ՀՅԴ մաս չի կազմելու նոր ձևավորվող կառավարությանը. հայտարարություն
Գիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ` առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:
ՀՅ Դաշնակցությունը ձեւակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետեւողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:
Այս հանգրվանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետեւյալ մոտեցումները.
1.- Մաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը:
2.- Հետեւել իշխանության եւ կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձեւաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով:
3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:
Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
17 ապրիլի 2014թ.