Վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը ՀԱԿ-ի հայտարարությանը. Tert.am

Tert.am-ը ներկայացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը ՀԱԿ-ի հայտարարությանը, ըստ որի, քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը: Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Հովիկ Աբրահամյանն ասել է.

– Գիտե՞ք, Ազգային Ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ-ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել: Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի և մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային Ժողովում: Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ:

Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը: Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները և որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են: Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ուժերի միավորումը սոցիալտնտեսական վերելքի համար, ոչ թե տարբեր ժամ-կետանց խարդավանքներին հետևելը: Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի:

Ես իսկապես լավատես եմ: Միասին մենք բազմաթիվ հարցեր ենք լուծելու: Մեր ժողովրդի համար լավատեսության մեծ հիմքեր ենք տալու:

Սա է իմ արձագանքը:

Տեսանյութեր

Լրահոս