Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ.

Դիմում ենք Ձեզ` որպես ՀՀ Սահմանադրության և օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովող ԵՐԱՇԽԱՎՈՐԻ։ Խնդրում եմ, հնարավորինս շուտ միջամտել ստեղծված անհասկանալի իրավիճակին և կանխել օրենքի նման ցինիկ խախտումը, որի հետևանքով այսօր ընտանիքս գտնվում է կործանման եզրին: Ձեզ դիմում է Երևանի պետական համալսարանի գիտաշխատող, որի ընտանիքը շուրջ 2 տարի ապրում է ահաբեկված, վախի ու կրիմինալի մթնոլորտում:

Հարգելի պարոն նախագահ, գրելու ու ներկայացնելու շատ մանրամասներ կան, բայց ես չեմ կարող լրիվ ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ 2012թ. մայիսի 11-ից հետո կորցրեցի հավատս ՀՀ իրավապահպանների նկատմամբ: Անուշադրության, կրիմինալի և Ոստիկանության սերտ հարաբերությունների, քաղաքական «մեջք» ունեցողների շնորհիվ խաթարվել է ընտանիքիս կյանքը: Մեղավորները շարունակում են անպատժելիության մթնոլորտում ազատ տեղաշարժվել:

Ինչո՞ւ: Պարոն նախագահ…

Ես խնդրում եմ, որ այս գործը մատների արանքով չանցկացնեն, իրենց «ապահովության» համար ՀՔԾ-ի քննչական խումբը, գործը վարող քննիչ Էդ. Հակոբյանը մարդկանց ճակատագրի հետ չխաղան ու օբյեկտիվ նախաքննություն վարեն: Այս դեպքում կպարզվի, որ Արտակ Ղուկասյանը մեղավոր չէ, և մեղադրյալի աթոռին կնստեն առևանգումը, ծեծն ու թալանն իրականացնողները` Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանը, նրա բաժնի աշխատակիցները, Արմանի Սարգսյանի եղբայրը` Գուրգեն Սարգսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, Մաթևոս Մելիքսեթյանը:

Ո՞նց կարելի է չարած բանի համար, ինչ-որ պաշտոնյաների ցանկությունից կամ ակնկալիքներից ելնելով, անմեղ մարդուն դատապարտել-կտրել ընտանիքից, անչափահաս երեխաներին ու թոշակառու ծնողներիս թողնել առանց խնամքի:
2012թ. մայիսի 11-ին Երևանի պետական ժողովրդական տնտեսության դասախոս, ՕՀՎ բաժնի աշխատակից Արտակ Ղուկասյանին խաբեությամբ նստեցրել են մեքենա, առևանգել, տարել Եղվարդ, դաժանորեն ծեծել, այնուհետև գիշերը Գուրգեն Սարգսյանը և Վահրամ Մկրտչյանը եկել են ծնողներիս տուն, սպառնացել, վերցրել տան ողջ ոսկյա զարդերը:

Արտակ Ղուկասյանին մայիսի 12-ին ծեծված ու խոշտանգված բերել են տուն: Ահաբեկված ընտանիքիցս մի քանի օրում խլել են Արտակ Ղուկասյանի բոլոր տարածքները, տարադրամի փոխանակման կետերը և լոմբարդները: Այս ամենի մասին բազմաթիվ ականատեսներ և մերձավոր բարեկամներ ցուցմունք են տվել ՀՔԾ-ում:

Ինչո՞ւ այս մարդկային կերպարով ստահակները չեն ենթարկվում պատասխանատվության: ՀՔԾ-ն թաքցնում է, չի ուզում պատժել: Ձեռք ձեռքի տված հանցագործների հետ` Հատուկ քննչական ծառայությունը կոծկում է ամեն ինչ:

Մեծարգո պարոն նախագահ։

Ավելի քան ութ ամիս` 2013 թվականի օգոստոսի 24-ից Արտակ Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ: Արտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով: 2014թ. մարտի 12-ին «Առավոտ» թերթում տպագրվեց Արտակ Ղուկասյանի կնոջ` Գոհար Բաղրամյանի` Ձեզ ուղղված նամակ- խնդրանքը: Մարտի 14-ին ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը ներկայանում է մեկուսարան, ավելացնում ևս երկու հոդված`179-րդ հոդված, 325 հոդված, և գործն անմիջապես փակում:

Քննչական մարմնի նման «օպերատիվությունը» կարող է փաստել և փաստում է մեկ բանի մասին. քննիչը փորձում է «ծածկադմփոց անել», անտեսել առևանգումն ու գործն ուղարկել դատարան` առանց առևանգման փաստերը հաշվի առնելու: Ազդեցիկ որոշ անձանց համար առիթ է ստեղծվել եղբորս «փակելու», և այն անմիջապես օգտագործվել էր: Եղբայրս հանցագործ չէ, նա երբեք չի խուսափել հարցաքննությունից, փորձել է հնարավորինս աջակցել նախաքննական մարմնին` իրականությունը բացահայտելու համար:

Քննիչը ստիպված է լինելու խոստովանել, որ ուզում է եղբորս ուղարկել ճաղերի հետև` հանցագործության բացակայությամբ, իսկ թե ինչո՞ւ…, որովհետև այս հանցագործներն ունեն բարձրաստիճան հովանավորողներ, իսկ նախնական կալանքի տակ գտնվող եղբորս բարոյապես ոչնչացնելու գործելակերպը որդեգրած քննչական խումբն այս ճանապարհով փորձում է վերջնականապես ընկճել ընտանիքիս:

Հարգելի ՀՔԾ-ի քննչական խումբ, չե՞ք մտածում, որ վաղն այդ հանցագործները, հնարավոր է, Ձեր ընտանիքին, բարեկամին կամ մերձավորին վնասեն:

Պարո՛ն նախագահ, կրկին ու կրկին ի լուր աշխարհի պատասխանատվորեն հայտարարում և պնդում եմ, որ իմ և իմ ընտանիքի հետ կատարվածը եղբորս բիզնեսներին տիրանալու անհագուրդ ցանկությունն էր, որ ստիպեց նրանց` գնալ այս քայլերին, իսկ հանցագործությունների հեղինակներին խրախուսելով` թույլատրում է շարունակել իրենց սև գործը… Հույս ունեմ, որ առևանգողները, այլևս չունենալով սրա-նրա հետևում թաքնվելու հնարավորություն, կկրեն խստագույն պատիժ`ինձ ու իմ ընտանիքին վերադարձնելով այն ամենը, ինչ «գողացել են այս տարիների ընթացքում»… Ցավոք, շատ լավ գիտեմ, որ ամեն բան չեն կարող վերադարձնել:

Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ դիմում է մի մարդ, ով երբևիցե չի դրժել իր խոսքը և չի խուսափել որևէ պատասխանատվությունից: Եղբայրս` նույնպես… Օգնեք խնդրում եմ` վերականգնել արդարությունը, փրկեք ընտանիքիս վերջնական կործանումից:
Պարոն նախագահ, ինչպես Դուք նշում եք Ձեր ելույթներում` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ:

ԼԻԼԻԹ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Երևանի պետական համալսարանի գիտաշխատող

Տեսանյութեր

Լրահոս