Ալեքսանդր Արզումանյան. «Սերժ Սարգսյանը նպատակ է դրել լինել ԱԺ նախագահ»

«Խնդիրը վարչապետի անձը չէ, խնդիրն այս համակարգի ամբողջական փոփոխությունն է և տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանը: Նա զերծ մնաց որևէ գնահատական տալուց` նշելով, որ պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի կազմ կունենա նոր կառավարությունը, ինչ ծրագրեր կներկայացնի: Արզումանյանն ընդգծեց` էական չէ, թե ով կլինի վարչապետը, կա իշխող ռեժիմ, որը բուրգի կառույց ունի և իրականացնում է մեկ անձի որոշումներ:

«Արդյոք Ձեզ համար նո՞ւյնպես Հովիկ Աբրահամյանն ընդունելի է»,- հետաքրքրվեցին լրագրողները քաղաքական գործչից: Պատասխանելով այս հարցին` Ա. Արզումանյանն ասաց, թե Հ. Աբրահամյանին ճանաչում է շարժման սկզբից, և որպես մարդ` բավական նորմալ, ջերմ հարաբերություններ ունի նրա հետ:

«Եվ, ընդհանրապես, մարդու ընդունելիությունը քաղաքական կատեգորիա չէ: Ինձ հետաքրքրում է` մարդը կարո՞ղ է իրականացնել այն ծրագիրը, որը բխում է իմ մոտեցումներից և սկզբունքներից: Լինի դա իմ եղբայրը, թե իմ հակառակորդը, եթե նա նորմալ ծրագիր է իրականացնում, ես որևէ խնդիր չունեմ: Սա իմ կամ Ձեր հարցը չէ, սա մեր պետության ապագայի խնդիր է: Որպես մարդ` որևէ խնդիր չունեմ, շատ ընդունելի անձ է, մանավանդ ԱԺ-ում աշխատելիս` մշտապես ձգտել է, որ խորհրդարանում համերաշխություն տիրի, կանխել է որևէ պոռթկում, որը կարող էր խափանել բնականոն աշխատանքը: Այդ առումով կարող է շատ նորմալ համագործակցել քաղաքական ուժերի հետ»,- նշեց նա:

Խոսելով Տիգրան Սարգսյանի հրաժարականից և Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ներքաղաքական ուժերի դասավորության, ոչ իշխանական չորս կուսակցությունների` քառյակի և իշխանության փոխհարաբերությունների և քառյակի մի մասի՝ իշխանական կոալիցիա մտնելու հնարավորության մասին` Ալեքսանդր Արզումանյանն առաջին հերթին անդրադարձավ «Բարգավաճ Հայաստանին»` հիշեցնելով, որ վերջինս կոալիցիայից դուրս գալուց և իրեն «այլընտրանք» հռչակելուց հետո որպես հիմնական թիրախ էր ընտրել նախորդ կառավարությանը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Կարդացեք նաև

Սակայն, նրա խոսքերով, այժմ ակնհայտ է, ԲՀԿ-ն նույնպիսի խիստ դիրքորոշում չի կարող ունենալ Հովիկ Աբրահամյանի հանդեպ. «Հովիկ Աբրահամյանն ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի ղեկավարության համար: Այդ առումով` կարելի է ասել, որ գտնվել է կոմպրոմիս` կողմերի համար ընդունելի թեկնածուի իմաստով: Ինչ վերաբերում է հարցին` կմտնե՞ն կոալիցիա, թե՞ ոչ, այստեղ ավելի շատ նժարին դրված է քաղաքական ուժի փչանալու, վարկաբեկվելու աստիճանը, այսինքն` որքանով կվարկաբեկվի ուժը` ամբողջովին մտնելով կոալիցիայի մե՞ջ, թե՞ համագործակցելով իշխող ռեժիմի հետ` այնուամենայնիվ լինի այլընտրանք, կիսաայլընտրանք, ընդդիմադիր, ոչ իշխանական, կիսաիշխանական:

Հիմա մենք կունենանք տերմինների մեծ բազմազանություն` կախված այս կամ այն քաղաքական ուժի ճաշակից»: Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի համագործակցությանը, նա նշեց, որ ողջունում է ցանկացած բանակցություն, քննարկում, միասնական դիրքի որոնում, և ինքը` փաստը, լավ երևույթ է, որ չորս քաղաքական ուժեր կարողանում են նստել սեղանի շուրջ և ընդհանուր վարվելակերպ որոնել: «Իսկ թե ինչ կլինի, դժվարանում եմ ասել: Հիմա մենք մտել ենք մանևրելու շրջան, որովհետև քառյակի մի մասն արդեն իսկ, հավանաբար, որոշել է մտնել կոալիցիա, մյուս մասը դեռ առևտրով է զբաղված` կոնկրետ պորտֆելների հետ կապված: Երբ այս խմորումներն ավարտվեն, այն ժամանակ պարզ կլինի` ինչ է մնում քառյակից»,- ավելացրեց Ա. Արզումանյանը:

Կիրակի օրն իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը, ով հայտարարել էր նոր վարչապետի անունը, ասաց, թե նոր վարչապետին հնարավորություն կտրվի ազատորեն գործելու և իր իրականացնելու իր ծրագրերը: Այս առումով` ՀՀՇ-ի ներկայացուցչից նաև հետաքրքրվեցին, թե տարօրինակ չէ՞ր հրապարակայնորեն այդպիսի հայտարարություն անելը, փաստորեն, իշխանությունը խոստովանեց, որ նախորդ կառավարություններին չի՞ տրվել այդ հնարավորությունը:
«Հավանաբար պետք է հարցնեք նախագահին,- պատասխանեց Արզումանյանը: -Նա ասաց, որ նաև արգելվում է կաշառք վերցնելը, այսինքն` փաստացի մինչև վերջերս որևէ մեկը չէր արգելել, և որևէ վարչապետ կամ նախարար որևէ սխալ չի արել, քանի որ արգելված չէր: Այլևս, կարծես թե, մտնում ենք նոր փուլ, երբ արգելված են կաշառակերությունը, կոռուպցիան և մենաշնորհները: Հիմա տեսնենք` ինչպես կգործեն կառավարության անդամներն էս արգելանքի պարագայում»:

Ալեքսանդր Արզումանյանի հետ նաև զրուցեցինք նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ:

– Պարոն Արզումանյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախորդ շաբաթ հրապարակված նախագիծը, որտեղ որպես այլընտրանք` առաջարկվում է հնարավոր անցումը խորհրդարանական հանրապետության մոդելին, և այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե այլևս չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին: Միանգամից նկատենք, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ չեն հավատում Սերժ Սարգսյանի այդ հավաստիացմանը:

– Առաջինը, կոնկրետ կառավարման այդ մոդելը` խորհրդարական հանրապետության անցնելու գաղափարը, լիովին ընդունելի է մեզ համար, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ ժողովրդավարության խորացման համար ճիշտ է խորհրդարանական կառավարմանն անցնելը, ինչն ընդունված է եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Եվ այս առումով հայեցակարգը դրական եմ գնահատում, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրամասներում է»: Տեսնենք` ինչ կլինի: Այսինքն` երբ կլինի տեքստը, կտեսնենք` ինչ ականներ կան, եթե ընդհանրապես այդպիսիք կան, կամ կարելի է աշխատել և մշակել նորմալ սահմանադրություն:

Ես հասկանում եմ մեր որոշ ընդդիմադիր գործընկերների կասկածամտությունը: Ի՞նչ է բխում Սերժ Սարգսյանի ասածից, որ նա երրորդ անգամ չի առաջադրվելու նախագահի պաշտոնի համար: Ակնհայտ է, որ սահմանափակելով նախագահի լիազորությունները և անցնելով խորհրդարանական հանրապետության` նախագահը ստանում է անգլիական թագուհու կարգավիճակ: Ասելով, որ չի լինելու նաև վարչապետ` հստակ երևում է, որ նա նպատակ է դրել լինել Ազգային ժողովի նախագահ: Դա գերմանական մոդելն է` Բունդեսթագի նախագահը երկրում երկրորդ դեմքն է: Այս պարագայում, որքան ես եմ հասկանում, Սերժ Սարգսյանը ձգտելու է լինել, այսպես ասած, «պախանը»` քաղաքական դաշտում:

– Կուլիսների ետևո՞ւմ:

– Այո՛, քանի որ այդ տարբերակով Ազգային ժողովը վերահսկողական մեծ լիազորություններ է ստանում, նա կկատարի այդ վերահսկողական գործառույթը: Այստեղ ընդդիմադիրների մտահոգությունը, մի կողմից` հասկանալի է, բայց, մյուս կողմից` մենք ասում ենք` վստահ ենք, որ հաջորդ ընտրությունը կեղծվելու է: Եթե նորմալ ընտրություն անցկացնես և կարողանաս ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով ձևավորել կառավարություն, դա կլինի շատ նորմալ իշխանություն, բայց մենք ասում ենք` քանի որ Հանրապետական կուսակցությունը մշտապես կեղծում է ընտրությունները, հաջորդն էլ է կեղծելու, և Սերժ Սարգսյանն էլ դառնալու է նախագահ: Այստեղ մեթոդաբանական խնդիր կա:

Ճիշտ են ասում, որ Սերժ Սարգսյանն իր համար է ուզում փոխել Սահմանադրությունը, բայց մեր անելիքն այն է, որ թույլ չտանք իշխանության վերարտադրումը: Եվ նաև շատ կարևոր է` եթե անցնում ենք խորհրդարանական հանրապետության, անհրաժեշտ կլինի, որ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է քննարկվեն:

– Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանի նպատակը ոչ թե իր անձնական իշխանությունը, այլ գործող համակարգը` Ռոբերտ Քոչարյանի ժառանգած վարչակարգը պահպանելն է:

– Այո, իհարկե, իր ցանկությունը դա է, բայց մեր ցանկությունն էլ հո դա չէ՞: Մեր նպատակն էլ այն է, որ սահմանափակենք իր հնարավորությունները և թույլ չտանք` վերարտադրվի ա՛յս ռեժիմը կամ ա՛յս գաղափարախոսությունը կրող ռեժիմը: Այդ իմաստով` խորհրդարանական կառավարման համակարգը տալիս է նման հնարավորություն, ավելացնում է այդ հնարավորությունները: Եվ այստեղ մեր հասարակության խնդիրն է` կկարողանա՞նք հասնել նրան, որ իշխանությունը ձևավորվի ընտրությունների միջոցով, թե՞ ոչ:

– Հայեցակարգում նշվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական հիմնախնդիրների մասին: Մեզ ավելի շատ սահմանադրակա՞ն բարեփոխումներ են պետք, թե՞ արժեհամակարգի բարեփոխում:

– Հավի-ձվի պատմությունն է: Երկուսն էլ պետք է իրականացվեն, այսինքն` սահմանադրական բարեփոխումը գործիք է, որով սպասարկում են Ձեր ասած արժեքային համակարգի փոփոխությանը: Եթե դա նպաստող գործիք է, լավ բան է, եթե խոչընդոտող է, վատ է: Այո՛, առաջնայինն արժեհամակարգը, մեր հարաբերությունները փոխելն է, իսկ թե ինչ գործիքներ կընտրենք այդ ճանապարհին, մեր գործն է:

Տեսանյութեր

Լրահոս