ՀՀ տարածքային կառավարման նախարարության և UNICEF-ի միջև ստորագրվել է 2014-2015թթ. ծրագիրը

«2010-2015թթ. տարածքային սոցիալական պլանավորում» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա  աշխատանքային ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը:

Փաստաթղթի նպատակը մարզերում երեխաների  պաշտպանության գործընթացների ամրապնդումը, խոցելի երեխաների կարիքների բացահայտումը, սոցիալական ծրագրերի իրականացումն է:  Այն մասնավորապես ենթադրում է  չորս թիրախային մարզերի՝ Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի տարածքային սոցիալական պլանների շրջանակում մշակված 10 համայնքային սոցիալական ծրագրերի հաստատում եւ իրականացում,  սոցիալական ոլորտի ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակման, ուղղորդման եւ համատեղ գործունեության վերաբերյալ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատում, տարածքային սոցիալական պլանների կանխատեսելի եւ բավարար ֆինանսավորման համար հայեցակարգային մոտեցումների մշակում, ArmeniaInfo-ի միջոցով համայնքների շտեմարանի առցանց կիրառմանն ուղղված տեխնիկական օժանդակություն: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 240 հազար դոլար:

Կողմերը դրական գնահատեցին նախորդ երկամյա ծրագրի արդյունքները՝ վստահություն հայտնելով, որ նախատեսված աշխատանքները համապատասխան ժամկետներում կկատարվեն՝ ապահովելով ակնկալվող արդյունքները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս