«Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի ՏՏ մայրաքաղաքը». երիտասարդ մասնագետ
Մարտի 22-ին Գյումրիում անցկացվելու է Գաղափարների մեկօրյա միջազգային համաժողովը (iGyumri), որին մասնակցելու են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ և նորարար գաղափարակիրներ՝ Հայաստանից և տարբեր երկրներից: Համաժողովը Գյումրիում գործող նորաստեղծ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության առաջին կարևոր նախաձեռնությունն է, ընկերություն, որը ծրագրային եզակի լուծումներ է առաջարկում փոքր և միջին բիզնեսների համար: Ընկերության նպատակն է՝ կամուրջ հանդիսանալ Գյումրիի ստեղծագործ միտք ու ոգի ունեցող մասնագետների և ամբողջ աշխարհում փոքր և միջին բիզնեսների միջև՝ վերջիններիս առաջարկելով կայքեր, մոբայլ հավելվածներ, դիզայնի ծառայություններ և SEO (Որոնման համակարգի օպտիմալացում):
Գաղափարների համաժողովը Գյումրիի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնի առաջին միջոցառումն է լինելու, որով վերջապես շունչ է տրվելու Տեխնոպարկին: Շատ գյումրեցիներ, սակայն, չեն հավատում, որ Տեխնոպարկն իր շքեղ շենքով՝ ծառայելու է քաղաքի շահերին: «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության օպերացիոն մենեջեր Գայանե Ղանդիլյանը հույս ունի, որ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու՝ ընկերության գլխավոր նպատակի իրականացումը մարդկանց վերադարձնելու է կորսված հավատն ապագայի հանդեպ: Իր ծննդավայրում աշխատելու և այն փոխելու գաղափարն էլ երիտասարդ աղջկան Երևանից վերադարձրել է հայրենի Գյումրի:
– Գայանե, համաժողովի գաղափարը ոգևորիչ է, սակայն Գյումրիում տիրող մթնոլորտը համահո՞ւնչ է այդ ոգևորությանը:
– Գյումրեցիներին շատ դժվար է ինչ-որ բան համոզել, քանի որ երկար տարիներ, դրական փոփոխություններ չտեսնելով՝ նրանք արդեն ոչնչի չեն հավատում: Մեր նպատակն է՝ հույս ու հավատ սերմանել մադկանց մեջ, համոզել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը քաղաքի համար կարող է դառնալ առաջնային, փոխել քաղաքը: Գյումրիի մթնոլորտն այսօր երկու մասի է բաժանված. կան և՛ հույսով ապրողներ, որոնք այդ ամենօրյա հույսը շալակած առաջ են գնում, կան և՛ հուսահատներ, որոնց դժվար է ինչ-որ բան համոզել:
Ես համաձայն եմ, որ անցնող 25 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ չեն եղել, բայց ամեն դեպքում՝ քաղաքը կա, մարդիկ շարունակում են ապրել այդ քաղաքում, և պետք է աշխարհին ցույց տալ, որ քաղաքն այլևս այն աղետի միջավայրը չունի. ոլորտներ են ներմուծվում, երիտասարդությունը զարգանում է, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված ծրագրեր կան, ստարտ-ափ ընկերություններ են ստեղծվում…
Մենք այդ մասին նույնիսկ ֆիլմ նկարահանեցինք՝ «Գյումրի. Փոփոխությունների էպիկենտրոն» խորագրով, որտեղ ցույց չենք տալիս տնակներն ու անօթևաններին, այլ ֆիլմում երևում են երիտասարդ ու ստեղծագործ միտքն ու այդ մտքի շուրջ համախմբված մարդիկ ու կառույցները: «Էպիկենտրոն» բառն էլ պատահական չէ ընտրված. այդ բառը հղում է կատարում դեպի երկրաշարժ, և դա ցույց է տալիս այն զարգացումը, որ երկրաշարժի էպիկենտրոնից հասել է տեղեկատվական տեխնոլոգիաների էպիկենտրոն: Ֆիլմը ցուցադրվելու է համաժողովի շրջանակներում:
Ճիշտ է, Գյումրին վերականգնման, վերակառուցման, քաղաքաշինության կարիք ունի, բայց Գյումրին նաև մարքետինգի և գովազդի կարիք ունի: Մեր ընկերության կազմակերպած համաժողովը փորձելու է Գյումրին ներկայացնել աշխարհին, աշխարհը՝ գյումրեցիներին: Համաժողովի աշխատանքներին հնարավոր կլինի ուղիղ միացմամբ հետևել նաև «Google+»-ում:
– Գյումրին տեխնոկենտրոն դարձնելու առումով քաղաքը ներուժ ունի՞:
– Իհարկե: Կա ներուժ, կան մասնագետներ, պարզապես նրանց պետք է դեպի շուկա տանող ճանապարհին ուղեկցել, որովհետև իրենք միայնակ չեն կարող մարքետինգ անել, ընտրել թիրախային շուկաներ և դուրս գալ ասպարեզ: Մենք հանդիսանում ենք այդ կամուրջը՝ Գյումրիի և ժամանակակից ՏՏ աշխարհի միջև: Թողարկում ենք նաև iTECHNOLOGY.am առցանց ամսագիրը, որը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ ներգրավված կամ հետաքրքրված մարդկանց միավորող առաջին առցանց միջավայրն է Հայաստանում:
– Ընկերության հիմնադիրները դրսից են. ի՞նչը նրանց ստիպեց ռիսկային գոտում ներդրում կատարել:
– Ընկերությունը հիմնադրել են Թոդ Ֆաբաքերը, Զառա Ինգիլիզյանը, Միքայել Ջանեանը և Արթուր Ղանդիլյանը: 2012 թվականի դեկտեմբերից նրանք աշխատել են Հայաստանի համար, և մինչև հիմա նրանց ամենամեծ խնդիրը եղել է մասնագետների համախմբումը, մարդկանց բարոյահոգեբանական վիճակի և նրանց տրամադրվածության փոփոխումը: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ հարթ է եղել, ինչպես ասում եք՝ կատարվել է ներդրում ռիսկային գոտում, բայց առաջին պատնեշը եղել է հավատի բացակայությունը, որն այսօր փոքր-ինչ վերականգնված է:
– Համաժողովն ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծելու երիտասարդ մասնագետների համար:
– Բազմաթիվ են դրանք, որոնցից ուզում եմ նշել այն, որ հայ ծրագրավորողներին ցույց ենք տալու ոչ ավանդական շուկաները, այսինքն՝ երբ հայ ծրագրավորողները կամ դիզայներները մտածում են իրենց արտադրանքը վաճառելու մասին, ապա առաջինը Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների մասին են մտածում: Մենք ուզում ենք բացել շուկան և ցույց տալ, որ Չինաստանը, Ռուսաստանը, Հարավային Ամերիկայի երկրները, Թայվանը, Ավստրալիան նույնպես ռեալ գործող շուկաներ են, որտեղ կարելի է մուտք գործել: Վստահ եմ, որ ոչ ավանդական շուկաներն ավելի լավ հնարավորություններ կարող են ստեղծել Գյումրիի համար, քան այն վայրերը, որտեղ բոլորը փորձում են վաճառել իրենց արտադրանքը: