Եկել է Սևանին պարտքերը վերադարձնելու ժամանակը. Վլադիմիր Մովսիսյան. Ecolur

«Մենք ունենք ՀՀ նախագահի կոնկրետ հանձնարարությունը, անմիջական ղեկավարությունը և աջակցությունը, որ Սևանա լիճը հիվանդ է, պետք է բուժել, որ Սևանա լիճը իր ռեսուրսներով մեզ օգնել է, եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը»: Ինչպես փոխանցում է Էկոլուրը՝ այս մասին մարտի 5-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստում հայտարարել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

«Պատրաստվել է 15 փորձագիտական եզրակացություն և դրանք ներկայացվել են ՀՀ նախարարություններին` Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների, Էներգետիկայի և բնական պաշարների, Տարածքային կառավարման, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեին: 15 եզրակացությունից որևիցե մեկը չի հակասել Սևանի մասին գործող օրենքներին»,- ասաց Վլադիմիր Մովսիսյանը:

«Քանի որ հանրապետությունում շրջանառվում են տարբեր մեկնաբանություններ Սևանա լճի վերաբերյալ, թույլ տվեք ձեզ հաղորդեմ որոշակի համառոտ տեղեկություններ իրական վիճակի և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ: Սևանա լճի ծավալը 1933-ից մինչև 2002 թ-ը իջել է` 58 միլիարդ խմ հասնելով մինչև 32.7 միլիարդ խմ, մակարդակը նվազել է շուրջ 20 մետրով, ինչը բերել է անցանկալի փոփոխությունների: Հիմնականում կարևոր նշանակություն ունեն երեք բաղադրիչ` մակարդակի բարձրացումը, ջրերի մաքրության ապահովումը և կենսաբազմազանության վերականգնումը: Վերջին 12 տարիների ընթացքում Սևանի մակարդակը բարձրացել է 3 .9 մ, իսկ դա նշանակում է, որ լճում ջրի ծավալը ավելացել է 5 միլիարդ խմ-ով: Հիմա մենք ունենք 37.7 միլիարդ խմ ջուր Սեւանում:

Սևանի մասին օրենքներով նախատեսված էր յուրաքանչյուր տարի լճի մակարդակը բարձրացնել միջին թվով 21.6 սմ: Մենք այսօր այս վերջին տարվա տվյալներով հասել ենք այդ ծրագրի ժամանակացույցի 2019 թ-ի մակարդակին, այսինքն, 6 տարով արագ տեմպերով ենք լիճը բարձրացրել, քան պետք է բարձրացնեինք: Ես դա շատ դրական եմ համարում»,- ասաց Վլադիրմիր Մովսիսյանը: Ըստ նրա`սակայն դժվար է սպասել էական դրական ջրաբանական ռեժիմի փոփոխությանը, քանի դեռ Սեւանի մակարդակի նախատեսված 6 մետրով բարձրացմանը չենք հասել: «Կարեւորը, որ այդ աշխատանքները պետք է շարունակել և որ այսուհետ իրավունք չունենք ունենալ Սևանի ջրի հաշվեկշռի բացասական ցուցանիշ»,-ընդգծեց Վլադիմիր Մովիսիյանը:

«Լճի մակարդակի վերաբերյալ ամենալուրջ խնդիրը կապված է Արփա-Սևան թունելի դեֆորմացված հատվածների վերականգնման ծրագրի հետ , որը իրականացնում է կառավարությունը: Ծրագրի արժեքը 11.8 միլիարդ դրամ է: Վերջին 4 տարիներում 7.5 միլիարդը իրականացվել է և առաջիկա 3 տարիների ընթացքում այդ 3. 5 կմ երկարությամբ դեֆորմացված հատվածները կվերականգնվեն: Դեֆորմացումը տեղի է ունեցել տեղանքի ինժեներաերկրաբանական իրավիճակի, ինչպես նաև այդ հատվածներում դեկտոնիկ ճնշումների բարձրացման պատճառով: Աշխատանքները իրականացվում են սակավաջուր ամիսներին: Անցյալ տարի Արփա-Սևանով լիճ է տեղափոխվել 137 միլիոն խմ ջուր, իսկ երբ ավարտվեն աշխատանքները` տարեկան կտեղափոխվի 250-260 խմ: Լճից ջրի բացթողումները անցյալ տարի ոռոգման նպատակով կազմել են 169 միլոն խմ, նախորդ տարի` (2012թ.) 317 միլիոն խմ»:

Ըստ Վլադիմիր Մովսիսյանի` ափամերձ տարածքներից 1660 հեկտարի վրա մաքրել են անտառները, ապամոնտաժել և տեղափոխվել են առանց փոխհատուցման 362 շենք- շինություն, բոլոր ինժեներական կառուցվածքները, որոնք ջրածածկվել էին, տեղափոխված են:

Իսկ լճի էկոլոգիական վիճակի վերաբերյալ պատկերը, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, հետևյալն է.«Մակարդակը բարձրացել է, հատակի ջերմաստիճանը արդեն նվազել է 5-6 աստիճանով: Լճի ջրի լուսաթափանցելիությունը, նախկինում իջել էր 3-4 մետր , հիմա ափերի մոտ 8.5-10 մետր է, իսկ լճի կենտրոնում միչև 11 մետր: Ձկան պաշարների որոշակի ավելացում գոյություն ունի, եթե նախորդ տարիներին միայն էնդեմիկ տեսակների որոշակի չնչին ավելացում կար, անցյալ տարի մենք մոնիտորինգով փաստել ենք նաև սիգ ձկնատեսակի քանակի ավելացում»:

Վլադիմիր Մովսիսյանի խոսքով` անխնա օգտագործման պատճառներով ձկնային պաշարներին հասցվել է հսկայական վնաս. «Սևանի էնդեմիկ ձկնատեսակների արհեստական բազմացման, վերարտադրության շնորհիվ դրական տեղաշարժ կա: Վերջին 7 տարիների ընթացքում բնապահպանության նախարարության միջոցով Սևանա լիճ է լցվել ավելի քան 2 միլիոն մանրաձուկ, և այս բոլորը բերել է արհեստական վերարտադրության բարելավմանը, բայց սա խնդրի լուծումը չէ: Եթե մենք չենք կարողանում պայմաններ ստեղծել բնական վերարտադրության համար, մենք դրական արդյունքի հասնել չենք կարող: Արհեստականի հետ միասին շարունակում ենք նաև ցանցավանդակային եղանակով ձկներ աճեցնելու պիլոտային ծրագիրը: Պիլոտային ծրագիրը ավարտված է, մոնիտորինգը արված է և պետք է շարունակվի: Այստեղ մենք մեզ համար տեսնում են 2-3 խնդիր, որոնք կարող են նպաստել բնական վերարտադրությանը: Առաջինը` ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերի բնական հուների վերականգնումը և մաքրության ապահովումը: Հաջորդը` այդ 10 գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի խնդիրն է, որոնք իրենց կառույցներով արգելակում են ձկների ազատ հոսքը դեպի վերև, դեպի բնական ձվադրում: Մենք մոնիտորինգի ենք ենթարկել դրացից 7-ը, 7-ում էլ գտել ենք զգալի թերություններ ձկնթող համակարգի առումով: Դրանց վերաբերյալ մենք առաջարկությունները ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը և ՀՀ նախագահին: Հիմա կառավարությունը մտել է ՀՀ Ազգային ժողով, որպեսզի օրենքով արգելի այդ գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումը և եղած բոլոր ՀԷԿ-երը տեխնոլոգիապես և տեխնիկապես կառուցել այնպես, որ չխոչընդոտեն ձկների վերարտադրությանը»,- նշեց Վլադիմիր Մովսիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս