Քառյակի շուրջօրյա հանրահավաքներին մասնակցելու են նաև առաջնորդները

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները առայժմ չեն որոշել՝ մինչև ապրիլի 28-ը քառյակի ղեկավարների մակարդակով հանդիպում կլինի՞, թե՞ ոչ: Այսօր ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստից հետո, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մինչև կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ԱԺ ներկայացնելը, ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների առաջնորդները կհանդիպե՞ն, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց.

«Առաջնորդների հանդիպման հետ կապված քննարկումներ անընդհատ լինում են, բայց կոնկրետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, քննարկումները շարունակվում են, ամբողջ խնդիրը ժամանակի ճիշտ ընտրության մասին և այս հարցով մենք մեր գործընկերների հետ դեռ քննարկում կունենանք: Իսկ գաղափարի դեմ ոչինչ չկա, հարցը մարտավարական է՝ ճիշտ ժամանակը որոշելու մեջ է»:

Հարցին, թե ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքներին քառյակի առաջնորդները կմասնակցե՞ն, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Հանրահավաքին մասնակցում են չորս քաղաքական ուժերը, ի՞նչ է նշանակում… այն տպավորությունն եք ստեղծել, որ քաղաքական չորս ուժերի առաջնորդները դուրս են այս համաձայնությունից: Նման բան չկա: Խոսքը գնում է քաղաքական ուժերի ամբողջական մասնակցության մասին, ամբողջական…»:

168.am-ի հարցին, թե քառյակը շուրջօրյա հանրահավաքներ սկսելով հույս ունի ազդե՞լ Հանրապետական մեծամասնության վրա, որը լուրջ չի վերաբերում քառյակի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, ճնշո՞ւմ գործադրել ՀՀԿ-ի դիրքորոշման վրա, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այո, և ուզում եմ, որ դուք էլ այդ հույսը ունենաք, որովհետև հույսի կորուստն ամենավատ բանն է: Մենք հավատում ենք, որ ժողովուրդը կտեսնի, որ միավորվելով առաջացել է հնարավորություն, առանց ցնցումների նորմալ գործընթացով հասնել հարցերի լուծման:

Ես այդ հույսն ունեմ, դրա համար է այդ հույսը մեզ բերել այս գործընթացի ակունքներ: Փորձում ենք հնարավորը ներդնել, որ կարողանանք հաջողել, և ես հույս ունեմ, որ հասարակությունը դա կտեսնի: Իշխանություններն էլ եթե չտեսնեն, ի վերջո, կհասկանան, որ այսպես շարունակել հնարավոր չէ և սա վեր է ածվում ավելի մեծ պայթյունի: Եթե իրենք չեն հասկանում, որ պետք է ժամանակին զիջել, ընդունել, որ իրավիճակն իսկապես ճգնաժամային է…»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե մեծամասնությունն ինքն իր մեջ չունի այնքան ողջամտություն՝ հասկանալու համար, որ այսպես այլևս հնարավոր չէ, այդ երկներում, այո, իշխանության փոփոխությունը տեղի է ունենում հեղափոխական ճանապարհով: Միաժամանակ Ա. Ռուստամյանն ասաց, թե իրենք այդ ճանապարհով գնալ չեն ուզում: «Իսկ մենք դա չենք ուզում անել: Պառամենտարիզմը սա է. նշանակում է ԱԺ դերի համապաատսխան ընկալում, սահմանադրական լազորությունների իրականացում, եթե իրենց լսենք՝ 84-րդ հոդվածը կհանենք Սահմանադրությունից, որովհետև խորհրդարանում մեծամասնություն կա, չեն հասկացել ժողովրդավարական ինստիտուտների մեծամասնությունը»,- մանրամասնեց նա:

Հարցին, թե շուջօրյա հանրահավաքներին Մայդա՞ն է լինելու, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Ազատության հրապարակ»:

Տեսանյութեր

Լրահոս