Երևանի քաղաքապետարանը արձագանքել է ՄԻՊ գրասենյակի հրապարակած զեկույցին
Նախ և առաջ հարկ եմ համարում նկատել, որ Երևանի քաղաքապետարանը թերևս երբևէ չի փորձել ներկայացնել իր գործունեությունը միայն դրական շեշտադրումներով և առանց մատնանշելու թերությունները։ Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ ՄԻՊ 2013 թվականի զեկույցում որպես «թերություններ» մատնանշվել են խնդիրներ, որոնց մի մասում, օրենքը յուրովի մեկնաբանելու արդյունքում, հանգել են եզրակացության, ըստ որի քաղաքապետարանի գործունեությունը որակվել է որպես թերացում: Որոշ դեպքերում էլ ակնհայտորեն անտեսվել է կատարած աշխատանքը, այդպիսով թերևս փորձելով առավել «հնչեղ» դարձնել ներկայացված զեկույցը։ Ինչևէ, ՄԻՊ գրասենյակի կողմից որպես «թերություններ» որակված խնդիրների վերաբերյալ հասարակությանը բազմակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նույն հերթականությամբ ներկայացնեմ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը։
Ինքնակամ շինարարության վերաբերյալ
Օրենսդրությունը հստակ տարանջատում և սահմանում է «ինքնակամ շինարարություն» հասկացությունը և այդ առումով Երևանի քաղաքապետարանը որևէ նոր սահմանման կամ, առավելևս, տարանջատման լիազորություններով օժտված չէ։ Ինչ վերաբերում է որպես հիմնավորում բերված օրինակին, ապա այն, ըստ էության, որևէ կերպ չի ներկայացնում խնդրի էությունը, քանի որ խնդիրն առնչվում է դեռևս 2003 թվականին օրինականացված ինքնակամ կառույցի վարձակալության իրավունքով զբաղեցրած հողատարածքի օտարման ձևին: Ասել կուզի բերված օրինակը բացարձակապես կապ չունի այն եզրակացության հետ, որին հանգել է ՄԻՊ գրասենյակը։
Մանկապարտեզների վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակի հարցը, ինչպես և նշված է ՄԻՊ-ի հիմնավորման մեջ, դեռևս 2012 թվականից օրակարգային է քաղաքապետարանի համար և այն լուծելու ճանապարհին չպետք է առաջանան մարդու իրավունքի հետ կապված նոր խնդիրներ։ Մասնավորապես խմբերի սահմանված թվաքանակի ապահովման հարցը, ըստ էության, կարող է կարգավորվել և կարգավորվում է ավագ խմբերի ավարտական գործընթացի համատեքստում։ Միաժամանակ խնդիրը հնարավորինս կարգավորված է փաստացի հաճախող երեխաների(թվաքանակի) պարագայում, ուստի երեխաների անհրաժեշտ խնամքի վերաբերյալ եզրակացությունը չի կարող հիմնավորվել երեխաների ցուցակային թվով, իսկ մանկապարտեզների համար հերթագրված և մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունեցող երեխաների ու ընտանիքների հիմնախնդիրը առկա է ցանկացած զարգացած և զարգացող երկրի քաղաքներում ու Երևանն էլ, ցավոք սրտի, բացառություն չէ։ Ինչ վերաբերում է նախկին թաղային համանքների ավագանիների համապատասխան որոշումներով մանկապարտեզների տարածքների վարձակալության տրամադրման խնդրին, ապա այս հարցն իր օրենսդրական և իրավական լուծումը կարող է ստանալ միայն վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Տրանսպորտի սակագնի վերաբերյալ
Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, քանի որ այն օրենսդրական պահանջ չէր։ Միաժամանակ, հնարավոր չէ չնկատել, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի հետագա բոլոր գործողությունները ուղղված են եղել խնդրի հնարավորին հրապարակային ներկայացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։ Ինչ վերաբերում է սակագնի հետ կապված նոր առաջարկների հիմնավորմանն ու կիրառելիությանը, ապա հուսով ենք որ Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված հանձնաժողովում ընդգրկված ՄԻՊ ներկայացուցիչը հետայսու ավելի ակտիվ ու ստեղծագործ աշխատանք կցուցաբերի, դրանով իսկ նպաստելով խնդրի կարգավորմանն ուղղված մեր ջանքերին։
Ավտոկայանատեղերի վերաբերյալ
Երևանում ավտոմեքենաների կայանատեղերի համակարգի ներդրման հետ կապված ՄԻՊ եզրահանգումները նույնպես կարելի է համարել գրասենյակի կողմից օրենքի յուրովի մեկնաբանության արդյունք: Որոշ դեպքերում անգամ առաջադրվում են օրենքից չբխող պահանջներ, որոնցից է օրինակ հաշմանդամների համար անվճար կայանատեղիների հատկացումը։
Փողոցների ասֆալտապատման վերաբերյալ
Հայտարարում ենք, որ որևէ փողոց կրկնակի չի ասֆալտապատվել, իսկ մայրաքաղաքի փողոցները՝ անկախ դրանց տեղաբաշխման վայրից, յուրաքանչյուր տարի ասֆալտապատման ծրագրերում ընգրկվում են՝ ելնելով դրանց բարեկարգման աստիճանից և ծանրաբեռնվածությունից, մասնագիտական խմբի համապատասխան դիտարկումների արդյունքում։ Այս առումով ՄԻՊ գրասենյակի եզրակացությունները մասնագիտական որևէ խորքային վերլուծություն չեն պարունակում։
Քաղաքաշինական նորմերի պահպանման վերաբերյալ
Մայրաքաղաքում ապօրինի շինարարությունը կանխելու համար քաղաքապետարանը բոլոր օբյեկտների նկատմամբ ձեռնարկել և ձեռնարկում է օրենսդրությամբ իրեն վերապահված միջոցները՝ առանց որևէ բացառության։ Ինչ վերաբերում է շինթույլտվության տրամադրման ընթացակարգի վերաբերյալ ՄԻՊ-ի որակավորմանը, ապա հայտարարում ենք, որ դրանք տրամադրվել և տրամադրվում են օրենսդրությանը համապատասխան՝ քաղաքաշինական նորմերի պահպանմամբ։
Կոմայգու վերաբերյալ
Տարակուսանք է առաջացնում մանկական զբոսայգու հետ կապված եզրահանգումը, երբ հասարակությանը հուզող գլոբալ խնդիրը չգիտես ինչու կապվում է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության հետ։
Մատչելիության վերաբերյալ
Երևանի շինությունները տասնամյակների պատմություն ունեն և դրանց անմատչելիության հիմնախնդիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար այսօր չի առաջացել։ Այդուամենայնիվ Երևանի քաղաքապետարանը այս խնդրի հնարավորին արագ կարգավորումը համարում է իր գերակա ուղղություններից մեկը և այդ ուղղությամբ առնվազն վերջին տարիներին իրականացված աշխատանքները պետք է որ հուշեին ՄԻՊ գրասենյակին խուսափել նմանօրինակ եզրակացություն ներկայացնելուց, հատկապես որ իր զեկույցի վերջում նույն խնդրի լուծմանն ուղղված քայլերը ողջունվել են։ Հակասությունն ուղղակի ակներև է։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյան