Բաժիններ՝

Հրաչյա Թամրազյան. «Լևոն Խեչոյանը մարդ-երևույթ էր, բնաշխարհի և բառաշխարհի հազվագյուտ կերպար և բյուրեղացում» (տեսանյութեր)

Փետրվարի 28-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հայ արձակագիր Լևոն Խեչոյանի վերջին ստեղծագործության՝ «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին գրողի հարազատները, ընկերները և, պարզապես, նրա ստեղծագործությունների երկրպագուները: «Մհերի դռան գիրքը» վեպը խմբագրել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, և հրապարակել է «Անտարես» մեդիա հոլդինգը:

Հակոբ Մովսեսը շնորհանդեսի ժամանակ նշեց, որ եթե ասի` «Մհերի դռան գիրքը» վեպը Լևոն Խեչոյանի լավագույն ստեղծագործությունն է, դրանով նախկին ստեղծագործությունների վրա ստվեր գցած չի լինի. «Նախկինում էլ Լևոնն ընթերցողի սեղանին դրել է գործեր, որոնք մեր արձակի գլուխգործոցներից են: Բայց այս գրքով Լևոնը, կարծում եմ, եռակի սխրանք է կատարել: Վեպը մի մտացածին դասախոսի պատմությունն է, վերապատմությունն է մեր ազգային վեպի, էպոսի»:

Բանաստեղծ, թարգմանիչ, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքով՝ Լևոն Խեչոյանը մարդ-երևույթ էր, բնաշխարհի և բառաշխարհի հազվագյուտ կերպար և բյուրեղացում. «Մարդու և բնաշխարհի այդ խորհրդավոր կապը երբեք այդքան տեսանելի չի եղել, որքան Լևոնի դեպքում: Նա մարդեղենացնում, անձնավորում էր իր շուրջն ամեն ինչ` բնության տարերքները, բույսերը, կենդանիներին: Նրա կենդանությունն ասք էր, անսահման հոգի՝ մարդկային հավերժող մտքի մասին»:

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը շնորհանդեսի ժամանակ ասաց, որ Լևոն Խեչոյանի և հատկապես՝ «Մհերի դռան գիրքը» վեպի հետ կապված կցանկանար ընդամենը մի քանի բառ արտասանել. «Լևոն, Ծովինար, Սանասար, Մհեր, Դավիթ, Մհեր, ժայռ, հող, արդարություն, Հայաստան, Լևոն, գիրք, դուռ, Մհեր, լույս»:

Կարդացեք նաև

Լևոն Խեչոյանի մտերիմ ընկեր, գրականագետ, բնագրագետ Գուրգեն Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանաչում է նրան 1990 թվականից, երբ հրատարակվում էր Լ. Խեչոյանի առաջին գիրքը` «Խնկի Ծառերը»:

«Այդ ժամանակ ես աշխատում էի «Նաիրի» հրատարակչությունում, ժամանակակից գրականության բաժնի վարիչն էի: Նրա առաջին գիրքը տպագրվեց իմ խմբագրությամբ: Ես հիշում եմ, որ այդ տարիներին (Լևոնը, իհարկե, ահավոր համեստ մարդ էր), երբ որ ներկայացնում էր գիրքը, ես կարդալուց հետո ընդամենը մի նախադասություն էի ասել. «Լևոն, դու լավ ես գրում»: Տարիներ հետո, երբ իրար հանդիպեցինք, Լևոնը մոտեցավ ինձ, ասաց. «Դու հիշո՞ւմ ես, ինձ մի շատ կարևոր բան ասեցիր, որն ինձ համար ճակատագրական եղավ»: Ես, ճիշտն ասած, չէի հիշում: Ասացի՝ «այդ ի՞նչ խելոք բան եմ ասել», ասաց. «Դու ինձ ասացիր` լավ ես գրում, և դա ինձ շատ ոգևորեց»: Իհարկե, առաջին գրքից սկսած՝ Լևոնը մտավ հայ գրականության մեջ ոչ թե՝ որպես սկսնակ գրող, այլ՝ իսկապես հասունացած գրող, գրչին տիրապետող մարդ: Պատահական չէր, որ հենց առաջին գիրքը դրական արձագանք ունեցավ, և միանգամից մեծ ընթերցողական դաշտ ձևավորվեց Լևոնի շուրջ»,- նշեց Գուրգեն Գասպարյանը:

Շնորհանդեսի ժամանակ հնչեցին «Մհերի դռան գիրքը» վեպից հատվածներ գրողների, դերասաների ընթերցմամբ, ինչպես նաև երաժշտական մի շարք կատարումներ:

Կենդանության օրոք Լևոն Խեչոյանին ծանոթ մարդիկ նշում էին, որ, լավ արձակագիր լինելուց բացի, նա նաև ուներ մարդկային շատ լավ որակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս