Արդյո՞ք մոնոպոլիզացվեց ձկնաբուծության ոլորտը
Վերջին 6-8 տարիների ընթացքում Արարատյան դաշտում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը, ինչի արդյունքում տարածաշրջանի 31 համայնքներում ներկայում առկա է խմելու և կամ ոռոգման ջրի պակաս: Այս մասին վերջերս զեկույց էր հրապարակել ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը` հիմնվելով կատարած ուսումնասիրությունների վրա։ Արդյունքների հետ կապված զրուցել ենք բնապահպան, ՀՀ բնապահպանության նախարար Կարինե Դանիելյանի հետ:
– Տիկի՛ն Դանիելյան, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արարատյան դաշտում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել:
– Նույն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 7 տարի սկսել ենք ավելացնել ջրի այն պաշարը, որն օգտագործվել է այդ ստորգետնյա ջրավազանից, և հասել ենք այն մակարդակին, որ մոտ 2 անգամ ավելի շատ ենք ջուր վերցրել, քան ի վիճակի է տալու այդ ստորգետնյա ջրավազանը, որովհետև այն պետք է անցնի ինքնավերականգնման ճանապարհ, և մենք կարող էինք այնքան ջուր վերցնել, որ այդ ինքնավերականգնմանը չխանգարեր: Բայց մենք կրկնակի ջուր ենք վերցրել: Արդյունքը դա է, ինչը շատ ծանր է: Ընդ որում, հիմա դաշտի մի մասում՝ այնտեղ, որտեղ ջրավազաններն են, ձկնաբուծարանները, ճահճացում է գնում, քանի որ հիմքերն այնտեղ չեն իզոլյացրել. այնտեղից անընդհատ ջուր է դուրս գալիս, ֆիլտրվում: Իսկ մնացած դաշտում անապատացում է գնում:
– Ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակի նվազումը բնապահպանական ի՞նչ խնդիրներ է առաջացնում:
– Դա առաջացնում է շատ մեծ խնդիրներ, քանի որ դա անապատացման հիմքն է. հողը չորանում է. կա՛մ պետք է շատ ավելի շատ ոռոգես հողը, որպեսզի այն բերրի մնա և կարողանա բերք ու բարիք տալ, կամ՝ այդտեղ անապատ է առաջանում, իհարկե, շատ ժամանակ անց: Այնպես որ՝ խնդիրը շատ լուրջ է: Բացի դա՝ ստորգետնյա ու վերգետնյա ջրերն իրար հետ կապված են, և երբ այդքան իջնում է ստորգետնյա ավազանի հորիզոնը, նշանակում է՝ ցամաքելու են մեր մյուս աղբյուրները, քչանալու է վերգետնյա հոսքը: Այսինքն՝ դա մեծ հարված է ջրային ռեսուրսներին:
– Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ավազանի պաշարներն օգտագործվում են նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի սառեցման համար: Ինչպե՞ս կազդի ջրային ռեսուրսների մակարդակի նվազումը դրա գործունեության վրա:
– Ատոմակայանը պետք է միշտ ջրի պաշար ունենա՝ ռեակտորը սառեցնելու համար: Ըստ մասնագետների հայտարարության՝ եղել են դեպքեր, երբ ջուրն այնքան պակաս է եղել, որ կրիտիկական վիճակի է հասել: Այսինքն՝ դա ևս վտանգ է:
– Որպես լուծում` առաջարկվում է մինչև 2019թ. հունվարի 1-ը Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը uահմանել առավելագույնը 240 մլն խմ: Որքանո՞վ կարող է դա նպատակահարմար լինել:
– Հիմա ստիպված որոշում է ընդունվում Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին, որն, իհարկե, մեզ համար բոլորովին ցանկալի չէ, որովհետև Սևանն առողջացման ճանապարհին է: Մենք համոզված չենք, որ 240 մլն վերցնելու դեպքում մենք բացասական բալանս չենք ունենա, այսինքն՝ ոչ միայն կստաբիլիզացվի մակարդակը, այլև կարող է իջնել: Իսկ դա խիստ անցանկալի է: Բայց մյուս կողմից՝ այլ ելք չենք տեսնում:
– Այլ վայրից ջուր վերցնելու հնարավորություն չկա՞:
– Բոլոր դեպքերում բուն մասնագետները պետք է դա ասեն, բայց այս պահին այլ առաջարկ չկա, և մենք էլ չենք տեսնում ուրիշ ռեսուրս: Բայց Սևանին ձեռք տալը խիստ անցանկալի է:
– Խնդրի լուծումը ո՞րը պետք է լինի:
– Նախ` պետք է քննարկել մասնագետների հետ, փորձել այլ ճանապարհ գտնել: Եթե չգտնվի այդ ճանապարհը, և Սևանից 5 տարի լրացուցիչ ջրառ անելու մասին Կառավարության մշակած առաջարկն ընդունվի, այդ ընթացքում պետք է բարեփոխել գործընթացն ավազանում՝ ջուրը կրկնակի օգտագործել՝ շրջապտույտ-մակարդում մոդելով, որքան հնարավոր է` մինիմալի հասցնել ստորգետնյա ջրավազանից կատարվող ջրառը: Մեծ աշխատանքը պետք է իրականացվի: Եթե հինգ տարիների ընթացքում իրականացվի գոնե այդ աշխատանքը, նվազագույնի կհասցվեն այն վտանգները, որոնք այժմ առկա են:
– Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակի նվազման վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել ձկնաբուծությունը: Հայտնի է, որ այդ տարածքում մի շարք ձկնաբուծարաններ են գործում:
– Ձկնաբուծությունը վատ բան չէ, շատ լավ է, որ մարդիկ զբաղվում են դրանով: Եվ աշխատատեղեր են ստեղծվում, և ստեղծվել է արտահանման հնարավորություն: Պարզապես վերահսկողությունը պետք է այնպես իրականացվեր, որ ջուրը ռացիոնալ օգտագործվեր: Բայց դա չի արվել. գործընթացը գնացել է բացարձակ անվերահսկելի ճանապարհով:
– Ջրային ռեսուրսների հատ կապված խնդիրներից հետո ինչպե՞ս պետք է վարվել ձկնաբուծարանների հետ:
– Պետք է ուսումնասիրվի յուրաքանչյուր ձկնաբուծարան, պետք է տեսնել՝ ի՞նչ կարելի է անել, որ ջուրը ռացիոնալ օգտագործվի: Եթե հնարավոր չլինի որևէ բան անել, ուրեմն դրանք պետք է փակել: Բայց մեծամասամբ հնարավոր է պահել, պարզապես ներդրումներ և վերահսկողություն է անհրաժեշտ:
– Վերջերս ավելացել է ձկնաբուծարանների կողմից ջրի օգտագործման վճարների չափը: Ձեր կարծիքով՝ դա կարո՞ղ է լուծում լինել, թե՞ ընդամենը ձկնաբուծարաններն ավելի շատ կվճարեն, սակայն վիճակը կմնա նույնը:
– Դա լուծման ամենամինիմալ ճանապարհն է: Իրենց, իրոք, պետք է և՛ օգնել, որպեսզի իրագործեն ջրապտույտը, և՛ վերահսկել: Ֆինանսական ճանապարհ է: Բայց մյուս կողմից՝ այնպես ստացվեց, որ փոքրերը, որոնք ի վիճակի չեն վճարելու, տուժեցին, դարձյալ կարծես թե մոնոպոլիզացում գնաց՝ ըստ արձագանքի, որը գալիս է ձկնաբուծարանների տերերից: Սա արդեն ցանկալի չէ սոցիալական առումով: