Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», հրավիրվել է բացատրություններ տալու
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում լսեց ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», դեմ լրագրողների պահանջը և բացատրությունը:
Այս մասին դռնփակ նիստի ավարտին լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը` հավելելով. «Կլսենք նաև Առաքել Մովսիսյանին, այնուհետև Էթիկայի հարցերով հանձնաժողովը կկայացնի համապատասխան որոշում»,- ասաց նա:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր հանձնաժողով էին հրավիրվել ընդդեմ Ա.Մովսիսյանի դիմողները` «Zham.am»–ի լրագրող Աննա Եղիազարյանը, «Ilur.am»–ի լրագրող Հակոբ Կարապետյանը, «Hetq.am»–ի լրագրող Գրիշա Բալասանյանը և «Civilnet.am»–ի լրագրող Սարգիս Խանդանյանը: Սակայն պարզաբանումներ տվեցին միայն երեքը: Աննա Եղիազարյանը վերջերս մայրացել է և խնամում է իր նորածնին:
Լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:
Թեև նախապես դիմումատուները խնդրել էին կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից, սակայն հետագայում վերանայել են դիմումի պահանջը: Նրանք պահանջում են ճանաչել Ա.Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտումը: Լրագրողները հայտնեցին, որ իրենք ներկայացրել են նաև իրենց պահանջն ապացուցող տեսանյութ:
Դիմումում մասնավորապես ասված է, որ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև:
Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ ևս պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել է. «էս կապիկներին էլ հանեք ստից»:
Պատգամավորը, ըստ դիմումատուների, անվայելուչ արտահայտություն է հնչեցրել նաև լրագրողական օթյակում բողոքի ձայն բարձրացրած մեկ տասնյակից ավելի լրագրողների հասցեին:
Մանրամասներն` այստեղ