Բաժիններ՝

Անկախանալու դեպքում Շոտլանդիայի պետպարտքը կկազմի 143 միլիարդ ֆունտ սթեռլինգ

Բրիտնական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ եթե Շոտլանդիան անկախանա Մեծ Բրիտանիայից, ապա նորաստեղծ երկրի պետպարտքը կկազմի 143 միլիարդ ֆունտ սթեռլինգ: Այս մասին հայտնել է Տնտեսական ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը (NIESR):

Վերջինիս հաղորդմամբ՝ պետպարտքի այդ գումարը համարժեք կլինի նորաթուխ պետության ՀՆԱ-ի մոտ 86 տոկոսին: Այդ խոշոր գումարը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ներկայիս պարտքի (1.7 տրիլիոն ֆունտ սթեռլինգ) մի մասը: NIESR-ի փորձագետների կարծիքով՝ Շոտլանդիան ի վիճակի չի լինի ինքնուրույն մարել ողջ պարտքը:

Բացի այդ, անկախանալու դեպքում Շոտլանդիան հարկադրված կլինի հրաժեշտ տալ ֆունտ-սթեռլինգին: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ միացյալ արժույթի մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն Շոտլանդիայի կառավարությունը հուսով է, որ երկիրը կկարողանա պահպանել ֆունտ-սթեռլինգը՝ որպես արժույթ:

Շոտլանդիայում անկախության շուրջ հանրաքվեն անցկացվելու է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին: Եթե նրա բնակիչների մեծ մասը կողմ քվեարկի Մեծ Բրիտանիայից անջատվելուն, ապա երկիրն իրեն անկախ կհռչակի 2016 թվականի մարտի 24-ին: Այդ ընթացքում Էդինբուրգն ու Լոնդոնը կպայմանավորվեն բաժանման պայմանների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս