
ԱՄՆ-ը դեռ չի դիտարկում անձամբ Պուտինի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դեռ չի դիտարկում անձամբ Ռուսաստանի նախագահի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ ընկերությունների ու տնտեսության ոլորտների հանդեպ: Սակայն նպատակը ոչ թե պատժամիջոցներն են, այլ՝ իրավիճակի ապաէսկալացումը: Դիտարկվում են մի շարք անձինք, դեռ կան շատ անձինք, որոնց դեմ կարող են սահմանվել պատժամիջոցներ, նախքան մենք կքննարկենք նախագահ Պուտինի հարցը»:
Փսակիի խոսքերով՝ ԱՄՆ-ի իշխանությունների սահմանած պատժամիջոցներն օգնում են Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը: Սրանից առաջ The Times թերթը գրել էր, որ ԱՄՆ-ը կարող է սառեցնել շվեյցարական բանկերում Պուտինի հաշվեհամարներում առկա 40 միլիարդ դոլարը: