
«Գազպրոմ Արմենիա». Անապահով ընտանիքներին փոխհատուցում է տրվելու

Հայաստանի Հանրապետության կառավարության 30.01.2014թ. 64-Ն որոշման համաձայն, բնական գազ սպառող՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները (անապահով ընտանիքներ) կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից:
Ինչպես նշվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական կայքում, փոխհատուցումը տրամադրվում է 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Անապահով ընտանիքները 450 խորանարդ մետրի չափով բնական գազի համար վճարում են 100 դրամ/1 խորանարդ մետր սակագնով (գործող սակագինը՝ 156 դրամ/1 խորանարդ մետր):
Այն անապահով ընտանիքները, որոնք 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում արդեն սպառել են 450 խորանարդ մետր գազ, ստացել են փոխհատուցում 25.200 դրամի չափով (450 խորանարդ մետր × 56 դրամ), որը փետրվարին փոխանցվել է նրանց բաժանորդային հաշվին:
Մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ 450 խորանարդ մետրից պակաս սպառելու դեպքում փոխհատուցումը հաշվարկվել է սպառված գազի չափով, իսկ հաշվարկված գումարը նույնպես փոխանցվել է բաժանորդային հաշվին: Օրինակ, եթե ընտանիքը սպառել է 300 խորանարդ մետր գազ, ապա նրա բաժանորդային հաշվին փոխանցվել է 16.800 դրամ (300 խորանարդ մետր × 56 դրամ): Իսկ մնացած 150 խորանարդ մետր գազը կարող է սպառել փետրվար ամսից սկսած մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նույնպես վճարելով 100 դրամ 1 խորանարդ մետր գազի համար: