Որքանով է ավելացել Տիգրան Սարգսյանի կարողությունը
Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունը ղեկավարեց 6 տարի: Այս ընթացքում ի՞նչ փոփոխություն կրեց Սարգսյանի ունեցվածքը: Հարկ է հիշել, որ նախքան վարչապետի պաշտոնում նշանակվելը, Տիգրան Սարգսյանը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը և հասցրել էր զգալի ունեցվածք կուտակել: Ըստ հայտարարագրերի՝ այս տարիների ընթացքում նրա բանկային հաշիվներում գումարների չափը դինամիկ փոփոխվել է:
Այսպես՝ 2008 թ-ին, երբ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, նրա բանկային հաշվին եղել է 17 մլն 247 հազար դրամ և 22 հազար դոլար, 2009 թ-ին դրամային հաշիվը չի փոփոխվել, իսկ դոլարայինն ավելացել է 116 դոլարով: Դրանից հետո Տ.Սարգսյանի բանկային գումարները սկսել են արագությամբ աճել: 2010-ին նա ունեցել է 23 մլն դրամ և 778 հազար դոլար, 2011-ին՝ 35 մլն դրամ և 859 հազար դոլար:
2012թ-ին ԱԺ ամբիոնից Տիգրան Սարգսյանին մեղադրանք ներկայացվեց, որ ճգնաժամի տարիներին նրա եկամուտները կտրուկ ավելացել են: Գուցե դա էր պատճառը, որ 2012 թ. վերջում նրա բանկային հաշվին դրամային միջոցներն ավելի կտրուկ կերպով նվազեցին՝ հասնելով 12 մլն 674 հազար դրամի, թեև դոլարայինը կրկին աճել էր՝ կազմելով 920 հազար 823 դոլար: Այս միտումը պահպանվել է նաև անցած տարի: 2013 թ-ի վերջում Սարգսյանը բանկում ուներ միայն 5.5 մլն դրամ և 952 հազար 563 դոլար:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած տարի վարչապետ Տիգրան Սարգսյանի եկամուտները կազմել են 36 մլն 423 հազար դրամ, որից 3 մլն 344 հազարը աշխատավարձն է, 210.5 հազար դրամ ստացվել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից (ենթադրաբար՝ դասախոսությունների վարձատրությունն է), իսկ մնացածը՝ ավանդների տոկոսագումարն է:
Տիգրան Սարգսյանի տիկնոջ՝ Գոհար Սարգսյանի ֆինանսական միջոցներն անցած տարի միայն աճ են արձանագրել: Հայտարարագրի համաձայն՝ 2013 թ-ի սկզբում բանկում ունեցած 138 հազար 734 դոլարը տարեվերջին հասել է 149 հազար 875 դոլարի, նաև ավելացել է եվրոյի հաշվեհամար՝ 30 հազար եվրո գումարով: Սարգսյանի տիկնոջ եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 5000 եվրո, որը նախորդ տարվա համեմատ կրկնակի կրճատվել է և ավանդի տոկոսադրույքներից՝ մոտ 4.5 մլն դրամ:
Նշենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, որով արգելվում են պաշտոնյաների անձնական տվյալների հրապարակումը (օրինակ՝ անձնագրային տվյալներ, կամ բնակության հասցեներ), Էթիկայի հանձնաժողովն էլ պետք եղածից շատ էր «ջանացել» և հայտարարագրերը հրապարակում էր դրանց շատ տողերը փակելուց հետո միայն, այդ թվում՝ փակելով անշարժ ու շարժական գույքի, թանկարժեք իրերի վերաբերյալ տեղեկությունները, իսկ նոր համակարգ ներդնելուց հետո ընդհանրապես հասանելի են միայն ֆինանսական միջոցների և եկամուտների չափի մասին տեղեկությունները: