
Կիևի քաղաքականությունը սպառնում է հանգեցնել Ուկրաինայի փլուզմանը. Շոյգու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՇՀԿ-ի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում իշխանափոխություն իրականացնելու համար օգտագործվել է «Արաբական գարնան» տիպի սցենար.
«Կիևյան ղեկավարության կողմից նեոնացիստների հետ խաղերի մեջ մտնելը և ռուսատյաց տրամադրությունների բորբոքումը կարող է աղետալի լինել ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ ողջ Եվրոպայի համար: Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Ուկրաինայի արևելյան ու հարավային մարզերում, ուր ազգայնականները ձգտում են ճնշել ռուսալեզու բնակչության ելույթները, այդ թվում նաև ուժի կիրառմամբ:
Ղրիմի ժողովուրդը տվյալ իրավիճակում հարցը դրեց կոշտ և հաստատակամ: Հանրաքվեին, որին մասնակցեց քաղաքացիների 83 տոկոսը, ավելի քան 97 տոկոսը կողմ արտահայտվեց Ռուսաստանի հետ վերամիավորմանը: Ստեղծված իրավիճակում ուկրաինական պետականության համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում են ոչ թե Ռուսաստանի գործողությունները, այլ՝ Ուկրաինայի ներքին ճգնաժամը:
Ուկրաինայի պետականության սպառնալիքը գալիս է ոչ թե Ռուսաստանի կողմից, այլ՝ ներքաղաքական ու տնտեսական խոր ճգնաժամից: Ճգնաժամից դուրս գալու ելքը բացառապես գտնվում է իրավիճակի քաղաքական կարգավորման հարթության վրա: Կիևի քաղաքականությունը սպառնում է հանգեցնել Ուկրաինայի փլուզմանը»: