«Գլխավոր հարցն այն է, թե ինչպես են տնօրինվում հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտները». Քրիս Մորան
Շաբաթվա սկզբին Երևանում տեղի ունեցած «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովի հյուրերի թվում էր նաև Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի Կայուն հանքանյութերի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Քրիս Մորանը։ Զեկույցից հետո Ք. Մորանը պատասխանեց մեր մի քանի հարցերին։
– Պրն Մորան, Դուք հանդիսանում եք նաև Հանքարդյունաբերության և զարգացման միջազգային կենտրոնի տնօրենը։ Կարծիքներ կան, որ հանքարդյունաբերությունն ու զարգացումը միմյանց հակասող երևույթներ են, այսինքն` հանքարդյունաբերությունը չի կարող տանել դեպի զարգացում։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
– Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերությունը կարևոր, առաջնային նշանակություն ունի տնտեսության համար։ Տնտեսական համակարգը` առանց հանքարդյունաբերության, չի կարող գոյություն ունենալ։ Այն անհրաժեշտ է, պարզապես հարցն այն է` ինչպե՞ս այն պետք է տեղի ունենա, որտե՞ղ։ Հատկապես զարգացող երկրների համար կարևոր է այն հարցը, թե որտեղից է առաջանում փողը։ Ոչ բոլոր երկրներն են կարողանում ապահովել իրենց բնակչության բարեկեցությունը, կերակրել աշխատուժին։ Այնպես որ, նման հայտարարություններ անելիս պետք է զգույշ լինել, միանշանակ չպնդել, որ զարգացման այդ ճանապարհն անիմաստ է։ Կարելի է հակառակ հարցը տալ` եթե դուք ունեք բնական ռեսուրսներ, սակայն որոշում եք դրանք չզարգացնել, չօգտագործել, ինչպե՞ս եք ապահովելու ձեր բնակչության բարեկեցությունը։ Ահա այս հարցին է պետք պատասխանել։
– Այսինքն` պետք է այլընտրանքային ուղինե՞ր առաջարկել այդ դեպքում:
– Այո։ Եվ պետք է ճշմարտությունն ասել մարդկանց։ Եթե ձեր երկրի կառավարությունը ժողովրդի հետ անկեղծ լինի, ասի ճշմարտությունը, ապա դուք մոտ ապագայում ցածր եկամուտ ունեցող երկիր չեք լինի։ Մեր նստած տեղից 2 հարյուր մետր այն կողմ ես տեսա Armani-ի, Versace-ի խանութներ, և մեզնից ոչ ոք չի գնում այնպիսի ապրանքներ, որոնք անիմաստ ենգ Հարցեր են հնչում` ինչպե՞ս է հանքարդյունաբերությունը տեղի ունենում, կամ ինչպե՞ս է ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության կշռի փոփոխությունն ազդում տնտեսության վրա։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչպես են տնօրինվում հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտները։ Այսինքն` մենք հանգում ենք հետևյալին` լա՞վ եք դուք կառավարում եկամուտները։ Կարծում եմ` հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է, և, ասենք, Transparency International-ի պես հասարակական կազմակերպությունները պետք է ստիպեն այդ հանգամանքի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Հարցի մյուս կողմն էլ այն է, թե հանքարդյունաբերությունը որքանո՞վ է կատարվում շրջակա միջավայրի հաշվին, որքանո՞վ է վնաս հասցնում։ Այս դեպքում նույնպես ուշադրությունը պետք է կենտրոնացնել պետական կարգավորման վրա և հավաստիանալ, թե թույլտվությունները` լիցենզիաները, որքանով են հիմնավորված։ Այսինքն խնդիրը ոչ միայն եկամուտներն ու ծախսերն են, այլև շրջակա միջավայրը: Բնապահպանությունը պետք է լինի ուշադրության կենտրոնում, և պետք է վստահ լինենք, որ շրջակա միջավայրը պահպանվում է։
– Ձեր զեկույցում նշում էիք, որ կայուն զարգացման համար հարկավոր է նվազագույնի հասցնել ապագա սերունդներին ուղղված ռիսկերը։ Պետք է գտնել հավասարակշռության կետը` այսօրվա պահանջմունքների և ապագա սերունդների շահերի միջև։ Ինչպե՞ս և ո՞վ պետք է գտնի այդ կետը։
– Այո, չի կարելի գործել` ապագայի հաշվին։ Ինչպե՞ս վարվել` դա շատ բարդ հարց է։ Կարելի է ասել, որ 21-րդ դարի հարցն է`կա՞ արդյոք անսահման հնարագիտություն, կարո՞ղ է արդյոք մարդ արարածը լուծել բոլոր խնդիրները։ Ցավոք, մենք դեռ նման շռայլության հնարավորություն չունենք։ Այսինքն` մենք պետք է պատասխանատու դիրքորոշում որդեգրենք, ինչը նշանակում է, որ ապագա սերունդները պետք է կարողանան շտկել, վերականգնել մեր գործողությունների այսօրվա արդյունքները։ Դրանք չպետք է անլուծելի խոչընդոտներ ու խնդիրներ դառնան։ Օրինակ, մենք կարող ենք ուշադրությունը կենտրոնացնել ռեսուրսների փոխարինման հնարավորությունների վրա. այսօր օգտագործվող ռեսուրսները փոխարինել այնպիսի ռեսուրսներով, որոնք ավելի քիչ բացասական ազդեցություն ունեն։ Սա ավելի ճիշտ ճանապարհ է, քան ասելը` մենք չպետք է օգտագործենք այս պղինձը, որովհետև ապագա սերունդը չի կարող վերականգնել այն։ Սա մի տեսակ աբսուրդային պնդում է։ Մենք պետք է օգտագործենք մեր գիտելիքները, մեր արժեքային համակարգն ու սկզբունքները` հասկանալու համար ապագա սերունդների համար հնարավոր խնդիրներն ու մտածելով առաջընթացի մասին։
– Դուք նաև նշում էիք, որ ամբողջ աշխարհում հանքարդյունաբերական ընկերությունների և բնապահպանական կազմակերպությունների միջև կոնֆլիկտներն ավելացել են։ Մյուս կողմից` ընկերությունները հավաստիացնում են, որ ստանդարտները բարձրացրել են, պահանջները` խստացվել, և իրենք ավելի քիչ վնաս են պատճառում շրջակա միջավայրին։ Սա հակասություն չէ՞։
– Սա, որոշ իմաստով` պարադոքս է, սակայն կփորձեմ բացատրել։ Դա պետք է դիտարկել երկու տեսանկյունից` հանքարդյունաբերական ընկերությունների և հասարակության։ Ընկերություններն անում են այն, ինչ պետք է անեն, և հասարակության ճնշման տակ, կամ սոցիալական պատասխանատվության ազդեցությամբ` գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում բնապահպանական նորմերին, քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է հասարակությանը, այն դառնում է ավելի տեղեկացված, ընկերությունների հետ կապն ավելի է սերտանում: Հատկապես տեխնոլոգիական առաջընթացի, մեզ շրջապատող այս սարքերի` պլանշետների, ինտերնետի շնորհիվ հաղորդակցությունը շատ է հեշտացել։ Եվ տեսնելով ընկերությունների հնարավորությունները` հասարակությունը պահանջում է ավելին։ Այսինքն` որքան ընկերությունը զարգանում է և ավելին է անում, այնքան նրա նկատմամբ պահանջները մեծանում են։ Սա, իհարկե, գիտականորեն հիմնավորված ուսումնասիրություն չէ, այլ իմ կարծիքը։
– Ձեր երկիրը` Ավստրալիան, հանքարդյունաբերական խոշորագույն երկրներից մեկն է։ Շահե՞լ է արդյոք մեծ հաշվով Ավտրալիան` շեշտը դնելով այս ուղղության վրա։
– Մինչև պատասխանելը հստակեցնեմ` այո, Ավստրալիան ունի զարգացած տնտեսություն և զարգացած հանքարդյունաբերություն։ Սակայն այն չունի կատարյալ տնտեսություն ու կատարյալ հանքարդյունաբերություն։ Մեզ մոտ նույնպես կան մարդիկ, որոնք կատեգորիկ դեմ են հանքարդյունաբերությանը։ Կան նաև մարդիկ, որոնք մի քանի սերունդ զբաղվում են այդ գործով, և հանքարդյունաբերությունը նրանց կյանքն է։ Ունենք նաև մարդկանց մեկ այլ խումբ, որոնք բավականաչափ հարուստ են։ Սակայն նրանք ոչ թե դեմ են հանքարդյունաբերությանը, այլ գտնում են, որ դա պետք է լինի ոչ թե իրենց քաղաքում կամ երկրում, այլ մեկ ուրիշ տեղում։ Օրինակ` Հայաստանում։ Սա, իմ կարծիքով, անընդունելի մոտեցում է։ Վերադառնամ հարցին` Ավստրալիան շահե՞լ է հանքարդյունաբերությունից։ Այո, շահել է։ Ավստրալիան այսօր զարգացած տնտեսություն ունեցող երկիր է, որի տնտեսության հիմքն են ցորենը, բուրդը, հանքարդյունաբերությունը։ Մենք ունենք բավականաչափ լավ կառավարման համակարգ, շրջակա միջավայրի կառավարման լավ մեխանիզմ, հասարակության ակտիվ ներգրավվածություն։ Ունենք նաև նորմալ օրենսդրություն, վերահսկողության մեխանիզմներ։ Սա շատ կարևոր է, որովհետև այս ամենի հիմքում պետք է դրվեն ոչ թե բանավոր խոսքերը կամ ընկերությունների ղեկավարների արժեքային համակարգը, այլ պետք է լինեն կարգավորման հստակ մեխանիզմներ, կոնկրետ չափորոշիչներ, ստանդարտներ, կանոններ։ Կառավարությունը պետք է այդ ամենը հրապարակայնացնի` կոնկրետ տվյալների, արձանագրությունների և այլ փաստաթղթերի ձևով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան տեսնել և հասկանալ։
– Եթե երկրում քաղաքական և տնտեսական ինստիտուտները կայացած չեն, և եթե կառավարության նկատմամբ չկա բավարար վստահություն, կարո՞ղ է արդյոք հասարակությունը պատասխանատու հանքարդյունաբերության հույս ունենալ, թեկուզ, եթե լինի լավ օրենսդրություն, և Ձեր ասածի պես` ամբողջ տեղեկատվությունը հասանելի լինի հանրությանը։
– Կան շատ երկրներ, որոնք ունեն այս խնդիրը։ Սակայն այս դեպքում խոսքն արդեն հանքարդյունաբերությանը չի վերաբերում. դա ավելի խորքային, ավելի բարդ հարց է` կապված ընդհանուր արժեքային համակարգի, թափանցիկության և այլ գործոնների հետ։ Նման հարցերի լուծման համար երկար ժամանակ է պահանջվում։ Այն, ինչ կարելի է անել այս պահին` ձգտել հասնել փոքր հաղթանակների։ Կարճ ժամանակում շատ հեռուն գնալ չես կարող։ Իսկ վստահությունը պետք է կառուցել հենց տարբեր հարցերում փոքրիկ հաղթանակների հասնելու շնորհիվ` երկխոսության, քննարկումների և համագործակցության միջոցով։ Օրինակ, կարելի է քննարկում սկսել հենց նույն հանքարդյունաբերության հարկման մեխանիզմների առումով։ Եթե դուք համաձայն չեք կառավարության հետ, ապա կարող եք քննարկել և բանակցել տարբեր հարցերի շուրջ։ Եթե չեք վստահում կառավարությանն ու գտնում եք, որ երկխոսելն իմաստ չունի, ապա կարող եք ընտրությունների միջոցով փոխել կառավարությանը։ Իսկ եթե դուք չեք կարողանում փոխել վատ կառավարությանը, ապա ձեր խնդիրը շատ ավելի ֆունդամենտալ է։
– Համաժողովը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել, կարո՞ղ է նպաստել պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը Հայաստանում։
– Կարծում եմ` այո։ Սա հենց իմ նշած փոքր հաղթանակներին հասնելու միջոցներից մեկն է։ Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե համաժողովը կարող է լուծել առկա խնդիրները։ Սակայն այն թույլ կտա ձևակերպել այդ խնդիրները, քննարկել դրանք, կարծիքներ արտահայտել ու երկխոսել։ Սա կարող է երկար ճանապարհի սկիզբը դառնալ։ Այնպես որ, կարծում եմ` համաժողովը դրական փոփոխությունների կբերի։