Վիտալի Տրետյակով. Ցանկանում եք վերջնականապե՞ս կորցնել Լեռնային Ղարաբաղը՝ որոշեք ինքներդ. «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվականը» զրուցել է ՄՊՀ-ի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, հայտնի ռուս քաղաքագետ, լրագրող, Երևանում հիմնադրված «Գրիբոյեդով» ակումբի անդամ Վիտալի Տրետյակովի հետ
– Պարոն Տրետյակով, բոլորս հետևում ենք ուկրաինական զարգացումներին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայում և ըստ Ձեզ՝ այն կանդրադառնա՞ հետխորհրդային տարածքի, այդ թվում՝ այդ տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների վրա:
– Ուկրաինայում քաոս է տիրում: Այս իրավիճակում իշխանությունը վերցնում է կամ ամենաուժեղը՝ ռեսուրսներով և քաղաքական կամքով, կամ ամենալկտին: Իհարկե, անհրաժեշտ է նաև Վաշինգտոնից ուղղորդվածության նշանը: Բայց եթե դու շատ ուժեղ ես և շատ լկտի, ապա առանց դրա էլ կարող ես: Կա նաև երրորդ տարբերակը՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի կամ Չինաստանի ուղիղ ներդրված անձը: Չինաստանն այս խաղին չի մասնակցում: Ռուսաստանը, դատելով ամեն ինչից, ինքն իրեն հանել է խաղից: Մոսկվայից՝ ի դեմս նախագահի և վարչապետի, չեն հնչում հայտարարություններ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ: Հնարավոր է, որ հստակ հայտարարություն հնչի այսօր, իսկ հիմա միգուցե գաղտնի աշխատանք է ընթանում: Այս փուլում Ուկրաինայի իրադարձությունները տանում են կամ դեպի ժողովրդավարական դիկտատուրայի հաստատում, կամ անջատում:
Ներկայումս Ուկրաինան ամբողջությամբ կորցրել է ազգային անկախությունը, բայց բացառված չէ, որ Օլիմպիադան ավարտվել է և Պուտինը դեռ ասի այն, ինչ նրանից սպասում են Ռուսաստանում և Արևելյան ու Հարավային Ուկրաինայում շատերը: Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտները չեն վերանալու: Ուկրաինային մոտ ապագայում որևէ մեկը հաշվի չէր առնում այդ պրոյեկտներում: Բայց Մինսկն, Ալմա-Աթան ու Մոսկվան, անհերքելի է, քաղաքականապես այլևս չեն համընկնում: Ի դեպ, սա վերաբերում է նաև Մաքսային միությանը, որի ներսում շատ հակասություններ կան՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական:
– Պարոն Տրետյակով, Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կախված է նաև այդ միության կայացումից, որի հարցում գնահատականները բավականին հոռետեսական են: Դուք ևս նշեցիք, որ անհամաձայնությունները ՄՄ անդամ երկրների միջև շատ շատ են: Դուք հակառակ ընթացքի ի՞նչ հիմքեր եք տեսնում:
– Ես շատ եմ գրել, որ Ռուսաստանը, բացի իր այլ որակներից, պատմականորեն միություն ձևավորող երկիր է: Այս կամ այն ձևաչափով Ռուսաստանի շուրջ կվերածնվի նոր միություն, որին մենք ներկայումս հետևում ենք՝ չնայած բոլոր «ոչ»-երին: Բայց կտրուկ կերպով այս գործընթացն արագանալու է ԵՄ-ի քայքայումից հետո, որը տեղի կունենա մոտավորապես 2017-20 թթ:
– Հայաստանում բավականին դրամատիկ կերպով ընդունվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին միանալու որոշումը, և դրա արդյունքում սաստկացան հակառուսական տրամադրությունները: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում, Հայաստանի համար ՄՄ-ին միանալը կարծես լավագույն որոշումը չէ՝ ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ՄՄ երկրների հետ:
– Դա ավելի շատ ձեր գործն է, քան մեր: Ընդհանուր սահմաններ մենք չունենք: Ցանկանում եք կախվա՞ծ լինել Թուրքիայից կամ Իրանից: Ցանկանում եք վերջնականապե՞ս կորցնել Լեռնային Ղարաբաղը: Մտածում եք, որ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը կարո՞ղ է ԱՄՆ-ի կախվածությունը Թուրքիայից թուլացնել: Մտածում եք, որ ԱՄՆ-ը Հայաստանին կպահի այնպե՞ս ինչպես Վրաստանին՝ որպես Ռուսաստանին հակակշիռ: Բայց Հայաստանը չունի ելք դեպի ծով՝ ինչպես Վրաստանը, և նավթ՝ ինչպես Ադրբեջանը: Մի խոսքով՝ ընտրեք ինքներդ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: