Կարևոր չէ՝ մեզ մոտ ով է վարչապետը. Հարություն Մեսրոբյան
168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
– Պարոն Մեսրոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականին:
– Ես այդ հարցի վերաբերյալ չէի մտածում՝ կլինի՞ հրաժարական, չի՞ լինի, որովհետև ինձ համար այդ հարցն էական չէ: Կարևոր չէ՝ մեզ մոտ ով է վարչապետը:
– Տ. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերից կարո՞ղ եք նշել որևէ մեկը, որը արժևորում եք:
– Շատ փոփոխություններ են եղել, կարող եմ նշել, օրինակ, մեքենաների տեխզննման հետ կապված, որը դյուրինացրել է տեխսպասարկումը՝ առանց քաշքաշուկների և 5000 դրամ կաշառքների: Ով մեքենա է վարում, գիտի, որ այդ խնդիրը լուծվեց և հիմա ամեն ինչ բանկերի միջոցով է արվում: Բայց այստեղ կա նաև բացասական կողմ՝ իրականում տեխզննում չի կատարվում, իսկ այդ գումարը, որ ժամանակին ինչ-ինչ ձևով գնում էր ուրիշի գրպանը, հիմա մի մասը գնաց բյուջե: Այսինքն՝ ֆինանսական և կազմակերպչական մասով իրավիճակը թեթևացավ, բայց ըստ էության խնդիրը չլուծվեց, որովհետև բոլոր դեպքերում մեքենաները պետք է լինեն սարքին վիճակում:
– Իսկ ընդհանուր առմամբ անցած տարիներն ինչպե՞ս կգնահատեք:
– Ինչ-որ փորձեր կատարվել են փոփոխություն մտցնելու, բայց դա անհնարին է այն պարզ պատճառով, որ մեզ մոտ 1991 թ-ից փուլերով կառուցվել է օլիգարխիկ տնտեսություն, իսկ օլիգարխիկ տնտեսությունն իր էությամբ կոնսերվատիվ, հետադիմական համակագ է, խեղդում է ցանկացած բան, որ դրական է պետության համար, և նպաստում է ամեն ինչին, ինչ գնում է օլիգարխի գրպանը: Հետևապես, երբ կառավարման համակարգը սերտաճած է օլիգարխիայի հետ, բազմիցս ասել եմ՝ եթե նույնիսկ աշխարհի լավագույն կառավարությունը գա Հայաստան, փոփոխությունն անհնարին է:
– Այժմ վարչապետի թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվում: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի վարչապետը, որ կարողանա ինչ-որ փոփոխություն մտցնել համակարգում:
– Նման վարչապետ երկրագնդում չկա, որովհետև օլիգարխիկ տնտեսության, օլիգարխիկ պետության մեջ կառավարությունով չի որոշվում տնտեսության և պետության զարգացումը: Կառավարությունը դա ամբողջ պետության կառավարման համակարգի կարևոր, բայց բաղկացուցիչ մասն է: Եվ չի կարող լինել առանձին հաջողություն՝ անհաջող կառավարման համակարգում: Դա ինձ հիշեցնում է այն, որ ժամանակին խորհրդային տարիներին ասվում էր՝ կառուցենք սոցիալիզմ առանձին պետությունում: Չի լինում, համակարգ է սա: 1991-ից մեր պետությունը գնաց շատ անհաջող ճանապարհով և ամեն մի 5, 10 տարին մեկ ՀՀ-ն զարգացման իմաստով էլ ավելի է հետադիմական պետություն դառնում: Հետևապես՝ ով էլ գա, ինչքան էլ փոխվեն, ինչ էլ փորձեն անել, հավատացնում եմ Ձեզ, մենք 5 տարուց հետո կունենանք էլ ավելի անմրցունակ պետություն:
– Եթե վարչապետն ի զորու չէ փոխելու, այդ օլիգարխիկ համակարգը կոտրելու «կացինը» երկրի նախագահի՞ ձեռքում է:
– Մի օրինակ բերեմ՝ ֆրանսիացիների պետությունն այսօր կոչվում է 5-րդ հանրապետություն: Դա ձևերից մեկն է, չէի ասի՝ ամենահաջող, բայց տարբերակ է. եթե պետությունն իրեն սպառում է, կանգնացնում են տվյալ պետությունը, ֆորմատ են անում, ստեղծում են նոր պետություն՝ կառավարման նոր համակարգով: Ֆրանսիացիները 19-րդ դարից սկսած ամեն անգամ փորձարկումներ են անում, երբ սպառվում է կառավարման համակարգը, իրենք փորձում են փոխել այն: Կան ուրիշ ձևեր՝ չինական մոդելը, որը այլ ճանապարհով գնաց՝ միակուսակցական կառավարման համակարգում 10 տարին մեկ 100%-ով ամբողջ վերնախավը և թիմը փոխում են, իսկ այդ 10 տարվա մեջ իրենք պատրաստում են հաջորդ առաջնորդին՝ իր հաջորդ թիմով: Դա անում են, որպեսզի ոչ մի կապեր, որ բնականոն ձևով էլ կարող են լինել պետության և բիզնեսի միջև, դրանք երկարատև չեն կարող լինել և բիզնեսը հաշտվել է դրա հետ ու հասկանում է, որ ինչքան էլ փորձեն սողոսկել կառավարման համակարգ, անձնական կապեր ոնենալ, կգա ինչ-որ ժամանակից հետո լրիվ նոր թիմ և իրենց ամբողջ չարչարանքը ջուրն է ընկնելու: Այլ մոդելներ ևս կան աշխարհում, որոնք հնարավորություն չեն տալիս սերտաճել բիզնեսին պետության հետ: Իսկ մեր ցավը, մեր խնդիրը դա է: Դա մեր գլխին կանգնած է «դամոկլյան սրի» նման: Օլիգարխիկ պետությունն աշխարհի ամենաանմրցունակ պետությունն է: Խորհրդային պետությունը, որտեղ միանձնյա կուսակցություն էր կառավարում և չկային շուկայական հարաբերություններ, ավելի մրցունակ էր, քան օլիգարխիկ պետությունը շուկայական հարաբերությունների ժամանակ:
– Ֆրանսիան ու Չինաստանը Հայաստանից անհամեմատ մեծ երկրներ են…
– Այո, բայց կարող եմ Սինգապուրի օրինակը բերել. Սինգապուրը մինչև 65 թ. սարսափելի օլիգարխված, թալանչի, անորակ պետություն էր, անգամ խմելու ջուր չունեին: Իրենք ուրիշ ճանապարհով գնացին՝ մի խումբ կրթված մարդիկ Լի Կուան Յուի գլխավորությամբ դրսից եկան, ստեղծեցին թիմ, հետո կուսակցություն, իշխանությունը վերցրին ընտրությունների միջոցով, և ոչ մեկի հետ կապված չէին ներսում: Սկսեցին փոփոխությունները, բայց քանի որ վտանգ կար, որ կարող է կապվեին, Լի Կուան Յուն շատ կոշտ պայման դրեց՝ յուրաքանչյուրը, թեկուզ իր ամենամոտ բարեկամը, ով նման քայլի կգնա, շատ դաժան ձևով կպատժվի: Եվ իր մտերիմներից մի խումբ մարդկանց շատ ավելի կոշտ պատժեց, քան օրենքով էր նախատեսվում:
Հայաստանը, ինչպես և ցանկացած պետություն, որ ուզում է թռիչք անել, պետք է իմանա աշխարհի լավագույն ձևերը և մշակի սեփականը: Չկա աշխարհում մի պետություն, որը տնտեսական կամ պետական կառավարման իմաստով թռիչք անի՝ պատճենահանելով մյուսին: Յուրաքանչյուր պետություն ունի իր առանձնահատկությունները: