Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունենալու Նալբանդյանի մոսկովյան աշխատանքային այցի (ապրիլի 2-4) շրջանակներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործանախարարների հետ հանդիպելու մասին:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մարտի 24-ին՝ Հաագայում անցկացված միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպումից հետո Ուորլիքն այն որակել էր որպես դրական:



