Ադրբեջանն այս տարվանից կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպային. Նատիգ Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 5 տարում Ադրբեջանի էներգետիկ համակարգի հզորությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Ներկա դրությամբ այն հասցվել է մինչև 7105 մեգավատտի, ինչը հնարավորություն է տալիս միջին հաշվով արտադրել 24 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա և արտահանել մոտ 2.1 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը: Կառավարության նիստում նավթի ու գազի արտահանումից բացի, մեծապես կարևորվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրոպա, Ռուսաստան ու Իրան:

Նախարարի խոսքերով՝ հարևան երկրների էներգետիկ համակարգերի հետ հարաբերությունների ամրապնդման համար «Ազերէներժի» ընկերությունը հարավում Իրանի հետ համատեղ տեղակայել է նոր էներգոօբյեկտներ, հյուսիսում՝ Ռուսաստանի հետ, իսկ արևմուտքում՝ Վրաստանի հետ:

«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» էլեկտրոհաղորդակցման միջանցքի ստեղծմամբ՝ 2014 թվականից հնարավոր կլինի Արևմտյան Եվրոպայի երկրների հետ կազմակերպել 350 մեգավատտ հզորությամբ էներգոփոխանակում, իսկ 2015 թվականից ՝ դա հասցնել մինչև 700 մեգավատտի»:

Տեսանյութեր

Լրահոս