Ինչպես է ԿԲ-ն «պահում» յուրայիններին
Թերևս քչերը գիտեն, որ «Բանկային գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները:
Սակայն ոչ ոք չի տեսել, որ ԿԲ-ն երբևէ նման ցանկ հրապարակի։ Վերջին անգամ նման ցանկ հրապարակվել է 2009 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 5%-ը գերազանցող եւ 180 օր ժամկետանց պարտավորություններ ունեցող անպարտաճանաչ սուբյեկտների ցանկում տեղ էին գտել 17 սուբյեկտներ՝ «Լույս» ՓԲԸ-ն, «ԿԱՐԶԵԼ» ՍՊԸ-ն, «Էլիտար տուն» ՍՊԸ-ն, «ԱԼԿՈՆ» ՓԲԸ-ն, «Ատլաս» ՍՊԸ-ն, «Ինթերմոտոր Երեւան» ՍՊԸ-ն, «ԳՌԱԱՍ» ՍՊԸ-ն, «Հրազդանցեմենտ» ՍՊԸ-ն, «Եղվարդի համակցված կերեր» ՓԲԸ-ն, «ՈՒՆԻՎԵՐՍԱԼՇԻՆ» ՍՊԸ-ն, «ԱՐԱՐԱՏԻ ԲՐԴԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ԲԲԸ-ն, «Ագրինէքս» ԲԲԸ-ն, «ՍՏԱՐՏ ՔԵՐԳ» ՍՊԸ-ն, «Սեւանի Հացամթերքների արտադրամաս» ՍՊԸ-ն, «Ակորդ-Գրուպ» ընկերությունը, անհատ ձեռնարկատերեր Վլադիսլավ Մանգասարյանը եւ Աշոտ Ղազարյանը:
Դրանից հետո, ինչպես նշեցինք, ԿԲ-ն անպարտաճանաչ վարկառուների ցանկ չի հրապարակվել։ Այժմ գործող օրենքով խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտավորությունը։
168.am-ի տեղեկություններով՝ ցանկը չի հրապարակվում ոչ թե այն պատճառով, որ նման խոշոր պարտավորություններ ունեցող անբարեխիղճ վարկառուներ չկան, այլ հակառակը՝ նրանք բավականին շատ են և նրանց թվում կան հայտնի հայտնի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ (կամ նրանց պատկանող ընկերություններ)։ Այսինքն՝ ԿԲ-ը մեծահոգաբար որոշել է «մոռանալ» օրենքի պահանջը, որպեսզի այս մարդիկ խայտառակ չլինեն։