Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն Ղրիմի համար չի պատժի Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականին

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն չի պլանավորել Ռուսաստանի հավաքականին զրկել 2014 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելուց: Այս մասին նշված է ամերիկացի սենատորներին ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի հասցեագրած նամակում:

Մարտի սկզբին ԱՄՆ Հանրապետական կուսակցության սենատորներ Մարկ Կերկն ու Դեն Կոուտսն առաջարկել էին արգելել ռուսական թիմի մասնակցությունն այս տարի Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից, ինչպես նաև Ռուսաստանին զրկել 2018 թվականին ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից:

Վալկեի խոսքերով՝ ազգային հավաքականները չեն կարող պատասխանատվություն կրել իրենց երկրի ղեկավարության գործողությունների համար: Ի պատասխան՝ սենատոր Կոուտսը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն հրաժարվում է պատժել Ռուսաստանին՝ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի և Ղրիմը բռնակցելու համար՝ անտեսելով սեփական պատմությունը:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն որակազրկել էր Հարավսլավիայի ֆուտբոլային հավաքականին և չէր թույլատրել մասնակցել 1992 թվականի Եվրոպայի և 1994 թվականի Աշխարհի առաջնություններին՝ Բալկանյան պատերազմների ժամանակ այդ երկրի հակաիրավական պահվածքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս