Անկարայում ձերբակալվել է և կարող է արտաքսվել ադրբեջանցի հանրահայտ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Անկարայում երեկ ձերբակալվել է Ադրբեջանի առաջատար ռուսալեզու «Զերկալո» թերթի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը: Նրա կինը Turan-ին հայտնել է, որ ոստիկանները ստուգել են իր ամուսնու փաստաթղթերը, ինչից հետո նրան տարել են իրենց հետ:
Երբ Միրկադիրովը հարցրել է, թե ինչումն է բանը, ոստիկանները նրան հայտնել են, որ նրա փաստաթղթերը ժամկետանց են: Միրկադիրովը, սակայն, պնդել է հակառակը, որ նա Թուրքիայում բնակվելու իրավունք ունի մինչև տարեվերջ: Դրանից հետո ոստիկանները նրան ասել են, որ տանում են ոստիկանատուն:
Նրա կնոջն ասել են, որ Միրկադիրովին արտաքսելու են երկրից` չբացատրելով պատճառը: Ընդգծվում է, որ Ռաուֆ Միրկադիրովն արդեն 3 տարի իր ընտանիքի հետ բնակվում է Անկարայում:
Նա ակտիվորեն հոդվածներ է գրում միջազգային թեմաներով և դրանցում քանիցս քննադատել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությանը: Անկասկած է, որ Միրկադիրովի ձերբակալման ու հնարավոր արտաքսման իրական պատճառը նրա լրագրողական գործունեությունն է:
Այս տարվա փետրվարին Թուրքիայից արտաքսվել էր ադրբեջանցի մեկ այլ լրագրող, 27-ամյա Մահիր Զեյնալովը: Նա աշխատում էր որպես թուրքական Today Zaman թերթի թղթակից: Զեյնալովին Թուրքիայից արտաքսելու համար հիմք էր հանդիսացել այն, որ նա Twitter-ի իր միկրոբլոգում քննադատել էր Էրդողանին: