես է։ Բայց երբ այդ նույն երիտասարդը հայտնվում է ոչ բարձր պաշտոնում ու, մոռանալով Եվրոպայում իր սովորածը, շարունակում է աշխատել այն ձևով, ինչ իր նախորդը՝ ոչ եվրոպական կրթությամբ, ավելին, երբ այդ եվրոպական կրթություն ստացածը դաոնում է սովորական մի չինովնիկ, սովորական մի կոռուպցիոներ, սովորական մի օլիգարխ՝ մոռանալով իր եռանդը նախորդների թալանը շարունակելով ավելի քաղաքակիրթ ձևերով, ես միշտ հիշում եմ (թող ոչ ոք չնեղանա), երիտթուրքեերն էլ էին եվրոպական կրթություն ստացած ու փողկապ կապող ջահելներ։

Արդ, զգայացունց խոսքերի, պոպուլիստական ճառերի և հույսով կերակրելու փոխարեն հարկ է ընդամենը անել պարզագույն բաներ՝

– չկեղծել ընտրությունները

– կաշառքով հարցեր չլուծել

– հնարավորության տալ մարդկան սեփական աշխատանքով ապահովելու սեփական ընտանիքի բարեկեցությունը

– հարկային քաղաքականությունը պարզեցնել այնպես, որ մարդը հասկանա, թե ինչի համար է վճարում և ինչքան

– ապահովել դատական համակարգի իրական անկախությունը

– ոստիկաններին սովորեցնել հարգել երկրի քաղաքացուն

– նույնը հասկացնել պաշտոնյաներին՝ «ժեկի» պետից մինչև նախարար

– ապահովել օրենքի աոջև բոլորի հավասարությունը

– ոչ թե գնալ և հարգել զոհերի հիշատակը, հետո հայտարարել, թե, ասենք, բնակչության 80 տոկոսը դեմ է այս օրենքին, բայց մենք դա իրականացնելու ենք, այլ անսալ բնակչության ձայնին և վերացնել պարտադիր կուտակային թալանը…

Մնացածը թվարկեք ինքներդ։

Այդ դեպքում Հայաստանը կդառնար մարդկանց ապրելու համար լավագույն երկրներից մեկը, և նման երկրից կպակասեր արտագաղթը (որը նույն եղեռնն Է՝ քաղաքակիրթ աքսորի տեսքով)։

Մեսրոպ Հարությունյան

Կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս