Փորձագետ. Սերժ Սարգսյանը, փաստորեն, Կրեմլին հրապարակային խոստացավ, որ այլևս քաղաքականության մեջ չի լինի
Վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, որովհետև այլ թեկնածու, հավանաբար, չկար: Այսպես պատասխանեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ընտրեց հենց նրան:
«Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ինքը 150 հազարանոց կուսակցություն է, Ազգային ժողովում ունի քաղաքական և թվային մեծամասնություն և շատ համայնքներում ունի ղեկավարներ, բայց ամենայն հավանականությամբ այլ թեկնածու չկար, և ընտրվեց Հովիկ Աբրահամյանը, որովհետև վարչապետը պետք է նաև լիներ քաղաքական ինչ-որ կշիռ ունեցող գործիչ, իսկ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում, բնականաբար, ունի համապատասխան քաղաքական կշիռ»,- ասաց նա:
Վերլուծաբանի խոսքերով, իհարկե, մամուլը գրում էր նոր վարչապետի մի շարք հավակնորդների անուններ, սակայն, ամեն դեպքում, որոշում կայացնողը գործող նախագահն է:
Միաժամանակ Ա. Բադալյանն ավելացրեց. «Պարզապես այստեղ տեսնում ենք որոշակի գործընթաց, որն այդքան էլ կապված չէ վարչապետի ով լինելու հարցի հետ: Մենք տեսնում ենք Հայաստանում նոր իշխանությունների ձևավորման իրավաքաղաքական գործընթաց:
Առաջին քայլը Տիգրան Սարգսյանի հեռացումն էր վարչապետի պաշտոնից, իսկ եթե նա գնա դիվանագիտական աշխատանքի, ապա նաև դուրս կգա կուսակցության բարձրագույն ղեկավար կազմից և, ընդհանրապես, կուսակցությունից:
Երկրորդ քայլը Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարությունն էր, որ ինքը չի հավակնում զբաղեցնելու նախագահի պաշտոնը, ինչպես նաև եթե հետագայում` սահմանադրական բարեփոխումների արդյունքում, ընտրվի կառավարման խորհրդարական մոդելը, ինքը չի հավակնի զբաղեցնել ազդեցիկ վարչապետի պաշտոնը:
Այս հայտարարությունն ուղղված էր երկու լսարանի: Առաջին լսարանը, մասնավորապես, Կրեմլն է, որին, փաստորեն, հրապարակային խոստացավ, որ ինքն այլևս քաղաքականության մեջ չի լինի:
Իսկ երկրորդ լսարանը ներքինն է. ամենայն հավանականությամբ այն ուղղված էր, մասնավորապես, երկրորդ նախագահին: Եվ, փաստորեն, դա կարելի է ընդունել որպես ուղերձ առ այն, որ Հայաստանում ձևավորված «եռանախագահների ինստիտուտը» պետք է դուրս գա քաղաքական գործընթացներից»:
Երրորդ քայլը, ըստ փորձագետի, Հայաստանի խորհրդարական կառավարման հանրապետություն դարձնելու հավանականությունն է, որի դեպքում «գործադիր իշխանությունն ավելի լավ կվերահսկվի Ռուսաստանի կողմից, որովհետև եթե խորհրդարանում որևէ ուժ մեծամասնություն չունենա, և լինեն 3-4 ուժեր, ապա ամեն 2-րդ, 3-րդի գումարելիներով կարելի է նոր կոալիցիա ձևավորել»:
«Եվ նոր իշխանության ձևավորման վերջին կետը Մաքսային միությունից չշեղվելու կուրսն է: Թե դա ո՞վ կանի՝ Հովիկ Աբրահամյանը, թե մեկ ուրիշը, արդեն նշանակություն չունի»,- նշեց Արմեն Բադալյանը: