«Արթուր Բաղդասարյանին ընդունում են որպես հայհոյանքի մի տարատեսակ». ընդդիմադիրների գնահատականները` ՕԵԿ-ի հայտարարությանը

«Ես զարմանում եմ, որ Դուք լուրջ եք ընդունում, թե իրենք են հայտարարում. դա իրենց ասել է իրենց հայրը` Սերժ Սարգսյանը, իրենք էլ պետք է հայտարարեն»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի «Օրինաց Երկիր» «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ ) երեկվա հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի քաղխորհուրդը երեկ տարածեց հայտարարություն այն մասին, որ նպատակահարմար չի համարում հետագա անդամակցությունը Հանրապետական կուսակցության հետ իշխանական կոալիցիային:

Պետրոս Մակեյանի կարծիքով` ՕԵԿ-ի այս քայլը պատահական չէ, և իշխանությունը, նրան ընդդիմություն դարձնելով, նախապատրաստում է 2017 թ. Ազգային ժողովի ընտրություններին` այդ ընթացքում փորձելով հասնել սահմանադրական փոփոխությունների և անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին:

Makeyan«Ես հիշում եմ` 1997-98 թթ. Սերժ Սարգսյանը, լինելով Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարար, տարածաշրջանի բոլոր ոստիկանապետերին լծել էր այդ կուսակցությունը համալրելու և կազմավորելու գործին: Նա շատ արդյունավետ կերպով օգտագործեց Արթուր Բաղդասարյանին: Շատ ճարտար լեզու ունեցող տղա է` բոյով, սիրուն, ջահել, 2008-ին էլ մարսեց կրակոցները` նույն այդ տղայի միջոցով: Հիմա վերջին փուլն է, և այդ կրակոցները, սպանությունները, դիզված ունեցվածքը մարսելու համար պետք է պատրաստեն պաշտպանական շիթերը, չէ՞,- նշեց Մակեյանը:- ՕԵԿ-ը ոչինչ չի կարող որոշել, բայց տասը տարի օգտվել են իշխանության կերակրամանից, Արթուր Բաղդասարյանը դարձել է երկրի ամենախոշոր օլիգարխներից մեկը: Հիմա դուրս գալու համար մի քաղաքական պատճառ, հիմնավորում պետք է ասե՞ն, թե՞ չէ»:

Կարդացեք նաև

Արդյո՞ք իշխանությունը փորձում է կրկնել 2008 թ. նախընտրական սցենարը, երբ Արթուր Բաղդասարյանը նախ դարձավ ընդդիմություն` նախագահական ընտրություններին ստանալով շուրջ 300 հազար ձայն, հետո կրկին միացավ իշխանությանը: Ի պատասխան մեր այս հարցադրմանը` Պ. Մակեյանը ասաց. «Չէ, մի բան պետք է հաշվի առնենք` եթե հաջորդ ընտրություններին գործեց դասական հայկական ընտրական համակարգը, ժողովրդի քվեն որևէ նշանակություն չի ունենալու:

Եթե իրենք Արթուրիկին դարձնում են ընդդիմություն, և 2015-16 թթ. հաջողվի անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, ընդդիմադիր դաշտի հաշվին Արթուրիկին գրելու են 5-6 տոկոս, և նա կրկին խորհրդարանում դառնալու է Սերժ Սարգսյանի հենարանը: 2-3 տարին ի՞նչ է, Արթուրիկն էնքան փող է կուտակել, կապրեն, կաշխատեն, 17 թվին էլ կմտնեն խորհրդարան ու կսատարեն Քոչարյան Ռոբերտին և Սերժ Սարգսյանին»:

Բայց չէ՞ որ ՕԵԿ-ն այդ նույն 5-6 տոկոս ձայնը կարող էր նաև ստանալ` լինելով իշխանական կոալիցիայի անդամ: Պատասխանելով մեր այս հարցադրմանը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավարն ասաց. «Բայց դա ստանալու էր իշխանական դաշտի հաշվին, հիմա իրենք ուզում են ընդդիմադիր դաշտից ձայն ստանալ: Եթե այդ 5 տոկոսը ընդդիմադիր դաշտից գնում է Արթուր Բաղդասարյանին, համենայն դեպս մեկ ընդդիմադիր քաղաքական միավոր պակասում է խորհրդարանից»:

Անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի այսօրվա հայտարարությանը այն մասին, որ Դաշնակցությունը մաս չի կազմելու ձևավորվող նոր կառավարության, Պ. Մակեյանն ասաց, որ իր կարծիքով` Դաշնակցության սպասելիքները պորտֆելներ ստանալու իմաստով ավելի մեծ էին, սակայն դրանք չարդարացան:

«Բայց, կարծում եմ, սա նույն սխեմայի մեջ է տեղավորվում. իշխանությունները կուզենան, որ 2017 թվականին որևէ անվերահսկելի քաղաքական միավոր չհայտնվի Ազգային ժողովում: Դաշնակցությունն ինքն իրենով մի 4 տոկոս մշտապես ունի, և Դաշնակցությանը 5-6 տոկոս գրելն ավելի հեշտ է, քան «Օրինաց Երկրին»:

Այսինքն, միևնույն է, Քոչարյանը և Սարգսյանը փորձում են ամբողջությամբ վերահսկել ընդդիմադիր դաշտը»,- միաժամանակ ավելացրեց մեր զրուցակիցը:

Մեր մյուս հարցին, թե, ամեն դեպքում, որպես ընդդիմադիր գործիչ` պատրա՞ստ է ՕԵԿ-ին ընդունել ընդդիմություն, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Գիտեք, այստեղ հասարակության ընդունելու հարցն է: Որքան էլ այս վարչախումբը փորձում է հասարակության գենոֆոնդը փոխել, միևնույն է, չեմ կարծում, որ իրենց հաջողվել է այնպիսի փոփոխության հասնել, որ մարդիկ մոռացած լինեն 2008 թվականի Արթուրիկի այդ դավաճանությունը: Նա ժողովրդին դավաճանեց, նա ո´չ ՀԱԿ-ին դավաճանեց, ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո´չ էլ մեկ ուրիշի… 2008-ից հետո այդ կազմակերպությունը և նրա ղեկավարը այլևս ժողովրդի համար գոյություն չունի, նրան ընդունում են որպես հայհոյանքի մի տարատեսակ»:

Sos GimishyanԻսկ մեկ այլ արտախորհրդարանական ուժի` «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքով` ՕԵԿ-ի կողմից իշխանական ճամբարը լքելը պայմանավորված է ոչ թե ներքաղաքական, այլ արտաքին քաղաքական գործոններով:

«Իրենք արևմտամետ ուժ են, իսկ հիմա Ռուսաստանի ճաշակով կառավարություն է ձևավորվում, և իրենք այնտեղ այլևս անելիք չունեն, այդ պատճառով դուրս են գալիս: Իրենց միակ շանսը ընդդիմադիր լինելն է: ՕԵԿ-ը երբեք ներքաղաքական գործոն չի եղել, մի պահ դարձան գործոն, այն էլ տեսաք` ինչ տեղի ունեցավ. վաճառեցին ժողովրդին, տրվեցին իշխանությանը, և դրանով ավարտվեց: Իսկ արտաքին քաղաքական իմաստով` նախկին կառավարությունը ձևավորվել էր Արևմուտքի ճաշակով, իրենք կարող էին տեղ ունենալ այնտեղ: Հիմա վեկտորը փոխվել է` գնում ենք դեպի Մաքսային միություն, և պարզ է, որ իրենց պիտի դուրս թողնեին: Իրենք էլ ձև արեցին, թե իբր իրենք են դուրս գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը:

Տեսանյութեր

Լրահոս