Բաժիններ՝

Տավարաբուծության տապալումը-4. Հայ ֆերմերները «մրից ելել, մրջուրն են ընկել»

«168 Ժամը» ամիսներ առաջ անդրադարձել էր «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ. ծրագրից» տուժած հայ ֆերմերների խնդրին, գրել էր, որ Եվրոպայից ներկրված երինջների մեծ մասը, տեղի պայմաններին չադապտացվելով, անկել էր, սակայն, անկախ դրանից, ֆերմերները պետք է 4 տարում վճարեին դրանց արժեքը (10%, 20%, 30%, 40%-ի չափով):

Նաև գրել էինք, որ ֆերմերները նամակով դիմել էին ՀՀ նախագահին և Գյուղատնտեսության նախարարին` ծրագրի շրջանակներում ներկրվող երինջների դիմաց վճարների ժամկետները երկարաձգելու համար, և հուսով էին, որ խնդրին դրական լուծում կտրվի: Անցած տարի դեկտեմբերի վերջին, ասուլիսում ամփոփելով ձեռքբերումները, Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ուսումնասիրում է երինջների հետ կապված խնդիրը, իսկ ֆերմերների հետ համաձայնություն էր ձեռք բերվել, որ ԳՆ-ն ծրագրում կներառի ներկրված երինջների ձագերին:

Պարզելու համար, թե ի՞նչ զարգացումներ կան, դիմեցինք ԳՆ լրատվական ծառայություն: Մեզ պատասխանեցին, որ ներկրված երինջների հետ կապված բոլոր հարցերի քննարկման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառված են հանրապետության առաջատար գիտնականները:

Մասնավորապես` պրոֆեսորներ Գ. Գիլոյանը և Ա. Աբրահամյանը և դոցենտ Տ. Չիթչյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարանից), գյուղ.գիտ դոկտոր Խ. Սիմոնյանը (գիտական կենտրոնից): Ներկայումս կատարվում են ուսումնասիրություններ, որին կհաջորդի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ և կորոշվի ծրագրի հետագա ընթացքը:

Կարդացեք նաև

Ըստ գերատեսչության` երինջների պահանջարկ կա (այս տարվա համար` շուրջ 300 գլուխ): Ընդ որում, երինջ ցանկացողների մեջ կան նաև այնպիսի ֆերմերներ, որոնք տնօրինում են նախկինում ներկրված կենդանիներ (Գ. Փիլոյանը, ով անցած տարի ձեռք է բերել 10 երինջ, և այլն): ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2007-2013-ի ընթացքում հանրապետություն է ներկրվել 1811 գլուխ տոհմային երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների: Վերջիններիս մեծ մասը սահմանված ժամկետներում կատարել են պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարումները, սակայն 11 տնտեսվարողներ վճարումներն ուշացնելու պատճառով կուտակել են պարտքեր, որը բռնագանձելու նպատակով նրանց նկատմամբ հարուցվել են դատական հայցեր:

Հարցին` արդյոք ֆերմերներից երինջների ձագերին ձեռք բերելու պայմանավորվածությունն ուժի մե՞ջ է, ԳՆ-ից պատասխանել են, թե` «կենդանիների ներկրման դեպքում անպայման կքննարկվի տեղական վերարտադրության արդյունքում ստացված տոհմային երինջների ձեռքբերման հարցը: Այդ նպատակով նախարարությունը գրավոր դիմել է առաջատար տնտեսություններին` տոհմային հաշվառում և կենդանիների բոնիտավորում իրականացնելու, ինչպես նաև` վաճառքի ենթակա կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու առաջարկությամբ: Բայց փետրվարի վերջի դրությամբ դեռևս որևէ ընկերությունից որևիցե առաջարկություն չի ստացվել»:

Սակայն տոհմային երինջներ բուծող առաջատար տնտեսություններից մի քանիսի ղեկավարները մեզ հետ զրույցում հայտարարեցին, որ երինջների վերաբերյալ նման հաշվետվություն իրենցից պահանջվել է անցած տարվա վերջին, որը և առանց ուշացնելու ներկայացվել է նախարարություն: Նրանք տարակուսեցին, թե ինչո՞ւ է նախարարությունը հակառակը պնդում: Ֆերմերները հիշեցրին, որ ծրագրի հաստատման մասին ՀՀ կառավարության որոշումը չի պարտավորեցնում

Գյուղնախարարությանը` երինջներն անպատճառ արտերկրից բերել: ԳՆ Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն էլ չէր ժխտել, որ երինջները կարող են ձեռք բերել նաև հայ ֆերմերներից:
Ֆերմերները հաստատեցին, որ դատական գործընթացներ են սկսվել, և արդեն նիստեր են տեղի ունեցել:

«Մուլտի Ագրո» ընկերությունը ծրագրի առաջին տարում ձեռք էր բերել 21 երինջ, որոնցից 2-ն անկել էին` 3 օրվա, իսկ մնացածը՝ 1 տարվա ընթացքում: Չնայած կենդանիների անկմանը, Գյուղատնտեսության նախարարությունը պահանջել էր վճարել ամբողջ գումարը` զիջելով միայն 1 կենդանու արժեքը:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը վրդովված հայտնեց, որ ԳՆ-ն իրենից 8 մլն դրամ է պահանջում, թեև երինջների ողջ արժեքը՝ 25 մլն 470 հազար դրամ, վճարվել է առանց ուշացման: Ընդ որում, ըստ նրա, հոկտեմբերին ընկերության դեմ դատարան դիմելուց հետո, նախարար Սերգո Կարապետյանն անձամբ իրեն հրավիրել է նախարարություն և ներողություն խնդրել, հավաստել, թե հայցը ետ կվերցնեն, ու գործ չի հարուցվի. «Այս տարիքում ես պետք է դատարա՞ն գնամ, ինչո՞ւ: 1952-ից ես պետության լիազորն եմ, երբեք ոչ մի աշխատանքի մեջ ոչ մի թյուրիմացություն թույլ չեմ տվել, անունս անաղարտ եմ պահել, դարձել 80 տարեկան, որ հիմա դատարան կանչե՞ն: Սա՞ է իմ վարձը»:

«Մուլտի Ագրոյի» ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը պարզաբանեց, որ 8 մլն դրամը հաշվարկվել է` որպես տուգանք. «Իրականում ոչ միայն չվճարման, այլ նաև ուշացումների խնդիր էլ չունենք: Վճարումն ամբողջությամբ կատարվել էր, խնդիր էր առաջացել 2-3 օրվա ուշացումների, երբ գրագրություն է եղել ընկերության և նախարարության միջև` պարզելու առաջին օրերին անկած երինջների հետ կապված ընթացիկ վճարումների չափերը»: Նա հայտնեց, որ ընկերությունը հակընդդեմ հայց է ներկայացրել ԳՆ-ի դեմ և պահանջում է 25 մլն դրամից ավելի:

Ընդ որում, Մանթաշյանի խոսքով, երինջների ձեռքբերման պայմանագրով ԳՆ-ն պարտավոր էր հատուկ սննդակարգ մշակել, հատուկ բուժսպասարկում անցկացնել և ասել, թե յուրաքանչյուր երինջի հետ ինչպես պետք է վարվեն, բայց ոչ մի անգամ ոչինչ չի արվել, և նույն խնդիրը բոլոր ֆերմերների մոտ է:

«Մուլտի Ագրոյի» դեմ ԳՆ-ի դատական առաջին նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է մարտի 4-ին, հաջորդը նախատեսվում է մարտի 28-ին:

Մարտի 4-ին Չարենցավանի դատարանում կայացել է նաև «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ դեմ հարուցված դատական վարույթի գործով նախնական նիստը: ԳՆ-ի պահանջը նույնն է` գումարի բռնագանձում: Բայց գործի քննությունը հետաձգվել է 2 շաբաթով` հենց ԳՆ ներկայացուցչի խնդրանքով, որպեսզի կողմերը հաշտության եզրեր գտնեն: Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունն արդեն ինքն է շահագրգռված ծրագրի շրջանակներում «եվրոպական» երինջների ձագերին ձեռք բերելու հարցում, ինչը թույլ կտար ընկերությանն այդ գումարով փակել պետության պարտքը` շուրջ 92 մլն դրամ: 2007-ից սկսած ընկերությունը 4 անգամ մասնակցել էր ծրագրին և ձեռք բերել ընդհանուր առմամբ 359 տոհմային երինջ, որոնց մեծ մասը նույնպես անկել էին:

Հետաքրքրական է, որ ԳՆ-ի միջնորդությամբ կալանք էր դրվել «Արզնու Տոհմային ԹՏԽ»-ի ոչ միայն գույքի, այլև դրամական միջոցների վրա, այն դեպքում, երբ ընկերության գույքի արժեքը կազմում է հայցագնի տասնապատիկը: Իսկ պետության շահը պաշտպանելու` նախարարության այս «ջանասիրության» հետևանքով ընկերությունը կրել է խոշոր վնասներ, բայց դրանց փոխհատուցման մասին խոսք չկա:

Նախարարության «արդարադատ» կացնի տակ է հայտնվել նաև «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊ ընկերությունը, որը 2009-ին և 2010-ին ծրագրով ձեռք է բերել 286 երինջ, որոնցից 122-ն անկել էր 2010-2013 թթ. ընթացքում: Ներկայումս ընկերության պարտքը պետությանը կազմում է մոտ 71 մլն դրամ: Գործը գտնվում է Աշոցք և Ամասիայի ընդհանուր իրավասության դատարանում, որն, ի դեպ, նույնպես բավարարել էր ԳՆ-ի միջնորդությունը և կալանք դրել ընկերության գույքի ու դրամական հաշիվների վրա: Դատական նախնական առաջին նիստը կայացել է մարտի 3-ին: «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ղեկավար Արմեն Խեչոյանի խոսքով` ԳՆ-ն կատարել է իր պարտավորությունների ընդամենը 15%-ը, մինչդեռ ֆերմերներից առանց երկմտելու պահանջում է ժամանակին վճարել պարտավորությունները: Ընկերությունում, հիշեցնենք, երինջներին ձեռք բերելուց շատ չանցած բոլոր կենդանիները հիվանդացել էին դաբաղով, ինչը պետք է բացառվեր, քանի որ երինջները ֆերմերներին պետք է հանձնվեին պատվաստված:

Սյունիքի մարզից ֆերմեր Ատոմ Առաքելյանը, ով 2010-ին ձեռք էր բերել 33 երինջ, և որոնց մեծ մասն անկել էր, Գն-ին պարտք է 12 մլն դրամ` հավելած տույժ-տուգանքները: Մեզ հետ զրույցում Ա.Առաքելյանը հայտնեց, որ 2 տարին պարտաճանաչ վճարել է կենդանիների փողը, իսկ անցած տարի առաջացած դժվարությունների պատճառով ուշացրել է, և իր դեմ ևս ԳՆ-ն դատական հայց է ներկայացրել: Նիստը կայանալու է մարտի 6-ին, իսկ մինչ այդ կրկին կալանք էր դրվել գույքի վրա: «Խնդրել էի ժամանակ տալ` մինչև այս տարվա հունիս-հուլիսը, բայց, փաստորեն, չեն համաձայնել: Ես այս ծրագրից միայն վնաս եմ կրել, հիմա էլ չեմ կարող փակել պարտքը, պետք է ֆերման վաճառեմ»,- ասաց ֆերմերը:

Կոտայքի մարզի Ալափարս գյուղից ֆերմեր Դավիթ Ղարիբյանը մեր նախորդ նյութի հրապարակման ժամանակ (անցած տարվա սեպտեմբերին) չէր դժգոհել ծրագրից (անկել էր միայն 3-ը), սակայն այժմ տեղեկացրեց, որ վերցրած 33 երինջներից արդեն բոլորն են անկել: Ղարիբյանը ծրագրի շահառու էր դարձել 2013-ին, վճարման ժամկետները դեռ չեն լրացել, հետևաբար` դատական խնդիր դեռ չկա: Ամեն դեպքում, ֆինանսական պարտավորությունը մնում է` շուրջ 38 մլն դրամ: Ղարիբյանը դեռ չէր կողմնորոշվել` ի՞նչ քայլերի պետք է դիմի իր իրավունքները պաշտպանելու համար:

«Եթե ես իմանայի, որ դատական համակարգի դիմելու դեպքում արդարություն կլինի, իհարկե, կդիմեի, բայց վստահ եմ, որ դատարանը նախարարության օգտին վճիռ կկայացնի»,- ասաց նա:

Ստացվում է, որ ԳՆ պաշտոնյաների թեթև ձեռքով տեղական արտադրողները հայտնվել են լուրջ վտանգի տակ, և անասնաբուծությունը զարգացնելու փոխարեն` մեր չինովնիկները, հակառակը, վնասել են ոլորտին, ինչպես ժողովուրդն է ասում` «ունքը սարքելու տեղը` աչքն են հանել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս