Բաժիններ՝

Տավարաբուծության տապալումը. Պետական ծրագրով ներկրվող եվրոպական երինջների մեծ մասն անկել է

Մոտ 7 տարի առաջ ՀՀ կառավարությունը զուռնա-դհոլով հայտարարեց «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրի» մեկնարկի մասին: Որոշվել էր, որ երկրի անասնագլխաքանակի որակի բարելավման ու ավելացման համար Եվրոպայից պետք է ներկրվեին բարձր կաթնա և մսատու շվից, հոլշտին և սիմենթալ ցեղատեսակների երինջներ ու տարաժամկետ (4 տարում` առաջին տարում 10%, երկրորդում` 20%, երրորդում` 30%, չորրորդում` 40%) վճարման պայմանով տրվեին գյուղացիներին ու ֆերմերային տնտեսություններին:

Մինչդեռ այս տարիների ընթացքում Հայաստանում կովերի գլխաքանակը ոչ միայն չի ավելացել, այլև պակասել է՝ 7333-ով: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում եղել են 310,610 կովեր, իսկ 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` 303,277 կովեր:

«168 ժամը» ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ է ապահովել ծրագիրը: Ի պատասխան մեր հարցադրումների` ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի ստորագրությամբ ստացված գրությունում նշվում է. «Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2007-ից մինչ օրս ներկրվել է տավարի համաշխարհային դասական` շվից, հոլշտին և սիմենթալ ցեղերի 1811 գլուխ տոհմային երինջներ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ներկրել ևս շուրջ 450 գլուխ տոհմային երինջներ, իսկ հաջորդ տարիներին` տարեկան շուրջ 300 գլուխ»:

Սակայն նույն գրությանը կցված տնտեսավարող սուբյեկտներին տրամադրված տոհմային երինջների ցանկում անասունների ընդհանուր գումարը ստացվում է 1778: Թե ուր են կորել մնացած 33 երինջները, Աշոտ Հովհաննիսյանը չի նշել: Գուցե գնորդ չի գտնվել, և դրանք մնացել են նախարարության հաշվեկշռում: Ընդհանուր առմամբ, տոհմային երինջները տրամադրվել են ավելի քան 50 տնտեսավարող սուբյեկտների:
Տրամաբանորեն` այս «ծրագրի» շնորհիվ պետք է հանրապետությունում կովերի գլխաքանակի աճ գրանցվեր, տարեկան մեկ հորթուկ ապահովվեր: Սակայն, մեր տեղեկություններով, երինջների մեծ մասն ինչ-ինչ պատճառներով անկել է ներկրելուց հետո մի քանի ամիսների ընթացքում: Իսկ ֆերմերներն ու գյուղացիները ստիպված են եղել ամբողջությամբ վճարել դրանց դիմաց (1 կենդանու արժեքը միջինում 1 մլն 125 հազար դրամ է` ներառյալ տեղափոխման ծախսերը):

Կարդացեք նաև

Մեր հարցմանը` անասունները տեղայնացնելու խնդիր կա՞, ինչպե՞ս են հարմարվում Հայաստանի պայմաններին, կա՞ն անկած կենդանիներ, Գյուղնախարարության պատասխան գրությունում նշվում է, թե «կենդանիների տեղայնացման (կլիմայավարժեցման) խնդիր չկա, քանզի 3 ցեղերի կենդանիներն էլ դեռևս խորհրդային տարիներից ներկրվել են Հայաստան և բուծվել»: Նախարարությունում չեն ժխտել երինջների անկումները, բայց խիստ մեղմել են իրավիճակն ու պատճառները. «Ներկրված կենդանիներից կան նաև ելքեր, մասնավորապես, «Ագրոհոլդինգ Հայաստան» ՍՊԸ-ում` դաբաղ հիվանդությունից, «Արզնի տոհմային տնտեսությունում»` էլեկտրահարումից, «Վամաքս» ՍՊԸ-ում` օձի խայթոցից և այլն: Ելքեր են եղել նաև թարմ առվույտի կերակրման հետևանքով առաջացած` կենդանիների փքումից (ֆերմեր` Պ. Պետրոսյան և այլն), արյան պարազիտար հիվանդությունից (ֆերմերներ Գ. Աբգարյան, Ա. Առաքելյան, «Միքլենդ» ՍՊԸ և այլն), դժվար ծննդաբերությունից և այլն:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր հանրապետությունում ներկրված կենդանիների տարեկան ելքը չի կազմում նույնիսկ 10%, իսկ Ռուսաստանի Դաշնությունում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում այն կազմում է 30-40%»:
Մեր տեղեկություներով` եթե ճանապարհը երկար է և հատկապես ծովային, տեղափոխելուց առաջ անասուններին սթրեսներից զերծ պահելու նպատակով ներարկում են ուժեղ հանգստացնող դեղամիջոցներ, որպեսզի դրանք տարածությունն ու ժամանակը չզգան: Այս մասին գրվել է նաև ռուսական պարբերականներում (Животноводство России, 2009): Հղի կենդանին մոտ 7 օր ճանապարհ է գալիս, Հոլանդիայից կամ Գերմանիայից բերվում է Բուրգաս նավահանգիստ, այնտեղից լաստանավով Փոթի, որտեղից մեքենայով բերվում է ՀՀ:

Կենդանիների տեղափոխման ժամանակ սահմանված է, որ 24 ժամը մեկ կապերը պետք է արձակել, ազատ թողնել, որ հանգստանան: Եվրոգոտում այդ նպատակով հատուկ տարածքներ են նախատեսված և դա արվում է, իսկ հետո` Փոթիից մինչև ՀՀ, չի արվում, կենդանին 4-5 օր կապված վիճակում անցնում է, մինչև հասնում է տիրոջը: Ճանապարհի ընթացքում չհանգստանալը հանգեցնում է սթրեսների և վիժումների:
Այս տեղեկությունները ստուգելու համար այցելեցինք ծրագրի մի շարք շահառուներին, որոնց շարքում, ի դեպ, քիչ չեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ:

Roza CarukyanՀանրությանը քաջ հայտնի «Մուլտի Ագրո» ընկերությունը ծրագրի առաջին տարում ձեռք էր բերել 21 երինջներ: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը, երինջները բերելու հենց հաջորդ օրը դրանցից 1-ն անկել է, որի արժեքի 50%-ը զիջել են, իսկ 3 օր հետո սատկել է 2-րդ կենդանին, նույն տարում՝ ևս 7-ը, մնացածը հաջորդ տարի են անկել:

«Մնացած 19-ը հյուծվել էին, կենդանի կմախք էին դարձել: Ստուգումների արդյունքում պարզվել էր, որ ճնշման խնդիր ունեն: Մեքենայով 14 կմ բարձրացրեցինք սար, բայց էնտեղ էլ հիվանդացան, նորից ետ բերեցինք»,- ասաց Ռ.Ծառուկյանը՝ հավելելով, որ արտերկրից հրավիրված մասնագետներն այդպես էլ չկարողացան պարզել հիվանդության պատճառը:
Չնայած կենդանիների անկմանը, գյուղատնտեսության նախարարությունը պահանջել է վճարել ամբողջ գումարը ոչ միայն «Մուլտի Ագրո»-ին, այլև նույն վիճակում գտնվող բոլոր ընկերություններին: Գործին միջամտել է նաև գլխավոր դատախազությունը և դատական կարգով պահանջել վճարը:

«Ես բերած օրվանից առարկել եմ այդ ծրագրին, կոլեգիայի նիստի ժամանակ էլ եմ ասել: Այդ կենդանիները մեր կլիմային չհարմարվեցին: 24 մլն 120 հազար դրամ եմ վճարել: Սկզբում 2 անկածի փողը՝ 3.8 մլն, չէի ուզում տալ, 7 տարի առաջ խոզերի ժանտախտի փոխհատուցման գումարը՝ 15 մլն ֆինանսների նախարարությունը մինչ հիմա պարտք է: Բայց սպառնացին, թե գործ կհարուցեն»,- նշեց Ռ.Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ընկերությունը երինջներին վերցրել է գիտաարտադրական նպատակով, փորձել են տեղական կովկասյան գորշ ցեղատեսակի հետ խաչասերել, բայց չի հաջողվել՝ կենդանիները կոտորվել են:

Ռ.Ծառուկյանը նաև նշեց, որ մոտ 2 տարի առաջ նախարարությունը որոշել էր նմանատիպ մի ծրագիր իրականացնել ոչխարաբուծության ոլորտում, բայց իր կտրուկ առարկություններից հետո ծրագրից հրաժարվել են:

Armen JamvelyanԻրավիճակը լավ չէ նաև «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում: 2007-ից սկսած ընկերությունը 4 անգամ մասնակցել է ծրագրին և ձեռք բերել ընդհանուր առմամբ 359 տոհմային երինջներ: Ընկերության ղեկավար Արմեն Ջանվելյանը տեղեկացրեց, որ 2008 և 2009 թթ. սեփական միջոցներով կանխիկ ձեռք են բերել ևս 61 երինջ:
2008-ին անկել է 38 երինջ, 2009-ին` 30, 2010-ին` 47, 2011-ին` 82, 2012-ին` 67, իսկ 2013-ին` 25, ընդհանուր` 289 երինջներ: Սրանցից միայն մոտ 30-ն է էլեկտրահարումից անկել, մնացածը` տարբեր հիվանդությունների, ճանապարհի դժվարությունների ու կենսական պայմանների փոփոխման պատճառով:

«Ներմուծված կենդանիները կլիմայավարժեցման լուրջ խնդիր ունեն: Կենդանիների պահել մենք սովորել ենք մեր կորուստների հաշվին, ոչ ոք ոչ մի բացատրական աշխատանք չի տարել: Այս կենդանիները բերելուց հետո մենք մի քանի հիվանդությունների մասին իմացել ենք առաջին անգամ: 2010-ին Գերմանիայից 33 գլուխ հոլշտեն եկավ, առաջին 6 ամսում 90%-ը սատկեց, բայց էդպես էլ չհասկացանք` ինչ խնդիր էր: Հոլանդիայից և ՀՀ գյուղնախարարությունից մասնագետներ եկան, անալիզներ տվեցինք այստեղ, Եվրոպայում, բայց չպարզեցին պատճառը: Իսկ կենդանիները կտրականապես հրաժարվում էին ուտել»,- ասաց Ա.Ջանվելյանը:
Ի դեպ, ըստ նրա, Գյուղատնտեսության նախարարությունը խնդրել է անկման իրական թիվն ավելի քիչ ցույց տալ:

Ա.Ջանվելյանի կարծիքով` մեր երկրի պայմաններում նման ծրագիր իրականացնելը ռեալ չէ. «Այսօր ես այս ծրագրին մոտ չէի գա: Ծրագիրը հաշվարկել են իդեալական պայմաններով, առանց ռիսկերի, բայց սովորական ֆերմայում դա հնարավոր չէ: Մոտ 1 մլն դոլար գումար եմ ծախսել: Մինչև 2010թ. թռչնաբուծության շնորհիվ էի վճարում երինջների համար, հետո այդտեղ էլ խնդիրներ առաջացան: Տավարաբուծությունն իրեն չի արդարացնում: Եթե ցլիկներին մորթեմ, վաճառեմ, գուցե կարողանամ գումարները փակել, բայց եթե ծրագրի նպատակն է մատչելի տոհմանյութ ստեղծել, ապա հնարավոր չէ 4 տարում այդ գումարը փակել»:

Գյուղնախարարության և ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն` «ժամանակացույցով նախատեսված վճարման ժամկետների կետանցի դեպքում գնորդի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0.05% չափով»: Այս տարվա մայիսի դրությամբ «Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերությունը պետք է վճարեր 359 մլն 327 հազար դրամ, որից 332 մլն 32 հազար դրամը վճարման ենթակա գումարն է, 27 մլն 295 հազարը՝ ուշացման համար հաշվարկված տույժը: Ընդ որում` ընկերությունն արդեն վճարել է 359 մլն 80 հազար դրամ (27.2 մլնը` տույժ, մնացածը` մայր գումարի մարման համար): Այսինքն` տույժերն անվերջ մեծացնում են նախնական գումարը:

Առաջացած խնդիրներին լուծում գտնելու համար Ջանվելյանները քանիցս դիմել են ՀՀ կառավարություն, որտեղից դիմումները հասցեագրվել են գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Այս տարի ապրիլին վերջինիս ուղղված նամակին փոխնախարար Գրիշա Բաղիյանը պատասխանել է, որ պայմանագրի կետերը փոփոխման ենթակա չեն, և ընկերությունը պարտավոր է վճարել ըստ ժամանակացույցի, իսկ վճարման ժամկետի խախտման դեպքում` նաև նախատեսված տույժերը: Ուշագրավ է, որ նույն նամակում Բաղիյանը նախարարությանը ներկայացրել է որպես տնտեսավարողի շահերի պաշտպանի, իսկ կառավարությանը` որպես անզիջում ու անողոք կառույցի:

Մասնավորապես, նշվում է. «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախարարությունը 2013թ. հուլիսի 4-ի ՍԿ/ԱԱ-2/3582-13 թվակիր գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն` նախարարության և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված տարաժամկետ վճարման պայմանով տոհմային երինջների ձեռքբերման պայմանագրերով տնտեսվարող սուբյեկտների ժամկետանց պարտավորությունների վերահաշվարկման և զիջման խնդրանքով, որի վերաբերյալ ՀՀ կառավարությունը սույն թվականի հուլիսի 22-ին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել վճարման ենթակա գումարների ամբողջական հավաքագրման ուղղությամբ»:

Ա.Ջանվելյանը նաև հայտնեց, որ ընկերությունն առաջարկել է նախարարությանը` եվրոպական կենդանիներից ծնված մաքրացեղ երինջներին նույն տարաժամկետ վճարման ծրագրով վաճառել ցանկացողներին` 30-40%-ով ավելի էժան, քան Եվրոպայից բերված դրանց քույրերն են, և նվազեցնել կուտակված պարտքի չափը, սակայն կրկին մերժում է ստացել: Պատճառաբանությունն էլ եղել է, թե տոհմային աշխատանք չի տարվել և դրանց տոհմային լինելը հնարավոր չէ ապացուցել: Մինչդեռ, Ջանվելյանի խոսքով, Հայաստանում ծնված երինջները կլիմայավարժեցման խնդիրներ չունեն, նույն կերային պայմաններով շատ ավելի կաթ են տալիս, հեշտ են սերմնավորում և հեշտ են ծնում:

Հարց է ծագում, թե ինչո՞ւ նախարարությունը չի համաձայնում հայաստանածին տոհմային երինջերին առավել մատչելի գնով ընդգրկել ծրագրում: Գուցե պաշտոնյաներին գրավում են տարին 2-3 անգամ պետության միջոցներով Եվրոպա կատարվող ուղևորություննե՞րը կամ, մեզ հասած տեղեկություններով, այնտեղ յուրաքանչյուր գլուխ ընտրված երինջի համար տրվող 100 եվրո պարգևավճա՞րը, էլ չենք խոսում հայաստանյան «մաղարիչների» մասին:

Շարունակելի

Հ.Գ. Մի դիտարկում ևս. եթե ծրագրի առաջին տարիներին խոշոր ֆերմերային տնտեսություններն են եղել շահառուները, ապա այս տարի գնորդներն առանձին մանր ֆերմերներ են: Հաջորդ տարիներին ծրագրի շարունակությունն ապահովել պարզապես հնարավոր չի լինի գնորդների բացակայության պատճառով: Չնայած դրան, նախարարությունն աննահանջ է` տավարաբուծության զարգացման մի նոր ծրագիր է մշակել 2013-2020թթ. համար` 500 մլն դրամ արժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս