«Եթե ՀՀԿ-ն ընդունի ԲՀԿ պայմանները, կոալիցիա չմտնելը դառնում է կապրիզի պես մի բան». ԲՀԿ-ական պատգամավոր. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Որքան էլ ԲՀԿ-ում ուրախ են Հովիկ Աբրահամյանի հնարավոր վարչապետության առթիվ և լոբբինգ են անում նրա համար, Հ. Աբրահամյանի վարչապետությունը կարող է ԲՀԿ-ին լուրջ խնդրի առաջ կանգնեցնել. վերջ դնել ԲՀԿ ընդդիմադիր- ժողովրդական կարիերային, քանի որ Գագիկ Ծառուկյանի խնամու վարչապետ նշանակվելու դեպքում ԲՀԿ-ն այլևս չի կարող քննադատել կառավարությանը, և ԲՀԿ բոցաշունչ ելույթներով ընդդիմադիր պահվածքը կմնա անցյալում:
Իսկ եթե ԲՀԿ-ն համաձայնի ՀՀԿ առաջարկին ու մտնի կոալիցիա, լինելով փոքրամասնություն` ստիպված է լինելու կատարել ՀՀԿ որոշումները, մոտավորապես ստանձնելով ՕԵԿ-ի գործառույթը: Սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն կառավարությանը քննադատելով և ընդդիմադիր պահվածքով ու ընդդիմության հետ հանդիպումներով բավական վարկանիշ է ձեռք բերել: Այս հարցերի շուրջ է «Ժամանակի» զրույցը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
– Պարոն Գրիգորյան, կարծում եք՝ ԲՀԿ-ն պե՞տք է կոալիցիա կազմի ՀՀԿ հետ: Ճի՞շտ է կոալիցիա կազմելը, թե՞ ոչ:
– Որոշում չի կայացրել կուսակցությունը: Երբ որ կոնկրետ որոշում լինի, խմբակցության նիստ լինի, մեզ տեղեկացնեն՝ ինչ իրավիճակ է, էդ ժամանակ նոր կարող ենք հստակ պատասխանել: Էս պահի դրությամբ ես ինֆորմացիա չունեմ: Ընդհանուր առմամբ մեր խնդիրը ծրագրերի հետ է կապված: Եթե մեր կուսակցությունը գնալու է կոալիցիոն բանակցությունների, բնականաբար մենք ունենալու ենք մեր պահանջները, եթե այդ պահանջներն ընդունվեն, իմ կարծիքով` նորմալ է:
– Իսկ նախարարի քանի՞ պորտֆել պետք է առաջարկվի ԲՀԿ-ին, որ կոալիցիայի առաջարկն ընդունելի լինի:
– Իմ կարծիքով՝ դա երկրորդական խնդիր է, մեզ համար կարևորը երկրում իրավիճակն է, ներկա խնդիրներն են առաջնահերթ ու այդ խնդիրների լուծման ճանապարհները: Ավելի հետաքրքիր է այդ հարցը, թե ինչպես պետք է լուծվի, քան թե որ կուսակցությանը քանի պորտֆել պետք է տրվի:
– 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց պորտֆելներից և կոալիցիա մտնելուց, հիմա երկրում, ՀՀԿ մոտեցումներում ի՞նչ է փոխվել, որ այս անգամ ԲՀԿ-ն ընդունի առաջարկը և մտնի կոալիցիա:
– ԲՀԿ-ն այս պահին հստակ հայտարարություն չի արել, թե պետք է մտնի կոալիցիա: Նման հայտարարություն չկա, որ մենք դրանից բխող հետևանքները քննարկենք: Ինչ որ կատարվում է կառավարության կողմից երկրում, մենք դրան ենք դեմ: Եթե ոչ մի բան չի փոխվելու կոնկրետ խնդիրների, ծրագրային դրույթների հետ կապված, իմ կարծիքով՝ ավելորդ է էդ մասին խոսելը: Դրա համար պետք է բանակցություններ լինի, որ տեսնենք՝ ինչ ծրագրեր են ընդունվում, ինչը՝ ոչ:
– Վարչապետի թեկնածուներից ո՞ւմ եք հավանական համարում և ո՞ւմ կցանկանայիք տեսնել այդ պաշտոնին:
– Գուշակություն անելուց ձեռնպահ կմնամ: Ցանկության որևէ խնդիր չկա, որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր` ես կողմ եմ կուսակցության կարծիքին, եթե կլինի:
– Այսօր շատ է շրջանառվում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Չե՞ք կարծում, որ եթե Հ. Աբրահամյանը նշանակվի վարչապետ, ԲՀԿ-ն կզրկվի ընդդիմադիր, բոցաշունչ ելույթներ ունենալու, կառավարությանը քննադատելու հնարավորությունից և իր կշիռը որպես քաղաքական այլընտրանքային ուժ կկորցնի քաղաքական դաշտում:
– Չեմ կարծում, քանի որ Հ. Աբրահամյանը ՀՀԿ փոխնախագահն է, ԲՀԿ-ի հետ կապ չունի, և նրա նշանակումը չի կարող ԲՀԿ վարկանիշի վրա թե դրական, թե բացասական ազդեցություն ունենալ:
– Խոսքն այն մասին է, որ Հ. Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է, և նրա նշանակման դեպքում ԲՀԿ-ն չի կարողանա այլևս քննադատել կառավարությանը: Այդ պարագայում արդյոք չի՞ տուժի ԲՀԿ-ի դերակատարությունը, քանի որ այլևս գրեթե «ձայնազուրկ» կուսակցություն կդառնա:
– Իսկ ո՞վ է ասել, որ եթե Հ. Աբրահամյանը լինի վարչապետ, ԲՀԿ-ն չի կարողանալու քննադատել կառավարության աշխատանքը: Ի՞նչն է կաշկանդելու ԲՀԿ-ին վատին վատ ասելու, լավին՝ լավ: Եթե նոր կառավարությունը մեր ծրագրերը կընդունի և համատեղ պատրաստակամություն կհայտնի մեզ հետ աշխատելու, անկախ, թե ով է վարչապետ լինելու, իմ կարծիքով, էստեղ խնդիր չի կարող լինել: Գ. Ծառուկյանն ասել է, որ իր խնդիրը անձերով պայմանավորված չէ: Իր խնդիրը կոնկրետ կառավարության հետ աշխատելն ու համագործակցության խնդիրն է:
– Սակայն խնամուն քննադատելը մի քիչ անհավատալի է:
– Ես մի բան գիտեմ, որ պարոն Ծառուկյանին կաշկանդող ոչ մի բան չկա: Ինքը պատրաստ է լավին լավ ասել, վատին՝ վատ, անկախ նրանից՝ իր թիմակիցն է, ընկերն է, խնամին է, թե ով է:
– Փաստորեն, եթե Հ. Աբրահամյանը նշանակվի վարչապետ, կառավարության աշխատանքը ԲՀԿ համար միանգամից լա՞վը կդառնա:
– Եթե բոլորս տեսնենք, որ լավը լինի, բոլորս կուրախանանք, որ հայրենի կառավարությունը լավ է աշխատում, ոնց որ այսօր ԱԺ-ն:
– Կարծում եք՝ ԱԺ-ն լա՞վ է աշխատում, որ ԲՀԿ-ն չի քննադատում, չնայած պատգամավորների մեծ մասը չի մասնակցում ԱԺ քննարկումներին:
– Ճիշտն ասած՝ չեմ նկատել, մի 10 հոգի եթե չկան, միանգամից գնահատական տալ, որ չեն գալիս, չեն աշխատում, դա, իմ կարծիքով, ճիշտ չէ:
– Սակայն ԱԺ-ում օրենքների քննարկումներին առավելագունը 10 հոգի են մասնակցում:
– Դա արդեն յուրաքանչյուր պատգամավորի իրավունքն է, թե ոնց է մասնակցում նիստերին, ինչ սկզբունքով է աշխատում: Իմ կարծիքով՝ ԱԺ-ն նորմալ աշխատում է:
– Ո՞ր դաշտում եք տեսնում ԲՀԿ-ի դերը, եթե նա այլևս չկարողանա ոչ քննադատել, ոչ որևէ բացասական կարծիք ասել: Առավել ևս չի կարող պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:
– Ես գտնում եմ, որ դա էդպես չէ: ԲՀԿ-ն ոչ մի հարցում կաշկանդված չէ: Ինչ վերաբերում է մյուս հարցերին` դա արդեն ժամանակի խնդիր է:
– Չե՞ք կարծում, որ եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, կդառնա «ՕԵԿ 2». այդ հեռանկարը ինչպե՞ս եք գնահատում: Նաև կդառնա ՀՀԿ կցորդը, վերջին շրջանի հեղինակությունը լիովին կկորցնի:
– Բացարձակ չեմ կարծում: ԲՀԿ-ն չի նմանվելու ոչ մի կուսակցության: Առավել ևս՝ ոչ մի կուսակցության կցորդ չի կարող դառնալ: ԲՀԿ-ն որ կոալիցիայից դուրս է եկել, սկզբունքորեն աշխատանքին է դեմ եղել, ոչ թե համագործակցությանը: Մենք կողմ ենք համագործակցությանը: Մենք դեմ ենք միանձնյա, առանձին մի թևի որոշմամբ թելադրվող աշխատանքին, կողմնակից ենք թիմային աշխատանքին: Այն ժամանակ ԲՀԿ-ն թիմային աշխատանքի հետ կապված խնդիր է տեսել, կոալիցիա չի կազմել: Եթե հիմա իշխող կուսակցությունը պատրաստ է միանձնյա որոշումներ չկայացնել, երկրի առաջ ծառացած խնդիրները թիմային կառավարումով առաջ տանել, էստեղ դեմ կանգնելը, չուզելը արդեն ինքնանպատակ է դառնում, ուղղակի դառնում է կապրիզի պես մի բան:
– Ասել է թե՝ եթե այդ դեպքում չմտնի կոալիցիա, դա արդեն կապրի՞զ կլինի ԲՀԿ կողմից:
– Ճիշտն ասած՝ ինքնանպատակ կլինի, սա իմ կարծիքն է. եթե մեծամասնությունը համաձայն լինի մեր ծրագրերն ընդունել, մեզ հետ աշխատել, և մենք հետո մերժենք:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։