Բաժիններ՝

Սերգոն ընկրկեց

Այսօր կառավարության նիստում գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն անդրադարձավ Եվրոպայից երինջների ներկրման ծրագրի հետ կապված առաջացած խնդիրներին: Ս.Կարապետյանը զեկուցեց, որ երինջները ներկրվել և ֆերմերներին էին տրվել տարաժամկետ վճարման կարգով: Նա հայտնեց, որ 10 ֆերմերներ ուշացման համար ենթարկվել են տույժերի o.o5%-ի չափով, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 50 մլն դրամ: Գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր դատարան, որպեսզի վերականգնի գումարները:

Ս.Կարապետյանը նշեց, որ ֆերմերները դիմել են կառավարությանը և նախարարությանը, հարցը բարձրացվել է նաև Ֆերմերների ազգային միության միջոցով, որ տույժ-տուգանքները վերանայվեն և չկիրառվեն, որովհետև ֆերմերները ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված մորթում են երինջներին:

«Նախարարությունը, անձամբ ես գտնում եմ, որ տույժ-տուգանքները չպետք է կիրառվեն»,- հայտարարեց Ս.Կարապետյանը:

168.am-ն բազմիցս անդրադարձել է այս խնդրին: Մեզ հետ զրույցներում ծրագրի շահառու ֆերմերները տեղեկացրել էին, որ ներկրված երինջների մեծ մասը հենց առաջին տարում անկել էին՝ չդիմանալով տեղի պայմաններին: ԳՆ-ն շարունակել է պահանջել անկած երինջների գինը: Ֆերմերները բազմիցս դիմել էին Ս.Կարապետյանին աջակցության համար, սակայն մշտապես մերժում էին ստացել: Ընդ որում՝ ԳՆ-ն ծրագրի շրջանակներում պետք է ֆերմերներից ձեռք բերեր երինջների ձագերին՝ դրանց ընդգրկելով ծրագրում, բայց դա չի արվել, ինչը ֆերմերների համար լրացուցիչ մեծ ծախսերի պատճառ է դարձել:

Ի դեպ, այս ծրագրի իրականացման ժամանակաշրջանը համընկել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս