Ուղեղն ամբողջովին զարգացնելու լավագույն մեթոդը գիտակցության վրա հիմնված կրթությունն է
Դեյվիդ Լինչի կողմից հիմնադրված «Գիտակցության վրա հիմնված և համաշխարհային խաղաղության հիմնադրամի» միջազգային ծրագրերի ղեկավար Աշլի Դինզին երեկ մի շարք ուսանողների և դասավանդողների ներկայացրեց գիտակցության վրա հիմնված կրթությունը, որը թույլ է տալիս անհատին բացահայտել իր ստեղծագործական ներուժը և իրականացնել սեփական ցանկությունները` առանց ոտնահարելու դիմացինի շահերը:
Դոկտոր Աշլի Դինզին հանդիպման ժամանակ տրանսցենդենտացալ մեդիտացիան (գիտակցության վրա հիմնված կրթություն) ներկայացրեց՝ որպես ուղեղը զարգացնելու լավագույն միջոց: «Մտավոր գործունեությունը դանդաղում է, նվազում է և հավասարվում ներքին հանգիստ վիճակին: Եվ, քանի որ բանականությունը և մարմինը սերտորեն փոխկապակցված են, ֆիզիկական ակտիվությունը, բնականաբար, նույնպես հասնում է այդ նույն հանգիստ վիճակին: Եվ այդ խորը հանգիստ վիճակում մարմինը կարող է վերակենդանանալ և տարրալուծել բոլոր խորը արմատացած ճնշումները և հոգնածությունը, որն էլ առույգացնում է մարդուն»,- ասաց նա:
Այնուհետև Դոկտոր Դինզին մեջբերեց ֆիզիոլոգների խոսքը, ըստ որոնց՝ եթե անձը ցանկանում է լինել լիովին զարգացած, ապա նա պետք է քնի, երազի, լինի արթուն և զգոն կանոնավոր կերպով և, անկասկած, ունենա փորձառություն տրանսցենդենտալ գիտակցության մեջ, այլապես ուղեղը չի կարող լիովին զարգանալ. «Այդ իսկ պատճառով դասը սկսելու առաջին 15 րոպեն տրանսցենդում ենք, որից հետո աշակերտի բանականությունը խորը սուզվում է, ուղեղը դառնում է ամբողջովին կոհերենտ, մարմինն ազատվում է սթրեսներից և տագնապներից, և երբ նրանք դուրս են գալիս դասարանից, արդեն լիովին արթուն են, զգոն, հանգստացած և պատրաստ են սովորելու»:
Դոկտոր Դինզին համոզված է, որ կրթությունը զարգացնում է մարդու ուղեղն ամբողջությամբ, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա մարդը նմանվում է կենդանու, քանի որ վերջինից տարբերվում է նրանով, որ ունի զարգանալու և գիտելիքներ ձեռք բերելու ունակություն: Իսկ տրանսցենդենտացալ մեդիտացիան, ընդհանուր առմամբ, նվազեցնում է ճնշվածությունը և անհանգստությունը, նպաստում է ուղեղի ամբողջական զարգացմանը, ավելացնում է ստեղծարար ունակությունը և իմացականությունը, լավացնում է առողջությունը, նպաստում երկարակեցությանը, ինչպես նաև խթան հանդիսանում լավ հարաբերությունների համար: Այս խաղաղ վիճակն էլ օգնում է ուսանողներին և աշակերտներին՝ լինել ավելի ուշադիր և կենտրոնացած: