Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի օրոք ամենատպավորիչ աճը գրանցել է հանքարդյունաբերությունը

Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց 2008 թ. ապրիլից: Անցած 6 տարիների ընթացքում արդյունաբերության ճյուղերից առավել «առաջանցիկ» աճ գրանցվել է հանքարդյունաբերությունում, որը, բնապահպանների գնահատմամբ, կործանման է տանում երկիրը: Այսպես, եթե 2008-ին արտահանվել է 67715 տոննա հանքաքար և պղնձի խտահանք, ապա 2013-ին դրա ծավալներն ավելացել են 2.5 անգամ՝ կազմելով 173207 տոննա: Գրեթե կրկնակի ավելացել է նաև մյուս հանքատեսակների արտահանումը: Ի՞նչ է սպասվում հանքարդյունաբերությանը՝ վարչապետի փոփոխությունից հետո:

Մեր այս հարցին ի պատասխան Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը տեսակետ հայտնեց, որ, ցավոք, որևէ էական փոփոխություն հանքարդյունաբերության և ընդհանրապես բնապահպանության ոլորտում սպասելի չէ և հանքերի շահագործման գիշատչային ծավալների նվազեցում ակնկալել պետք չէ:

«Վարչապետի պաշտոնը սիմվոլիկ է: Սիմվոլիկ է նաև ամբողջ կառավարությունը: Երկիրը ղեկավարում է նախագահը: Տիգրան Սարգսյանը բանկային համակարգն ուռճացրեց, հարկերը մեծացրեց, ժողովրդին տարավ ծայրահեղ աղքատության, բայց  դա արվեց նախագահի հետ միասին, ընդհանուր առմամբ իրական վարչապետ ՀՀ-ում գոյություն չունի»,- ասաց Հ.Սանասարյանը:

Ըստ նրա՝ երկրի ձախողումները միայն Տիգրան Սրագսյանին են վերագրում, իսկ Սերժ Սարգսյանի անունը չի էլ հնչում. «Վարչապետին փոխեցին,  մարդիկ ինչ որ չափով հանգստացան և սպասում են փոփոխության: Փոփոխություն կլինի միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանին փոխարինողը հայրենիքը ճանաչող մարդ լինի: Կամ էլ պետք է Սերժ Սարգսյանն ինքը փոխվի, գիտակցի, որ ինքը իր հարազատների ու կուսակիցների հետ  երկիրը հասցրել է կործանման եզրին ու փոխի իր քաղաքականությունը: Ամենևին կարևոր չէ, թե նոր վարչապետը իշխող կուսակցությունից է լինելու թե ոչ, միևնույն է, նրա փոխարեն տնտեսությունը «վարելու»  է նախագահը, իսկ կառավարական մակարդակով կողոպուտն ու կոռուպցիան վերագրվելու է վարչապետին, ում պաշտոնանկ անելիս ժողովուրդը շնորհակալություն կհայտնի նախագահին… Ընդհանուր առմամբ՝ այս ամբողջ ձախողումները ես վերագրում եմ Սերժ Սարգսյանին»:

Հ.Սանասարյանի խոսքով՝ ներկայումս միջուկային էներգետիկայի զարգացումը բարեբախտաբար սառեցված է, և այսօր ամենամեծ սպառնալիքը հանքարդյունաբերությունն է: «Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության տարիներին ընդերքի հարստությունների կողոպուտն ու բնության ավերումը պետական հիմքերի վրա դրեց, որից, ըստ հրապարակումների, անձնական շահ է ունեցել և ունի նաև ինքը, իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է իր ընկերոջ քաղաքականությունը: Եթե ուզում ենք, որ երկրում կարգ ու կանոն հաստատվի, ապա նախագահական համակարգը պետք է  վերանա, վերականգնվի մահապատիժը»,- ասաց Հ. Սանասարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս