Էս երկրում կարգուկանոն պիտի լինի՞, թե՞ չէ

Ասել, թե ՀՀ նախագահը կտրված է իրականությունից, խիստ, կամ՝ մեծ չափազանցություն կլինի: Կարող եմ հիշատակել երկու դեպք, որ հակառակը կապացուցի: Տարիներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով արտագաղթի պատճառների մասին` լավագույն վերլուծություն-գնահատականը տվեց:

Նա վստահ պնդեց, որ արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն են, այլ երկրում տիրող «գաղջ» մթնոլորտը: Նման բացատրությունը չափազանցություն չես համարի: Ավելին՝ երկրում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի իր մի այլ գնահատականում նախագահը պաշտոնատար անձանց պարտադրեց «Դուք»-ով խոսել մեր երկրի պարզ քաղաքացիների հետ:

Մեկ-երկու ամիս առաջ խոսելով «Պարտադիր-կուտակային» կոչվածի մասին, նախագահն ասաց, որ երկրի բնակչության 80 տոկոսը դեմ է այդ բարեփոխումներին: Սա էլ բավական օբյեկտիվ գնահատական էր: Ընդամենն այս շաբաթ սոցիոլոգիական գրասենյակներից մեկը (Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա) հրապարակեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ իր հետազոտության արդյունքում Երևանում դեմ է բնակչության 88,7 տոկոսը:

Ընդունեք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրության ոչ մասնագետի համար բավական ճշգրիտ է նախագահի գնահատականը: Բայց ի՞նչ օգուտ դրանից մեր հասարակությանը, որ երկրի նախագահը բավարար չափով տեղյակ է ու իրազեկված:

Արդեն մի քանի ամիս է՝ անհնար է հետևել մեր քաղաքական մեծ ու պուճուր գործիչների խոսքին: Նրանց ելույթներն ուղիղ խոսքով տարածող բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները պարտավոր են սպառողին զգուշացնել, որ դրանք ունեն տարիքային սահմանափակում՝ (18+ նշանով), և որ այդ տեսաձայնագրություններում, մեղմ ասած, ոչ նորմատիվային բառապաշար է կիրառվում:

Իսկ ավելի պարզ, կամ Քրեական օրենսգրքի բառապաշարով ասած՝ սեռական բնույթի հայհոյանքներ կան: Խորհրդարանի վերջին նիստում Կրթության ու գիտության նախարարը պատգամավորներին բարոյախոսական խրատի պես մի քանի դասախոսություն կարդաց և իրեն բնորոշեց բարեկրթության ժամանակավոր նախարար: Հասարակությունը սիրով ականջալուր կլիներ այդ կոչին: Եթե, իհարկե, չհիշեր, որ մի քանի շաբաթ առաջ հանրակրթական դպրոցներից մեկի ուսուցիչը հարցազրույցում իր աշակերտին՝ Շանթ Հարությունյանի որդուն, «խլուրդ» ու «ճիճու» էր անվանել: Արդի ֆեյսբուքահայության կարկառուն ներկայացուցիչ բարեկիրթ նախարարը չարձագանքեց: «Ուսուցիչը» շարունակում է զբաղվել մատաղ սերնդի դաստիարակությամբ: Ճիշտ այնպես, ինչպես լրագրողին վիրավորած` Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը:

Նրա վարքն օրինակելի է դարձել նաև կառավարության անդամների համար: Այս շաբաթ էլ Բնապահպանության նախարարը խոստացավ լրագրողի «ականջները կտրել ու բուռը տալ»: Նախարարին հունից հանել էր բնապահպան ակտիվիստների պահվածքը: Ռուբեն Հախվերդյանն իր «Բարի լույս տիկին Արուս» երգում տիկնոջ ամուսնուն նկարագրում է այսպես. «Մարդը քո՝ վարպետ Արտաշը, վարքով բռի էր ու անտաշ»: Հետո շարունակում է. «Երբ խմում էր` հայոյում էր, հիշում՝ մորդ անպայման»: Այնուհետև պոետն արդարացնում է վարպետ Արտաշին, ասելով՝ «վաղեմի սովորություն է՝ մարդ պետք է արտահայտվի»: Հիմա էս վաղեմի սովորությունը մեր դուռն է չոքել:

Պատգամավորներն ու պաշտոնյաներն աջ ու ձախ արտահայտվում են: Ճիշտ ու ճիշտ անտաշ ու բռի վարպետ Արտաշի նման: Իսկ մենք պարտադիր պիտի լսենք նրանց գեղգեղանքը: Բոլորս՝ մեծ ու փոքր, մայր ու մանուկ, աշակերտ ու ընթերցող:

«Մամուլում կատաստրոֆա է»,- հայտարարում է «բարեկրթության նախարարի պաշտոնակատարը»: Չնկատելով իր կուսակցական գործընկերների ու ենթակաների «բառամթերքը»:

Իսկապես անտակտություն է, երբ խորհրդարանում երիտասարդ նախարարին ասում են. «Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի խոսքերին»: Բայց դա բարեկիրթ մարդուն իրավունք չի տալիս բանավեճի հակառակորդին անվանել «դալտոնիկ» կամ «իմպոտենտ»:

Անտաշ ու բռի վարպետ Արտաշը բանվոր մարդ էր, ոչ քաղաքական գործիչ էր, ոչ կառավարության անդամ, ոչ էլ 4-5 կուսակցություն փոխած պատգամավոր: Համենայն դեպս, հրապարակային ելույթներ չէր ունենում, բարոյախոսական խրատներ չէր տալիս: Ի վերջո, սեփական բնակարանում էր արտահայտվում, ի տարբերություն մեր «բարեկիրթ գիտունիկների»:

Ավելին՝ վարպետ Արտաշի արտահայտածները լսելու հնարավորություն մեր նախագահը չուներ: Բայց ընդունեք, որ դժվար է ամիսներ շարունակ ձևացնել, թե չես լսում քո կուսակցակից գործընկերների ելույթները: Եթե անգամ նախագահ ես ու խիստ ծանրաբեռնված հայրենաշինության առօրյա հոգսերով:

Իրավիճակն ինձ խորհրդային հին անեկդոտ է հիշեցնում. «Ատոմային սուզանավի նավապետը գոռալով հարցնում է. «Ո՞վ արձակեց բալիստիկ հրթիռը, ո՞վ սեղմեց կոճակը», ոչ ոք չի պատասխանում: Զայրացած նավապետը շարունակում է. «Ամերիկայի հերն էլ անիծած, էս նավի վրա կարգուկանոն պիտի լինի՞, թե՞ չէ»:

Հիմա հետաքրքիր է, ե՞րբ է մեր նախագահն ասելու` «Գաղջ մթնոլորտի հերն էլ անիծած, էս երկրում կարգուկանոն պիտի լինի՞, թե՞ չէ»: Թե՞ իսկապես, ով ինչ լեզվին գա` ասելու է: Ասելու է ու շարունակի պաշտոնավարել:

Տեսանյութեր

Լրահոս