Բաժիններ՝

Միքայել Մելքումյան. 10 քայլ՝ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հաղորդագրություն է տարածել, որում  ներկայացրել է այն 10 քայլերը, որոնց իրականացման արդյունքում հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար: Դրանք ենք՝

  1. Չեղյալ համարել հանրային դժգոհություն ներկայացնող որոշումները (պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, կարմիր գծեր, արագաչափեր, տրանսպորտի գնի հնարավոր թանկացում և այլն):
  2. Փոքր և միջին ձեռնարկություններին երեք տարով ազատել բոլոր հարկերից (բացառությամբ՝ եկամտային հարկի),  այդ թվում՝ տարեկան մինչև 58.35 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկը սահմանել՝  0%, իսկ 58.35 մլն ՀՀ դրամից 100 մլն ՀՀ դրամ շրջանառություն տնտեսավարող սուբյեկտների համար՝ 2%, դադարեցնել արտոնագրային վճարների գործողությունը: Չմանրամասնելով փոքր և միջին ձեռնարկատիրության նպատակային աջակցության գործիքակազմը՝ նշենք միայն դրանցից մեկը. անցած 2 տարիների ընթացքում ՀՀ-ում փակվել են 3000-ից ավելի փոքր մանրածախ առևտրի օբյեկտներ (տարբեր պատճառներով): Ժամանակն է, որպեսզի խոշոր սուպեր և հիպեր մարկետները, օրինակ, կիրակի օրերին կամ ամեն օր երեկոյան ժամը 21:00-ից հետո չաշխատեն, որպեսզի գործեն փոքր օբյեկտները:
  3. Հետաձգել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վճարումը առնվազն 90 օրով:
  4. Պետությունը պետք է երաշխավորի ներդրումների նվազագույն եկամտաբերությունը:
  5. Բանկային վարկերի տոկոսադրույքները կտրուկ իջեցնել և սահմանել վերին շեմ՝ ոչ բարձր, քան 12 %-ն է:
  6. ՀՀ յուրաքանչյուր մարզում ստեղծել առնվազն մեկ արդյունաբերական գոտի ազատ տնտեսական գոտու և հարկային արտոնությունների ռեժիմով. արտահանմանը միտված արդյունաբերական արտադրանքի թողարկմանը միտված վարկերի սուբսիդավորման չափը հասցնել վարկերի գործող տոկոսադրույքների կեսին:
  7. Պետական բյուջեի հաշվին գյուղացիական վարկերի սուբսիդավորման չափը 3-4 %-ից հասցնել 7-8 %-ի:
  8. Կազմակերպել համաշխարհային հայկական տնտեսական համաժողով՝ համահայկական հիմնադրամ ձևավորելու և ՀՀ խոշորածավալ ներդրումներ ներգրավելու նպատակով.  5-7 մլրդ ԱՄՆ դոլար՝ այդ ներդրումների անվտանգությունը երաշխավորելով Հայաստանի Հանրապետության կողմից:
  9. Արմատապես բարեփոխել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը և ընդունել հակամենաշնորհային քաղաքականության մասին օրենք՝ ապահովելով մրցակցային հարաբերությունների նոր, ժամանակի պահանջին համապատասխան իրավիճակ՝ բացառելով սովորական մենաշնորհների գոյությունը: Տարիներով ձևավորված ներկրման մենաշնորհների անցանկալի իրավիճակը հաղթահարել միմիայն համապատասխան օրենքների ուժով, այլ ոչ թե քաղաքական որոշումների՝ ոչ տնտեսական բնույթի գործիքների ճնշմամբ՝ ապահովելով գործող մենաշնորհների ազատականացումը:
  10. Պետական մարմինների այն ներկայացուցիչներին, որոնք կգերազանցեն իրենց լիազորությունները և/կամ կմիջամտեն ձեռնարկատերերի գործունեությանը նախատեսել օրենքով սահմանված ամենախիստ պատժամիջոցները:

Վերոնշյալ միջոցառումների իրականացումը արդյունավետ կարող է լինել միմիայն ՀՀ-ում սեփականության ինստիտուտի անձեռնմխելիության պահպանման, իրական ազատական «խաղի կանոննների» հստակ սահմանման և քաղաքական որոշումների ընդունման մենաշնորհների բացառման պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս