ՀՀԿ-ն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես ասում են, գործող իշխանությունը ճանապարհեց փառք ու պատվով։ Ոչ թե անարգանքի սյունին գամեցին վատ աշխատանքի համար, այլ գովասանքով խոսեցին 6 տարիների ընթացքում նրա կատարած «տաժանակիր» աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեցին ու խոստացան պաշտոն տալ։

«Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին` տարիների հավատարիմ ու նվիրված աշխատանքի համար, բոլոր այն էական ձեռքբերումների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավարության կողմից, և նորանոր հաջողություններ եմ մաղթում նրան մեր հայրենիքին ծառայելու` նրա ապագա բոլոր նախաձեռնություններում: Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնորհակալ եմ»,- հայտարարեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։
Սա զարմանալի չէր։ Չէ՞ որ Տիգրան Սարգսյանին ոչ թե պաշտոնանկ են արել վատ աշխատանքի համար, այլ ինքն է հրաժարական տվել անձնական պատճառներով (համենայն դեպս, այդպես ներկայացվեց)։

Դրա համար էլ Տիգրան Սարգսյանը հրապարակային կշտամբանքի խոսք չլսեց նախագահից։ Ավելին, նա հատուկ հրահանգ տվեց` Տիգրան Սարգսյանին «սևացնելն» արգելվում է։ «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռք բերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով` առաջ գնալու, այլ ոչ թե` նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»,- ասաց նա` հատուկ շեշտելով, որ իրենք մեկ միասնական թիմ են:

«Կա նաև մի այլ, իմ կարծիքով` շատ պախարակելի միտում, նրանք, ովքեր տարիների ընթացքում կարող էին հասնել լուրջ հաջողությունների, բայց չհասան, տարիներ անց սովորեցնում են ուրիշներին, թե այդ նույն պայմաններում, այդ նույն պաշտոնում ինչպես պետք է աշխատել: Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության արդեն նախկին կառավարությունը և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետն այդպես չեն վարվելու»,- ասաց Սերժ Սարգսյանը` հստակ հասկացնելով` մենք քեզ չենք քննադատելու, դու էլ մեզ չես քննադատելու:

Սա շատ բնական է ու հատկապես երկրի նախագահի տեսանկյունից` շատ տրամաբանական։ Որովհետև գործադիր իշխանության ղեկավարը երկրի նախագահն է, և քննադատությունը հավասար չափով կվերաբերեր հենց իրեն` նախագահին։

Չէ՞ որ նա բազմիցս հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համար և աջակցում է դրանց։

Առանց ասելու էլ` բոլորին էլ պարզ է, որ Հայաստանում գործադիր իշխանության ղեկավարը որևէ լուրջ քայլ չի կարող անել` առանց նախագահի իմացության և թույլտվության։ Սակայն պարզվում է` ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Սերժ Սարգսյանի հրահանգը նրա թիմակիցները խախտեցին արդեն ժամեր անց։ Իշխող ՀՀԿ-ն ու նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոչ ավել, ոչ պակաս, Տիգրան Սարգսյանին մեղադրում են երկիրը ճգնաժամի հասցնելու համար։

Այսպես, երեկ լրագրողների հարցին ի պատասխան, թե` կկարողանա՞ք երկիրը դուրս բերել ճգնաժամից, Հ. Աբրահամյանն ասել է. «Ձեր օգնությամբ, միասին»: Չէ, իհարկե, Հովիկ Աբրահամյանն ինքը չի խոսել ճգնաժամի մասին, այդ բառը հիշատակել են լրագրողները։ Սակայն, եթե Հ. Աբրահամյանը ձևակերպման հետ համաձայն չլիներ, ապա հարցին հարցով կպատասխաներ` իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը ճգնաժամի մեջ է։ Իսկ իր պատասխանով նա հաստատում է, որ, այո` Հայաստանում կա ճգնաժամ, և ինքը պատրաստ է այն հաղթահարել։ Այլ կարկառուն ՀՀԿ-ականներ ավելի անկաշկանդ են խոսում` չեն վախենում օգտագործել «ճգնաժամ» բառը։

Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համոզված է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկիրը դուրս կբերի տնտեսական ճգնաժամից: «Շատ փորձված է, իր աշխատած բոլոր կառույցներում շատ լավ է աշխատել: Հավոզված եմ, որ լավ վարչապետ կլինի, անհատական լավ հատկանիշներ ունի: Երկիրը կհանի տնտեսական ճգնաժամից»։

Ցանկը կարելի է շարունակել։ Սակայն այսքանն էր բավական է, որ ասենք` ՀՀԿ-ականները համարում են, որ Հայաստանը ճգնաժամի մեջ է հայտնվել Տիգրան Սարգսյանի օրոք։ Իսկ դրանով նրանք քար են նետում ոչ թե` Տիգրան Սարգսյանի, այլ` երկրի նախագահի ու հենց իրենք իրենց ուղղությամբ։ Նախագահի մասով արդեն նշեցինք` այն պատճառով, որ գործադիր իշխանության ղեկավարն ու տնտեսական քաղաքականության գլխավոր պատասխանատուն նա է։ Սա ակնհայտ ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի։

Դրա համար էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ափերից դուրս եկել Տիգրան Սարգսյանի քննադատության համար, թեպետ անձամբ իր անունը չէր հնչեցվել։ Քար են նետում նաև իրենք իրենց ուղղությամբ, որովհետև իշխող քաղաքական ուժն են, իրենք նույնպես պատասխանատվություն են կրում նախորդ տարիների տնտեսական քաղաքականության համար։ Սակայն 6 տարի լուռ դակել են Տիգրան Սարգսյանի կառավարության բոլոր նախաձեռնություններն ու երբեք չեն խոսել երկրում առկա ճգնաժամի մասին։ Մի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ն երկրի նախագահի ու ինքն իր դեմ է։

Ու ստացվում է, որ ՀՀԿ-ականները Տիգրան Սարգսյանին շնորհակալություն են հայտնում` երկիրը ճգնաժամի մեջ գցելու համար։ Այս ամենը նշանակում է նաև, որ չնայած նախագահի հորդորին` նախկին վարչապետի գործունեությունն արդեն անուղղակիորեն պախարակվում է և պախարակվելու է։ Դա հավանաբար պատասխան կստանա նաև հակառակ կողմից։ Կարելի է կասկած չունենալ, որ Տիգրան Սարգսյանը մեծ ուշադրությամբ հետևելու է Հովիկ Աբրահամյանի գործունեությանը, և չի բացառվում, որ ԶԼՄ-ներին հուշի վերջինիս «կիքսերի» մասին։

Այսինքն` Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հեռակա թշնամանքը ոչ թե վերանալու է, այլ ավելի է սրվելու, թեկուզև այդ ամենը լինելու է անուղղակի և միջնորդավորված ձևով։ Իսկ ինչ վերաբերում է երկրում առկա ճգնաժամին, ապա ճգնաժամ, ինչ խոսք, կա։ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման 6 տարիների պաշտոնական վիճակագրությունն անգամ այդ մասին վկայում է` ներդրումների նվազում, աղքատություն, արտագաղթ և այլն։

Սակայն կլինե՞ն երկրում լուրջ փոփոխություններ` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։

Չենք ուզում հոռետես գտնվել, սակայն արմատական փոփոխություններ, որոնք երկիրը դուրս կբերեն ճգնաժամից և բեկումնային առաջընթաց կապահովեն, դժվար թե լինեն։

Նախ` այն պատճառով, որ մեր երկրի խնդիրները ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական։ Այս մասին բազմիցս խոսել են թե՛ տեղի, թե՛ օտարերկրյա հեղինակավոր փորձագետները։ Առանց քաղաքական համակարգի արմատական բարեփոխման` տնտեսական ոչ մի քաղաքականություն արդյունք չի տա։

Ճիշտ է, Ս. Սարգսյանն ապրիլի սկզբին ասում էր, որ նոր վարչապետը պետք է վերականգնի վստահությունը կառավարության նկատմամբ, սակայն հավատալ, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումը որևէ կապ ունի ժողովրդի վստահության հետ և կարող է բարձրացնել այն, միամտություն է։

Եվ երկրորդ` անգամ, եթե դիտարկենք զուտ տնտեսական քաղաքականությունը, ապա այստեղ նույնպես լուրջ փոփոխություններ սպասել չի կարելի։ Այս մասին անուղղակիորեն խոստովանեց հենց երկրի նախագահը։ Նախ` նա շեշտեց, որ Հ. Աբրահամյանը պետք է նոր թափով շարունակի և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին հասցնի Մաքսային միությանը միանալու աշխատանքները։ Եվ, բացի այդ, ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը` «իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են. նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը, նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը, նկատի ունեմ հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում»:

Այսինքն` Հովիկ Աբրահամյանը պետք է առաջ շարժվի Տիգրան Սարգսյանի գցած ուղիով։

Իհարկե, կլինեն որոշ փոփոխություններ «մանր-մունր», տակտիկական հարցերում։ Ասենք, ընթացիկ խնդիրները Հովիկ Աբրահամյանը թերևս, կնախընտրի լուծել ոչ թե հայեցակարգեր ու ռազմավարություններ մշակելով, այլ` «հայավարի», ավելի գործնական` գործի դնելով լծակները, կապերն ու ազդեցությունը։ Տեղային, առօրյա նշանակություն ունեցող հարցերում նոր վարչապետը կարող է ավելի հաջողակ լինել` թե՛ անձնական հատկությունների շնորհիվ, թե՛ «իր վրա դրված ծանր պարտականությունն» արդարացնելու ազնիվ մղումով։

Հնարավոր է` մեթոդների տարբերությունը երևա նաև արտաքին հարցերում։ Օրինակ` Տիգրան Սարգսյանը բարեփոխումներ էր անում, Հայաստանի համար բարձր ցուցանիշներ ապահովում Doing Business-ում և այլ զեկույցներում ու սպասում, որ օտարերկրյա ներդրողները կսկսեն հետաքրքրվել Հայաստանով։ Սակայն դա որևէ արդյունք չունեցավ։ Իսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո նման գործընթացն ընդհանրապես կորցրեց իմաստը. Եվրոպային համոզելը դարձավ անհնարին` ոչ միայն ներդրումների , այլև վարկեր ներգրավելու առումով։

Ֆինանսական հոսքերի և ներդրումների հիմնական աղբյուրն այսուհետ Ռուսաստանն է` հետխորհրդային տարածքը։ Իսկ այստեղ միջազգային զեկույցները բանի տեղ դնող չկա։ Հետևաբար` հարկավոր է փոխել տակտիկան, լեզու գտնել ռուս և ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ, համոզել, սպառնալ, տանիք խոստանալ հարկ եղած դեպքում, սակարկել… Այս հարցում Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանից սովորելու շատ բան ունի։

Տեսանյութեր

Լրահոս