
Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա վերջին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթվա վերջին:
Այս մասին այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Աբաշիձեն: Նա ընդգծել է, որ «Աբաշիձե-Կարասին» ձևաչափը պահպանում է իր այժմեականությունը. «Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ:
Մենք դիտարկում ենք խնդիրը և հնարավորության դեպքում փորձում ենք լուծել դրանք: Մեծ նշանակություն ունի նաև երկրորդ ձևաչափի՝ Ժնևյան բանակցությունների գոյությունը, որը նույնպես չի կորցրել իր այժմեականությունը: Կարծում եմ, որ տվյալ փուլում այդ բանակցությունները կլինեն այժմեական»:
Աբաշիձեն հավելել է, որ առաջիկա հանդիպման ժամանակ իրենք հատուկ ուշադրություն են հատկացնելու տնտեսական փոխհարաբերությունների խնդրին: Աբաշիձեի ու Կարասինի հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս մարտի 3-ին, սակայն այն քանիցս հետաձգվեց: