
Թուրքիայի ՍԴ-ը չեղյալ է հայտարարել Twitter-ի արգելափակումը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը երեկ դիտարկել է Twitter-ի միկրոբլոգների ցանցի փակման հարցը: ՍԴ-ը վճռել է, որ սոցցանցի փակումը հանդիսանում է օգտատերերի ազատ արտահայտվելու խախտում և որոշել է չեղյալ հայտարարել Twitter-ի արգելափակումը: Այդ որոշումն իրագործվելու համար ուղարկվել է համապատասխան կառույցներին:
Թուրքիայում Twitter-ն արգելափակել էին մարտի 21-ին, այն բանից ժամեր անց, ինչ դրա հնարավորության մասին հայտարարել էր երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նա ընդգծել էր, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են գնալ նաև Youtube-ի ու Facebook-ի փակմանը, որպեսզի երկրի քաղաքացիներին պաշտպանեն արտաքին ազդեցությունից:
Մարտի 27-ին Youtube-ում տեղ գտավ մի աուդիոձայնագրություն, որում խոսք էր գնում Թուրքիայի ԱԳՆ-ի ու ուժային կառույցների գաղտնի խորհրդաժողովի մասին, որում նրանք քննարկում էին Սիրիա ներխուժելու պլանները: Դրանից հետո Թուրքիայում արգելափակել էին Youtube-ը: