Բաժիններ՝

Հովհաննես Բաբախանյան. «Եթե դերասան չլինեի, երևի թե Ամերիկայում առհասարակ չէի հայտնվի»

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի Դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանն արդեն մի քանի տարի ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, բայց  նրա դերակատարումները բեմում և մասնակցությունը զանազան հեռուստատեսային նախագծերին շատերս ենք հիշում: Այն ամենը, ինչի մեջ սիրտ ու հոգի է դրվում, չի մոռացվում ոչ ժամանակի և ոչ էլ տարածության մեջ:

– Պրն Բաբախանյան, որքա՞ն ժամանակ է՝ գտնվում եք ԱՄՆ-ում:

– Արդեն 4 տարի է, ինչ ԱՄՆ-ում եմ:

– Ի՞նչն էր ԱՄՆ տեղափոխվելու Ձեր որոշման պատճառը:

Կարդացեք նաև

– Հոլիվուդյան  կինոաշխարհում գտնվելու մեծ ցանկությունն ու առաջարկը:

– Ցավոք, հայերի մեծամասնությունը հայտնվելով օտար երկրներում՝ ոչ միշտ է կարողանում աշխատել իր մասնագիտությամբ: Ձեզ հաջողվե՞լ է խուսափել այդ իրականությունից:

– Փառք Աստծո, ես այն բացառիկ երջանիկներից եմ, ով ԱՄՆ գալու առաջին իսկ օրից զբաղվում է իր մասնագիտությամբ: Ես խաղում եմ թատրոնում,  նկարահանվում եմ ֆիլմերում, երգում եմ՝ հիմնականում ամերիկյան  մշակույթի երգեր: Ասեմ, որ երբեմն ամերիկյան համերգների ընթացքում կատարում եմ նաև հայկական երգեր:

Hovhannes Babaxanyan (2)

Hovhannes Babaxanyan (1)

– Ձեր դուստրերից մեկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր իր լուսանկարը, որտեղ գրիմի և սանրվածքի փոփոխության միջոցով Ձեզ էր մարմնավորել: Ձեր աղջիկները մասնագիտական ի՞նչ ուղի են ընտրել:

– Աղջիկներս` Լիան և Էլլան, ուսանում են «Վուդբարի»  համալսարանում: Ուսումնասիրում են հոգեբանություն և հեռուստատեսային լրագրություն: Իսկ տղաս` Գոռը, ավագ դպրոցում է սովորում և հետաքրքրված է հեռուստատեսությամբ և համակարգչային անիմացիայով:

– Հայաստանում արդեն երկար ճանապարհ անցած և  ճանաչում ձեռք բերած դերասանին ի՞նչը ստիպեց կամ միգուցե պատճառ հանդիսացավ, որ  ամեն ինչ թողնի և զրոյից սկսի ԱՄՆ-ում:

– Փառք Աստծո, որ ես զրոյից չեմ սկսել: Ես նույն մարդն եմ, պարզապես խաղում եմ նաև անգլերեն լեզվով:

Hovhannes Babaxanyan (3)

– Եղե՞լ են պահեր, երբ զղջացել եք ԱՄՆ տեղափոխվելու Ձեր որոշման համար:

– Եղել են կարոտի պահեր, բայց հաղթահարվել են, որովհետև հաճախ եմ գալիս Հայաստան և վայելում երկրիս սերն ու ջերմությունը:

– Ինչո՞ւ ենք հայերս այդքան սիրում Ամերիկան:  Հայտնի է, որ ԱՄՆ-ը օրենքի երկիր է:  Եվ մենք՝ հայերս, որ հերթ կանգնել անգամ  չգիտենք, ձգտում ենք մի երկիր, որտեղ  ամեն ինչ համակարգված է:

– Ոչ միայն Ամերիկա ենք ձգտում: Հայերս ամենուր ենք: Բայց որտեղ էլ որ լինենք, պահպանում ենք մեր ինքնուրույնությունն ու հայ լինելը:

– Եթե չլիներ Ձեր մասնագիտական աշխատանքը, ինչո՞վ կզբաղվեիք Ամերիկայում Ձեր ընտանիքը «պահելու» համար:

– Եթե ես դերասան  չլինեի, երևի թե Ամերիկայում էլ առհասարակ չէի հայտնվի:

– Որքանո՞վ է  հեշտ ադապտացվել օտար երկրում:

– Ես շատ երկար ու բարդ ստեղծագործական ճանապարհ եմ ընտրել: Ես իմ երկրի զավակն եմ և առանց իմ հանդիսատեսի՝ չեմ կարող ինձ լիարժեք զգալ: Այդ պատճառով էլ հաճախ եմ գալիս Հայաստան:  Վերջերս մեծ շուքով նշվեց իմ 45 և ստեղծագործական կյանքիս 25-ամյակը: Եվ ես արժանացա Թատերական գործիչների միության ոսկե մեդալին:  «Գրիգոր Նարեկացի»  հուշամեդալի` Մշակույթի նախարարության կողմից, և Մայերնիի դեսպան մեդալակիր եմ` Սփյուռքի նախարարության կողմից: Իսկ իմ հարազատ Դրամատիկական թատրոնն ինձ շնորհեց «Դրամատիկական թատրոնի զինվոր» մեդալ:

– Հայտնի է, որ բավականին սերտ հարաբերությունների մեջ եք ԱՄՆ-ում բնակվող և ստեղծագործող հայ արվեստագետներից շատերի հետ: Պատմեք նրանց  մասին:

Hovhannes Babaxanyan (4)

– Ես շատ բարձր եմ գնահատում Էմիլ Գազազի արվեստը: Այն կերպարներն ու վեհ տրամադրությունը` շաղախված  բարձր, գերպրոֆեսիոնալ կատարմամբ, որ կրում են նրա  գործերը, ինձ համար  անփոխարինելի են: Վարպետն ինձ նկարեց հենց ծննդյանս օրը:  Իմ հրաշք ընկերոջ՝  տաղանդավոր նկարիչ Գագո Օգանեսյանի միջոցով հիմնականում շփվում եմ նկարիչներ Տիրան Սարգսյանի,  Զոհրաբ Կեմկեմյանի, Ալեքսանդր  Սադոյանի  և այլոց հետ: Հաճախ ներկա եմ լինում  նրանց ցուցահանդեսներին և ամեն անգամ հպարտորեն համոզվում, որ մենք՝ հայերս, իսկապես տաղանդավոր ազգ ենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս