
ՌԴ քաղաքացիություն՝ այդ երկրում երեք տարվա աշխատանքային ստաժի դիմաց

Ռուսաստանի Դաշնության կառավարությունն այսօր Պետական դումա է ներկայացրել օրինագիծ, որով հեշտացվում է ռուսասատանյան տնտեսության կողմից պահանջված օտարերկրյա քաղաքացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը: Այս մասին նշվում է Պետդումայի կայք-էջի տեղեկատվության մեջ:
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության կողմից մշակված օրինագծով նախատեսվում է, որ գործարար, ներդրող, որակյալ մասնագետ կամ Ռուսաստանում մասնագիտական կրթություն ստացած օտարերկրյա քաղաքացիները կկարողանան դիմել՝ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Ընդ որում, նմանատիպ հարցերի կարգավորման միջազգային փորձից ելնելով, նշված կատեգորիաների անձանց համար նախատեսված են առանձին չափորոշիչներ:
Այսպես՝ Ռուսաստանի կրթական և գիտական կազմակերպություններում մասնագիտական կրթություն ստացած օտարերկրացիները պետք է ունենան երեք տարվա աշխատանքային ստաժ Ռուսաստանում, ինչը կվկայի աշխատանքի՝ ռուսական շուկայում նրանց պահանջվածության և ՌԴ-ի հետ կայուն իրավական կապի մասին:
Գործարար օտարերկրացիների համար սահմանված է ՌԴ տարածքում երեք տարի գործարարությամբ զբաղվելու պահանջ՝ տարեկան ոչ պակաս քան 10 մլն ռուբլի եկամտաբերությամբ:
Ներդրող օտարեկրացու բաժինը ՌԴ տարածքում գործունեություն իրականացնող ռուսաստանյան իրավաբանական անձի հիմնադիր կապիտալում պետք է կազմի ոչ պակաս, քան 10 տոկոսը: Ընդ որում՝ իրավաբանական անձի հիմնադիր կապիտալը, ինչպես նաև մաքուր ակտիվների մեծությունը պետք է լինեն ոչ պակաս, քան 100 մլն ռուբլի, կամ այդ իրավաբանական անձի կողմից ՌԴ բյուջետային համակարգ վճարված հարկերը, ներդրումներ իրականացնելու օրվանից հետո երեք տարվա ընթացքում, չպետք է պակաս լինեն տարեկան 6 մլն ռուբլուց:
Մասնագիտական որակավորում ունեցող օտարերկրացիները պետք է Ռուսաստանում համապատասխան մասնագիտությամբ (մասնագիտություն, պաշտոն) աշխատանքային գործունեություն իարկանացնեն՝ երեք տարուց ոչ պակաս:
Ըստ Փաստինֆոյի