«Ծառուկյանի խաղատունը չի կաշկանդի նրան գնալ իշխանության դեմ». Սմբատ Կարախանյան. Ժամանակ

«Ժամանակի» զրուցակիցն է Մոսկովյան «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:

– Հայաստանը մասնակցեց ՄԱԿ-ի ԳԱ-ում ուկրաինական բանաձևի քվեարկությանը, որը զարմանալիորեն բավականին սուր ընկալվեց ընդդիմության ներկայացուցիչների և այլընտրանքի կողմից: ԲՀԿ ներկայացուցիչները բացահայտ հայտարարեցին, որ Հայաստանը պետք է ու կարող էր ձեռնպահ մնալ քվեարկությունից: Ի՞նչ՝ ԲՀԿ-ն այլևս ռուսամետ չէ՞, այն դեպքում, երբ համարվում էր ՀՀ-ում ՌԴ-ի համար ամենավստահելի քաղաքական ուժերից մեկը:

-Եթե ԲՀԿ-ի դիրքորոշման մասին ենք խոսում, պետք է կոռեկտ լինենք, պաշտոնական հայտարարություն ԲՀԿ-ն չի տարածել այն մասին, որ դեմ է եղել ՄԱԿ-ի ԳԱ-ում ՀՀ իշխանությունների քվեարկությանը: Եղել են ԲՀԿ-ական անհատների կարծիքներ, դրա համար մենք չենք հիմնվում առանձին անհատների կարծիքների վրա, այլ առաջնորդվում ենք կուսակցության պաշտոնական հաղորդագրությամբ: Բնական է, որ ոչ կուսակցությունը, ոչ կուսակցության նախագահը պաշտոնական հայտարարություն չի արել: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն մեծ կուսակցություն է, բնական է, կարող են լինել տարաձայնություններ, տարակարծություններ, այստեղ քննարկելու հարց չկա:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը, այստեղ մի կողմից ցանկալի կլիներ, որ Հայաստանն ունենար իր դեմքը, իր դիրքորոշումը, ուժեղ, լեգիտիմ իշխանությունները, որոնք կարողանային նման բարդ իրավիճակներում սեփական կարծիքը, սեփական դիրքորոշումները մշակել, հավասարակշռված քաղաքականությամբ քվեարկեին սեփական քննարկված դիրքորոշմամբ, այլ ոչ թե մեկ օր առաջ ասեն մեկ բան, բայց հետո անեն այլ բան: Տեխնոլոգիապես նման կերպով որոշումների ընդունումը խայտառակություն է իշխանությունների համար: Հայաստանի համար շատ կարևոր էր պաշտպանել մարդկանց ինքնորոշման դիրքորոշումը, այսինքն՝ ազատ կամքի դրսևորմամբ, կարևոր չէ՝ ինչպես, ոնց, ինչ պայմաններում, բնական է, որ 90%-ը Ղրիմում ռուսներ են և ռուսալեզու, ավանդական կապերով են կապված Ռուսաստանին: Հայաստանի համար նման իրավիճակում ինքնորոշում պաշտպանելը կլիներ կատաստրոֆիկ Հայաստանի իշխանությունների համար: Այսօրվա դրությամբ Հայաստանը չէր կարող նման խաղաքարտից զրկվել և չպաշտպանել Ղրիմի ինքնորոշման իրավունքը:

-Այսինքն՝ ըստ Ձեզ, դա ստիպված քայլ էր պարզապես:

-ՀՀ իշխանությունների վարքն ու ձևը ցույց է տալիս, որ իրենք անվստահ են, թույլ են, անհիմն են: Այս իրավիճակում նույնիսկ ճիշտ քայլերն անում են այնպես, այնպիսի իրավիճակում, որ դա խայտառակություն է հիշեցնում: Հաշվի առնելով դաշնակցային հարաբերությունները՝ այլ քվեարկություն դժվար էր սպասել, եթե հաշվի առնենք նաև Ղարաբաղի հարցը: Բայց հստակ է, որ հայաստանյան իշխանությունները պատեհապաշտ են, ով որտեղից ավելի շուտ ու ավելի համոզիչ ասի, այդ որոշումն էլ այդ պահին կընդունվի: Խայտառակ իրավիճակ է: Հարցն այն է, որ Հայաստանում անարյուն իշխանափոխություն տեղի ունենա, լեգիտիմ իշխանափոխություն, որոնք կտանեն հստակ արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, կարողանան բաց դեմքով խոսել համաշխարհային գերտերությունների հետ: Այսօրվա դրությամբ այս վիճակն անընդունելի է: Անկանխատեսելի գործընթացներ են տեղի ունենում:

-Դուք գիտեք, որ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել Տիգրան Սարգսյանին: Դուք խոսում եք իշխանափոխության անհրաժեշտության մասին, Հայաստանում հասարակության մեծ մասը դրան է ձգտում, Հայաստանում հիմա բանավեճերը շատ են և հարցը հետևյալն է ՝ ինչո՞ւ փոխել մեկ օլիգարխին մյուսով, ի՞նչ իմաստ ունի ռուսամետ իշխանությանը փոխել ռուսամետ ընդդիմությամբ:

-Դժբախտությունն այն է, որ իշխանափոխության մասին խոսում ենք արտաքին կողմնորոշման դիտանկյունից: Սխալն այդտեղից է գալիս, պետք է տեսնենք ռուսամետ, թե արևմտամետ, պետք է նայենք, թե Հայաստանի բնակչությունը, ժողովուրդը ում կընտրի, կընտրի՞ արդյոք իշխանություն, որը կունենա հստակ ծրագիր՝ այս իրավիճակից ՀՀ տնտեսությունը հանելու, արտագաղթը վերացնելու, աշխատատեղեր ձևավորելու և հավասարակշռված ու մտածված արտաքին քաղաքականություն իրականացնելու: Այ սա է կարևորը, դրանից հետո մտածենք՝ Հայաստանի այդ ուժը, որը կգա, առավել ևս, երբ դա կլինի դաշինք, դաշինքի մեջ կլինեն և ռուսամետներ, և արևմտամետներ, և հայամետներ: Հարցը սրանում է: Եթե միանգամից նայում ենք ռուսամետությանը, ապա ասենք, որ ՀՀ իշխանություններն ամենևին էլ ռուսամետ չեն: ՌԴ իշխանությունները ՀՀ իշխանություններին ռուսամետ չեն համարում, ՀՀ իշխանություններն աթոռամետ են:
ՀԱԿ-ն այսօր, որքան էլ քննադատենք, դրական գործոն է, ՀԱԿ-ն այն հիմքն է, որի հիման վրա կարող է նման ծրագրային փոփոխություններով Հայաստանում տեղի ունենալ իշխանափոխություն:

-Այդ դեպքում ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբման մասին, բերում Իվանիշվիլի-Ծառուկյան համեմատություններ:

-Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես զուգահեռներ է անցկացնում, դա չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլի է, դա չի նշանակում նաև, որ Իվանիշվիլին այնքան լավն էր, որ նրան դարձնում ենք էտալոն: Գիտենք, որ այդ չորս ուժերը շատ տարբեր ուժեր են, բայց այս ուժերի միավորմամբ ունենք իշխանությունների ձևավորման ալգորիթմ: ՀԱԿ-ը Ծառուկյանի շուրջ համախմբման խնդիր չի դրել, չկա նման բան: Ծառուկյանը, որպես դեմք, մեծահարուստ, կուսակցության ղեկավար, ով մեծ բարեգործական ծրագրեր է իրականացնում, չորս ուժերի միավորման ծրագրում ակտիվ դերակատարություն ունի, բնական է, որ այս հարցում այս նպատակի ակտիվ անդամներից մեկն այդ թիմում է: Պետք է հարգանքով վերաբերվել նրանց, ովքեր ուժեր են ներդնում, չնայած դրանից առաջ եղել են իշխանական կոալիցիայի մեջ, իրավիճակը փոխելու ուղղությամբ և ճիշտ ուղի են որդեգրել:

-Բայց կարո՞ղ ենք արդյոք հավատալ, որ Հայաստանում մեծ բիզնեսներ ունեցող, խաղատուն ունեցող անձը կարող է իսկապես դուրս գալ իշխանությունների դեմ:

-Պետք է նայենք իրական փաստերին: Ծառուկյանի կուսակցությունը գտնվում է չորս ընդդիմադիրների շարքում, ակտիվ դիրքորոշման մեջ է, Ծառուկյանը հանդիպում է մնացած կուսակցությունների առաջնորդների հետ, ինքն էլ այդ ճանապարհի վրա է, հասկանում է, որ այսօրվա դրությամբ երկրում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի ու փոխվի լեգիտիմ իշխանությունների կազմավորման հետ կապված: Վերանանք անձերից, այսօրվա դրությամբ, չորս կուսակցությունները միացել ու հստակ գիծ են տանում, չորս կուսակցությունները ճիշտ ուղղության վրա են ու հայանպաստ ու պետականամետ գործունեություն են ծավալում: Եթե Ծառուկյանին խաղատունը կաշկանդի, չի մասնակցի, կարող է՝ մասնակցում է: Որոշ ժամանակ անց կամ Ծառուկյանն իր անձնական որոշումը կընդունի, մենք կտեսնենք, բայց դրանից կուսակցությունների համախմբումը տարբեր ֆորմատներով չի տուժելու և գնալու է առաջ ու գալու իր արդյունքին: Եթե կասի, որ չի գնում իշխանության դեմ, որ չկորցնի խաղատները, ապա նոր կարելի է խոսել այդ մասին:

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս