Գիշերօթիկ դպրոցի տնօրենի կողմից երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մասին հրապարակման հիման վրա հետաքննություն է սկսվել
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաև երեխաների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը ոստիկանությունն ընթացք է տվել:
Ոստիկանության լրատվության ծառայությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ Ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն է կատարվում:
Նշենք, որ գիշերօթիկ դպրոցի տնօրենի վերոնշյալ գործողությունների վերաբերյալ բաց նամակով էին հանդես եկել Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները, որը տպագրվել էր «168 ԺԱՄ» օրաթերթում։
Ըստ հրապարակման՝ տնօրեն Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի մեկ երրորդն է օգտագործում բուն նպատակի համար, իսկ ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից:
Բաց նամակում ասվում է նաեւ, որ տնօրեն Գ.Մարգարյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներկայացնում է իրականացված էքսկուրսիաների վերաբերյալ հաշվետվություններ, որոնցում ցույց են տրվում զգալի ծախսեր, սակայն երեխաները փոքրիկ քաղաքից դուրս չեն գալիս:
Դպրոցի աշխատակիցների կողմից «168 ԺԱՄ» թերթին ներկայացված բաց նամակում նշվում էին նաև տնօրենի կողմից երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին, որ Գ.Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում՝ նրանց խփելով ոտքերով:
Մանրամասներն` այստեղ