Մինչ օրս տարածքում չպայթած ականներ են հանդիպում
asparez.am-ը գրում է. 2013-ի ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արեւելք գտնվող «Կամխուտ» հրաձգարան-պոլիգոնի տարածքում ականի պայթյունից մահացան նույն գյուղի երեխաներ՝ 15-ամյա Մուշեղ Գեւորգյանը եւ 10-ամյա Արթուր Մկրտչյանը: Այդ օրը երեխաներն Արթուրի հոր՝ Է. Մկրտչյանի հետ բարձրացել էին ռազմաբազայի տարածք, պայթած ականներից ալյումին հանելու, իսկ հերթական ականից, որը եղել էր չգործարկված, ալյումին հանելու փորձերը ավարտվել էին պայթյունով:
Դեպքի մասին մեկ տարի անց էլ գյուղում դժվարությամբ են խոսում` ցավ ու ափսոսանք հայտնելով երկու երեխաների հետ տեղի ունեցածի կապակցությամբ: Այդ մասին պատմել առավել դժվար էր երկու երեխաների ընտանիքների անդամների համար, նրանք նշում էին, որ իրենք ամեն րոպե են այդ մասին հիշում, մինչդեռ պատասխանատու կառույցները դեպքից 1-1.5 ամիս անց իրենց այլեւս չեն հիշել: Անդրադառնալով ընտանիքներին տրված օգնությանը՝ տիկին Վարդիթերը նշեց, որ օգնություններ իրենք ստացել են մինչեւ երեխաների մահվան քառասունքի լրանալը:
Արթուրի ծնողների ներկայացմամբ՝ դեպքից հետո իրենք աջակցություն ստացել են Հայկական զինված ուժերի կողմից, իսկ ռուսական կողմը ոչ մի բանով չի օգնել.
«Մեզ մեր գյուղապետարանն է նաեւ օգնել ու մարզի մի քանի կառույցներ»,-նշում է տիկին Վարդիթերն ու շարունակում, որ գերեզմանների կառուցման համար եւս օգնելու խոստում իրենց տվել են, բայց այդպես էլ թողել են անկատար:
8 երեխա ունեցող այս ընտանիքը մշտապես ունեցել է ֆինանսական խնդիրներ, այսօր արդեն դրանք կրկնապատկվել են: Գումար չունենալու պատճառով 2-րդ դասարանում սովորող երեխային ծնողները քանի օր է դպրոց ուղարկել չեն կարող՝ շարքից դուրս են եկել ունեցած պայուսակները ու մաշվել հագուստները: Արթուրի մահվան մեկ տարին նշելու համար ծնողները ցանկացել են անգամ վարկով գումար վերցնել, բայց գումարի տրամադրումը ձգձգվել է մինչեւ այս շաբաթվա վերջ. «Որ մեռնեի էլ, երեխիս տարին պետք ա նորմալ անեի, վարկը չեղավ, բայց ես ծանոթ խանութներից եմ ապրանք վերցրել: Մինչեւ Արթուրիս տարին չանցնի՝ սումկի ու շորի հարց չեմ կարող լուծել, ինչ ուզում է՝ լինի»,-հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասում է տիկին Վարդիթերը:
Մանրամասներն` այստեղ