«Տեսախցիկներ և արագաչափեր. անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ»
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի վարորդ, որը խախտման համար չի ենթարկվի վարչական պատասխանատվության: Չկա այնպիսի տրանսպորտային միջոց, որի խախտումը չի արձանագրվի տեսախցիկների կամ արագաչափերի կողմից»,- ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Տեսախցիկներ և արագաչափեր. անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով բանավեճի ընթացքում:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ տեսախցիկների և արագաչափերի տեղադրումն իրականացվել է լուրջ իրավական թերացումներով. «Ընդհանրապես տեսալուսանկարահանող սարքերը միջամտություն են մարդկանց անձնական կյանքի հարգանքի իրավունքին: Դրանց տեղադրումը պետք է իրականացվեր նորմատիվ ակտերով, որը չի արվել»: Զեյնալյանը նշեց, որ սարքերի տեղադրումից հետո ոստիկանությունն օրական մոտավորապես 8.000 մարդու ենթարկում է վարչական պատասխանատվության:
Այս պնդմանը ոստիկանության ներկայացուցիչները հակադարձեցին, որ թիվը չափազանցված է և իրականում օրական մոտավորապես 3.000-4.000 մարդ է ենթարկվում վարչական պատասխանատվության:
Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ մարդիկ հիմնականում բողոքում են, որ սարքերը տեղադրվում են այն վայրերում, որտեղ շատ խախտումներ կան: «Ո՞րտեղ տեղադրվեն այդ սարքերը: Այն վայրերում, որտեղ իրավախախտում չկա՞: Այդ սարքերի տեղադրման վայրերի որոշման հիմքում դրված է ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքները»:
Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանն հավելեց, որ եղել են վայրեր, որտեղ շատ պատահարներ, խախտումներ ու խցանումներ են եղել. «Սարքերը տեղադրելուց հետո վերլուծությունները ցույց տվեցին, որ այդ դեպքերը կտրուկ նվազել են: Դրանից հետո որոշում է կայացվել այդ արագաչափը տեղափոխել մեկ այլ վայր: Դրանից հետո էլ այդ վայրերում պատահարներ տեղի չեն ունեցել»:
«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը էլ նշեց, որ տեսանկարահանող սարքերի առնչությամբ բողոքների իրենց ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարորդները բոլորովին պատրաստ չէին այդ կտրուկ, բուռն փոփոխություններին. տեսախցիկ և արագաչափ, «քանի որ դեռ Խորհրդային Միության վարորդներն իրենց վկայականները կաշառքներով էին ստանում: Տեսախցիկների տեղադրումից հետո մարդիկ սկսեցին սովորել ճանապարհային երթևեկության կանոնները»:
«Մեդիա կենտրոն»