Մարգարտածաղկի անհավանական բուժիչ հատկությունները

Բուժիչ նամակներ
Մարգարտածաղիկը վաղուց ի վեր գրավել է մարդու ուշադրությունը իր համեստ գեղեցկության, դիմացկունության և բուժիչ հատկությունների շնորհիվ։

Պլինիուս Ավագը բույսն անվանել է Bellis (bellus=գեղեցկություն), իսկ լատիներեն ամբողջական անվանումը` B.perennis, թարգմանաբար նշանակում է «հավերժ գեղեցիկ»։
Բույսի հետ կապված են բազմաթիվ` հեթանոսական ժամանակաշրջանի ավանդազրույցներ։ Հյուսիսային սագաներում և գերմանացիների մոտ բույսն ունեցել է ծիսական նշանակություն. Այն նվիրաբերել են Ֆրեյա Սիրո աստվածուհուն։

Ասպետները խմում էին մարգարտածաղկով զարդարված գավաթից։ Ամուսնության համաձայնություն ստացած ասպետն իր վահանի վրա մարգարտածաղիկ էր դրոշմում, իսկ եթե աղջիկը դեռ տատանվում էր, ապա մարգարտածաղկով հյուսված պսակ էր նվիրում ասպետին։
Միջնադարյան Եվրոպայում մարգարտածաղիկը «գուշակ» ծաղիկ էր համարվում, այդ ավանդույթը մինչև մեր օրերը պահպանվում է Գերմանիայում։ Գերմանացիները մարգարտածաղիկն անվանում են «սիրո գուշակ»։

Մասնագետները կարծում են, որ բույսի հայրենիքը Փոքր և Միջին Ասիան է և Այսրկովկասը, սակայն հնուց աճել է Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում։

Կարդացեք նաև

Քրիստոնեական մշակույթում համարում են, որ մարգարտածաղիկը Սուրբ Աստվածածնի ծաղիկն է։ Երբ նա փոքրիկ աղջնակ է եղել, խնդրել է, որ գիշերային աստղերն արտացոլվեն իր սիրելի ծաղիկների վրա իջած ցողի մեջ։ Առավոտյան արևի առաջին շողերի հետ ի հայտ են եկել գեղեցիկ, փայլուն մարգարիտներ հիշեցնող ծաղիկները։ «Մարգարիտ» բառը հունարենում ունի նույն իմաստը, ինչը որ հայերենում։
Մարգարտածաղիկը շատ լավ է հարմարվել Բրիտանիայի խոնավ, ջերմ բնական պայմաններում, աշխարհի ոչ մի անկյունում բույսն այնպիսի սեր չի վայելում, ինչպես Անգլիայում, Ուէլսում, Շոտլանդիայում և հարևան Իռլանդիայում։

Անգլիացի բանաստեղծ Չոսերը բույսն անվանել է «Dayգs eye»=«օրվա ակն»` ծաղիկը բացվում է լույսի առաջին շողերի հետ և փակվում է ու խոնարհվում անձրևոտ եղանակին։ Իսկ պոետ Մոնտգոմերին հետևյալ համեմատությամբ է մեծարել բույսը. «Վարդը թագավորում է ընդամենը մեկը ամառ, այնինչ դեյսին (մարգարտածաղիկը) անմահ է»։

Մեծ քնքշանքով է արտահայտվել Շեքսպիրը. «Մարգարտածաղկի սպիտակ հանդերձանքը անմեղություն է պատկերում»։
Մարգարտածաղիկը լայնորեն ներկայացված է բրիտանական ազգերի ժողովրդական ֆոլկլորում։

Բույսի նկարագրությունը և բուժիչ հատկությունները
Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Կոճղարմատը կարճ է։ Տերևավարդակը մերձարմատային է, տերևաթիթեղը` թիականման։ Անցողուն բույս է, բազմաթիվ ծաղկակիրներն աճում են անմիջապես վարդակի ներսից, յուրաքանչյուրը կրում է միայն մեկ ծաղիկ և առանց տերևների է։

Ծաղկաթափքի տրամագիծը 1-8 սմ է (մշակովի տեսակները խոշոր են)։ Եզրային ծաղկաթերթերը լեզվակավոր են կամ խողովակաձև, իգական, սպիտակ, վարդագույն կամ կարմիր։
Կենտրոնական ծաղիկները խողովակաձև են, երկսեռ, դեղին։

ՀՀ բնական պայմաններում մարգարտածաղիկն աճում է նույնիսկ բարձր լեռնային գոտիներում, նախորդ տարում առաջացած բողբոջները և տերևները շատ լավ են ձմեռում ձյան տակ։ Պարտիզպանները գնահատում են բույսը երկարատև ծաղկման շրջանի շնորհիվ։ Լայնորեն մշակվում է դեկորատիվ և ծաղիկները կտրելու նպատակով, հատկապես` պսակները զարդարելու համար։ Բուծվել են բազմապսակաթերթ տեսակներ։

Margartacaxik (1)

Մարգարտածաղիկն ունի զարմանալիորեն հագեցած քիմիական բաղադրություն, որի շնորհիվ մեծապես նպաստում է նյութափոխանակությանը և ընդհանուր ինքնազգացողության բարձրացմանը։ Բույսը լայնորեն օգտագործել են միջնադարի բժիշկները։

  • Պարունակում է դառը և դաբաղող նյութեր, անտոքսանտիններ, մեկ սապոնին, լորձ, ֆլավոններ, ոչ մեծ քանակությամբ եթերային յուղեր, օրգանական թթուներ, հանքային աղեր։

Տերևը պարունակում է մոտ 90 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ)։ Որպես բուժահումք են ծառայում տերևները, բողբոջները և ծաղկաթափքերը։ Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են օդափոխվող ծածկի տակ։ Առավել հարգի է ամառային արևադարձի օրը բնության մեջ աճող բույսից ստացված հումքը։ Պահպանման ժամկետը 1 տարի է։ Օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։

Մարգարտածաղիկն ունի խորխաբեր, արյունարգել, միզամուղ, հակաբորբոքային և լեղամուղ հատկություններ։

Խոտի թուրմը (1։1 խառնած տերևներ և ծաղկազամբյուղներ) խորհուրդ տրվում խմել լյարդի, լեղապարկի լեղածորանների բորբոքման, բրոնխների ասթմայի, բրոնխիտի, տուբերկուլյոզի, երիկամների և միզապարկի բորբոքումների, նեֆրիտի և ցիստիտի, արթրիտի և պոլիարթրիտի, արգանդային արյունահոսության, էնտերոկոլիտի, փորկապության, սպոնդիլիտի դեպքում։

  • 2 թ/գ հումքը 4 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
  • Արտաքին օգտագործման համար թուրմը պատրաստում են 3 թ/գ հումքով։ Օգտագործվում է թրջոցի ձևով` կրծքապտուկի ճաքերի և կրծքագեղձի բորբոքման, դժվար ապաքինվող վերքերի, կապտուկների, թութքի դեպքում։

Թոքերի տուրբեկուլյոզ. Խառնեք 2 հավի ձվից և մարգարտածաղկի չորացրած հումքից ստացված փոշիները (1։1), լուծեք 200 մլ կաթի մեջ։ Խմեք 100-ական մլ, նախաճաշից և ընթրիքից 1 ժամ հետո։

  • 2 թ/գ խոտը 3 ժամ թրմեք 300 մլ սառը` նախօրոք եռացրած ջրի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, թոքերից արյունահոսության դեպքում։ Լուծի առաջացման դեպքում բուժումը դադարեցրեք։

Ողնաշարի, ոսկորների տուբերկուլյոզ. Քսուքը նախատեսված է երեխաների բուժման համար. 200 գ անալի, հալեցրած տաք խոզի ճարպի մեջ լցրեք 20-ական գ մարգարտածաղկի և պատրինջի չոր խոտերի փոշիներ, 30 գ լավ մանրացրած քարխոտի արմատ, խառնեք, 24 ժամ մարմանդաեփ արեք ջեռոցում, քամեք։ Լցրեք ապակյա տարայի մեջ, ծածկեք չներծծող թղթով։ Քսուքը ներմերսեք ցավոտ մասին, ծածկեք վուշե լաթով, ամրացրեք։
Ռևմատիզմ, հոդատապ. 1 ճ/գ հումքը 8 ժամ թրմեք 100 մլ ջրի մեջ, քամեք։ Խմեք 25-ական մլ` օրը 4 անգամ։
Ցիստիտի, նեֆրիտ. Մանրացրեք, խառնեք մարգարտածաղկի 10 հատ թարմ ծաղկազամբյուղ, 1 ճ/գ արջախաղող, 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։
Արթրիտ. Շոգեախաշեք թարմ հումքը, լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, տեղադրեք (գոլ վիճակում) ցավոտ հոդի վրա, ծածկեք սննդային թաղանթով, փաթաթեք տաք շալով։
Պիգմենտային բծեր. Խառնեք մանուշակի և մարգարտածաղկի թարմ խոտերը (1։1)։ 3 ճ/գ հումքը 4 ժամ թրմեք 200 մլ ջրի մեջ, քամեք։ Թրջոցը պահեք 15-20 րոպե։
Չիբան. 2 ճ/գ չոր հումքը 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում` տաք տեղում, քամեք։ Հումքը դրեք վերքի վրա, ծածկեք թաղանթով, ամրացրեք։

Մարգարտածաղիկը` որպես սննդամթերք
Թարմ տերևները խառնում են աղցանների մեջ, լավ է համատեղվում ավելուկի, սպանախի, եղինջի հետ։
Ծաղկազամբյուղներով զարդարում են պատրաստի ուտեստները։

Զգուշացում։ Բույսն ունի թույլ լուծողական հատկություն, կողմնակի վնասակար ազդեցություն չի նկատվում։

Հ.Գ. 1908թ. մայիսի 1-ին Շվեդիայում կազմակերպվում է հանգանակություն տուբերկուլյոզով հիվանդների բուժման նպատակով։ Մասնակիցները պարգևատրվում են մարգարտածաղկի փնջերով։
Մարգարտածաղիկը կիրառվում է հոմեոպատիայում։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:  Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս